Նախագահի որոշումը բավականին վտանգավոր էր Նիկոլ Փաշինյանի համար. Վիգեն Հակոբյան

Նախագահի որոշումը բավականին վտանգավոր էր Նիկոլ Փաշինյանի համար. Վիգեն Հակոբյան

Հայստանում շարունակվում է ծայրահեղ աստիճանի հասած քաղաքական ճգնաժամը։

Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ետ էր վերադարձրել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու փաշինյանյանական առաջարկը։ Սրանով նախագահն առաջին անգամ ընդգծված հակառակ դիրքորոշում ցույց տվեց իմքայլականներին։

Դրանից մի քանի րոպե անց Փաշինյանը հայտարարել էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: 

Այնուհետև նախագահի աշխատակազմը ֆեյսբուքյան էջով հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը»: Իսկ սրան արդեն հաջորդել էր Փաշինյանի՝ վաղը հանրահավաք անելու հայտարարությունը։ 

Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

- Պարո՛ն Հակոբյան, երեկ նախագահը հետ վերադարձրեց Գլխավոր շտաբի պետին ազատելու առաջարկը։ Այնուհետև Փաշինյանը կրկին ուղարկեց միջնորդություն։ Որից հետո նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ բանակը «բոլորիս աջակցության կարիքն ունի»: Հիմա այս ամենը, որ համադրում ենք, քաղաքական ինչպիսի՞ իրավիճակ եք տեսնում, ի՞նչ սպասել։

- Ես կարծում եմ, որ երբ Արմեն Սարգսյանը նման հայտարարությամբ հանդես եկավ, ըստ էության, արձանագրեց, որ գործող [իմքայլական] իշխանությունը կառավարման հերթական ռեսուրսն է կորցրել։ Այսինքն՝ կարելի է ասել, որ փաստացի շատ քիչ կառավարման ռեսուրսներ են մնացել դե յուրե գործող իշխանության ձեռքում։ Նախագահի որոշումը բավականին վտանգավոր էր Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ մինչ այդ Արմեն Սարգսյանը բավականին հայտնի էր, մեղմ ասած, զգուշավոր դիրքորոշմամբ։ Եվ սովորաբար միշտ հակված էր լինում դեպի ուժի կենտրոն։ Այսինքն՝ գործող իշխանությունների համար, մասնավորապես՝ վարչապետի համար, պրոբլեմներ չէր ստեղծում։

Այս որոշումը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի, նրա ռեսուրսների համար, մասնավորապես՝ դեռևս դե յուրե իր ձեռքի տակ եղած ուժային ռեսուրսների համար, յուրահատուկ ազդանշան էր, որ ուժի կենտրոնը և՛ երկրում, և՛ էլիտայում, և՛ (կարող եմ ասել) իշխանության մեջ դե ֆակտո թեքվել է։ Եվ այս որոշումը կարող է ազդանշան լինել նաև կառավարման այլ ռեսուրսներին՝ և՛ ուժային, և՛ կառավարչական այլ ռեսուրսներին, որպեսզի նրանք էլ, ըստ էության, վերցնեն ընդդիմության կողմը։ Այդ իսկ պատճառով, սա վտանգավոր որոշում էր Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ ինքը շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր դեմ է աշխատում, դրա համար էլ ինքը, միանգամից (ինչպես ասում են թանաքը չէր չորացել) այդ որոշումը ստանալով, ասաց, որ հետ է ուղարկում, որովհետեւ այդ անորոշության ամեն օրն իր դեմ է աշխատում։ Ու կարող է հանգեցնել նրան, որ «վարչական ռեսուրս» կոչեցյալը բավականին արագ կերպով իր տակից դուրս գա, գնա։ Եթե դե ֆակտո իրավիճակը գնահատենք, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, էլ ավելի խորացրեց ճգնաժամը։ Բայց նաև սա ցույց է տալիս, որ Փաշինյանը, ձգելով ժամանակ, հույս ունի, որ կկարողանա (գոնե կփորձի) պայմանավորվել էլիտայի ամենակարևոր դեմքերի հետ։

- Ո՞ւմ նկատի ունեք՝ «էլիտա» ասելով։

- Տվյալ դեպքում նկատի ունեմ ընդդիմադիր կարկառուն ներկայացուցիչներին և բանակին։ Կարծում եմ, որ ինքը հույս ունի այնուամենայնիվ նստել բանակցությունների՝ փորձելով ինչ-որ գարանտիաներ ստանալ։ Ինքը պետք է փորձի ձեռք բերել պայմանավորվածություններ, իր հույսը, համանայնդեպս, դա է։ Նորից եմ ասում՝ ընդդիմադիր կարևոր դերակատարների հետ, ներառյալ՝ նախկին նախագահները։ Հիմա իրավիճակն այդպիսին է։ Ովքեր, որ այսօր ներքաղաքական ասպարեզում եղանակ են ստեղծում, պետք է նրանց հետ փորձի ընդհանուր հայտարարի գալ։ Իր առաջին [25.02.2021, Հանրապետության հրապարակում] հանրահավաքում ակնարկել էր կամ համարյա բաց տեքստով ասել էր, որ վերադառնում է արտահերթ ընտրությունների իր առաջարկին։ Իհարկե, այնտեղ հանրության վրա խաղաց՝ «Դուք եթե չեք ուզում, ես չեմ անի», «Բայց պետք են կոնսուլտացիաներ»։ Հասկանալի էր, դա «մանկապարտեզ» էր, ընդամենը շոու էր, ընդամենն իր ներքին լսարանի վրա խաղ էր։ Ուզում էր ցույց տալ, թե ինքը դեռ վերահսկում է իրավիճակը և կոշտ դիրքորոշում է ընդունել՝ «թավիշը վերջացավ» և այլն։ Իրականում ինքը կառավարման ռեսուրսների շատ մեծ պակաս է արդեն զգում, ներառյալ՝ ուժային կառույցների վերահսկման առումով։ 

Տրամաբանական կլինի, որ նախագահն այդ երեք օրվա ժամկետում (գուցե կօգտագործի, գուցե ոչ) ուղարկի Սահմանադրական դատարան։ Այդ պարագայում բացահայտ պայքար է գնալու փողոցում (որ ասում էի էլիտայում անդրկուլիսյան բանակցություններ են ընթանալու)։ Համենայնդեպս համոզված եմ, որ Փաշինյանը հիմա էլ փորձում է որոշակի կամուրջներ ստեղծել։ Այն օրը, երբ Գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ, Փաշինյանը զանգահարեց Պուտինին։ Դե հիշում եք, որ մանիպուլացրել էր խոսակցության բովանդակությունը, ինչ-որ տողեր էր ավելացրել [«Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», որն իրականում չէր ասել ռուսական կողմը]։ Մոսկվան ուղղակիորեն, Պեսկովի մակարդակով դա հերքեց։ Կարծում եմ, որ ինքը Մոսկվայի, Պուտինի միջոցով փորձում է միջնորդ գտնել այստեղ հետագա խաղի շուրջ պայմանավորվելու համար։

Որովհետեւ երբ որ ասում են, թե այս է անելու, այն է անելու, պարետային ժամ է մտցնելու, այդ ամեն ինչն ինքը հնարավոր է, որ ուզում է անել։ Հնարավոր է, որ իր ներքին լսարանի համար, այդ թվում՝ այն օրվա միտինգավորների համար, թե «թավիշ այլեւս չի լինելու», թե «թավիշը վերջացավ» (կոշտ, նենց խրոխտ ձայնով)։ Դա ներքին լսարանի համար է արվում։ Ինքը գիտի, որ, բանակը, բանակի տրամադրություններն իր վերահսկողության տակ չեն, բացասական չեզոքություն ունի իր նկատմամբ։ Ինքը շատ լավ հասկանում է, որ նման ուժային կառույցը նման դիրքորոշում ունի, իր ձեռքի տակ առկա ուժային ռեսուրսներն այլեւս բավարար չեն, որպեսզի ինչ-որ ուժային գործողություններ անեն, «թավիշից անցնեն երկաթին» և այլն։ Այն, ինչը որ հիմա հրապարակային ասվում է իր կողմից, մի բան է, իսկ ինչը փորձում է անել անդրկուլիսյան ասպարեզում՝ այդ թվում ներգրավելով արտաքին խաղացողներին, այլ բան է։

- Հնարավո՞ր է, որ վաղվա հանրահավաքն օգտագործվի կասկածելի ծագում ունեցող տարբեր խմբերի միջոցով ճնշում գործադրել նախագահի ինստիտուտի վրա կամ փորձել ներխուժել նախագահի աշխատավայր։ Այդպիսի բաներ կանխատեսո՞ւմ եք։

- Ես այդքան էլ չեմ կիսում այն կարծիքը, որ վաղն անպայման բախումներ են լինելու։ Մթնոլորտը կարող է բավականին լարված լինել, մանավանդ, որ մայրաքաղաքում երկու հակադիր հանրահավաքներ են, և երևի թե երթեր են անցնելու։ Նման բախումների հնարավորություն տեսականորեն կա։ Բայց ինչ վերաբերում է, որ կարող են ճնշում գործադրել նախագահի վրա՝ բառի բուն իմաստով, ֆիզիկապես, այնուամենայնիվ պետք չէ մոռանալ, որ Բաղրամյան փողոցն ընդդիմության վերահսկողության տակ է, եթե այդ տարբերակն ենք դիտարկում։ Բայց որ իրենք փորձեն ճնշում գործադրել, արդեն այդ ճնշումը կա։

Այսինքն՝ նշում են, որ հիմքեր ունեն նախագահի պաշտոնանկության հարց բարձրացնել, այսօր հայտարարել են։ Օրինակ՝ Վահագը Հովակիմյան հայտարարել էր, որ առերևույթ հիմքեր կան։ Սա, կարծում եմ, զուտ քաղաքական ճնշում է նախագահի վրա, որ «ա՛յ մեզ մոտ էսպիսի լծակներ կան, ըստ Սահմանադրության, ըստ օրենքի՝ մենք կարող ենք քեզ պաշտոնանկ անել», «ա՛յ, եթե մեր ուզածը չանես, մենք կգտնենք ձևը, էդքան ձեն էլ ունենք Ազգային ժողովում, որպեսզի քո հարցը լուծենք»։

Բայց այստեղ էլ պրոբլեմ ունի իշխանությունը։ Քանի որ եթե վստահ լիներ, որ իր ֆորմալ առումով բոլոր ձայները վերահսկում է, կգային և Ազգային ժողովի նիստ կանեին։ Քանի որ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո ներքաղաքական դաշտում ուժային կենտրոնների որոշակի տրանսֆորմացիա է եղել, վստահ չեն։ Այս պահի դրությամբ իշխանությունները վստահ չեն, որ իրենց մոտ առկա տատանվող ձայները, իրենք այս իրավիճակում, այս մթնոլորտում, առավելևս հանրային, դրսի ճնշման պարագայում կարող են Ազգային ժողովում վերահսկել։ Կարծում եմ, որ իրենց ունեցած 80 և ավելի ձայների մի մասին ամբողջովին չեն վերահսկում։ Եվ եթե հիշում եք, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մի քանի անգամ խոստովանել են, որ իրենք շատ լրջորեն, և առանց հաջողության, ինչպես հասկանում եմ, աշխատում են արդեն որոշ ժամանակ «Իմ քայլի» որոշ պատգամավորների հետ, որպեսզի նրանք իրենց քաղաքական օրակարգով հանդես գան։