Պետք չէր այդ հիմար և կեղծ խաղը սկսել

Պետք չէր այդ հիմար և կեղծ խաղը սկսել

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրել է․

«Պետք չէր այդ հիմար և կեղծ խաղը սկսել, հարգելի’ գործընկերներ, ուղղակի պետք չէր...

Անցած տարվա օգոստոսի 15-ի մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասն ներկայացրի, որ իմ ատենախոսությունն այդ համակարգում սակավաթիվ իրական հետազոտություններից է, իսկ տեսական հատվածի քննարկվող «խնդիրները» նախկին ՀԱՄԱԿԱՐԳի, այլ ոչ թե անձի խնդիրներ են, որոնք առնվազն տնտեսագիտության բնագավառում առկա են լինելու բոլոր դոկտորական ատենախոսություններում, որովհետև դրանք հետևանք են մի շարք պահանջների բացակայության, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման գործընթացի տարբեր մասնակիցների անբացատրելի քմահաճույքների: Եվ զուտ հովանավորյալների շահի սպասարկման նպատակով նախկին համակարգի նվազագույն խնդիրները չէր կարելի ապօրինաբար բարդել անձի վրա ու կասեցնել իրական հեղափոխական գործընթացը ՀՊՏՀ-ում: Անցյալի մասին շարունակվող ապօրինի ու անհասկանալի պնդումների փոխարեն ընդամենն այս պահից սկսած պետք է մշակենք համակարգը, որպեսզի ապագայում կարողանանք խուսափել այդ անիմաստ բանավեճից: Բայց, ախր, այդքան քննարկելուց հետո նույնիսկ դա չի արվել մինչև այժմ…
Ինչևէ, այդ երևույթի մասին հրապարակային խոսելս բավարար չէր ոմանց համար, և նրանք որոշեցին ապօրինի հանձնաժողով ստեղծել ու օրենքին անհայտ անհեթեթ ձևակերպումներով անհասկանալի եզրակացություն արարել, որպեսզի մի քանիսի շահի նպատակով պաշտոնիցս ազատումը ուղեկցվի «հիմնավոր» մեկնաբանությամբ:
Ահա թե ինչու ասածներս ապացուցելու նպատակով դատական հայց ներկայացրի ԿԳՄՍ նախարարության և ԲՈԿ-ի դեմ և այս պահին ցավում եմ, որ պարոն Գոգյանը այլևս չի ներկայացնելու պատասխանող կողմը դատարանում. արդար չէ:  Ինչպես նաև ցավում եմ, որ հովանավորչության և կատարվածի իրական պատճառների մասին նա հիշեց 10 ամիս անց՝ միայն ԲՈԿ-ը փակելու մասին որոշումից հետո: Նույն ոճով այժմ Սմբատի հետ վարվում են նրա ընդդիմախոսները. միայն պաշտոնը թողնելուց հետո հանկարծ հիշեցին ու սկսեցին պնդել, թե Գոգյանը բացառապես խոսել է և համակարգում էական ոչինչ չի փոխել: Եվ նույն հովանավորյալները, նրանց ստրկացած մի քանի անինքնասեր, կիսախելագար «լաչառները», անմեղ մարդկանց դեմ պատվերով քրեական գործ հորինելու դատարկախոս կամակատարները, որոնց մի մասին Գոգյանը ևս հավատում էր ժամանակին, խմբակային շահով պայմանավորված արդեն սկսել են իրենց տերերի և տիրուհիների նախկինում հանձնարարած զառանցանքի ճիշտ հակառակ մտքերն արտահայտել:
Ամեն դեպքում, որոշ պետական պաշտոնյաների հանցագործության (հովանավորչության) մասին Սմբատ Գոգյանի հաղորդումը ուշացած չէ:
Կուզեի հավատալ, որ «նոր» Հայաստանում կոռուպցիա չկա, բայց երբ ԿԳՄՍ փոխնախարարը հանձնաժողով է կազմում, որի անդամներն ատենախոսի ղեկավարն ու ենթական են (ում ատենախոսությունն ըստ ԲՈԿ-ի գրեթե ամբողջությամբ արտագրված է), իսկ ԿԳՄՍ նախարարն ԱԺ ամբիոնից անթաքույց ստելով կամ անտեղյակ լինելով ասում է, թե մեծ մասը նախորդ հանձնաժողովի անդամներն են, կոռուպցիայի բացակայության թեզը, ցավոք, հօդս է ցնդում:
Հաջողություն եմ մաղթում պարոն Գոգյանին և կարծում եմ, որ նա դեռ շատ օգուտ է տալու իր բնագավառում: Սակայն մենք՝ բոլորս, իրական արդյունք ստեղծելու և համակարգ փոխելու նպատակով պետք է աստիճանաբար սովորենք առաջնայինը երկրորդականից տարբերել»: