«Հրապարակ». Ով է հիշում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին

«Հրապարակ». Ով է հիշում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին

Անցած սեպտեմբերից Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունն ադրբեջանական գերության մեջ է՝ Արցախի նախկին երեք նախագահները` Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Նրանք պատանդ տարվեցին Արցախի հայաթափման օրերին, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, նրանց Բաքվի դատարանը 6-ամսյա կալանք է տվել: Ադրբեջանը փորձում է նրանցից ռազմական ահաբեկիչների կերպար սարքել եւ աշխարհին խաբել իրավական ձեւական գործընթացներով։

Հայաստանում, կարելի է ասել, հաշտվել են այս իրավիճակի հետ, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղղակի հրաժարվեց պատասխանել գերիների հետ կապված հարցին, որը հնչեցրեց «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը. Ալեն Սիմոնյանն առաջարկեց այդ հարցը գրավոր ուղղել կառավարությանը: Գերիների թեմայով լռում են անգամ ընդդիմության ներկայացուցիչները, գերիների հարազատները, արցախցիները: Այս ազգային խայտառակության ու ամոթալի իրողության վրա հասարակությունն աչք է փակում: Անգամ նախկին նախագահները, որոնցից շատերն ընկերական հարաբերություններ ունեին Արցախի գործիչների հետ, ոչինչ չեն ձեռնարկում: Եվ բնական է՝ ՀՀ իշխանությունն էլ այս մարդկանց վերադարձի հարցով մատը մատին չի խփում, որովհետեւ նրանցից վտանգ են տեսնում, իսկ Ալիեւից ուղղակի վախենում են: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով պատանդներից մեկի` Դավիթ Մանուկյանի հարազատ եղբայրն է, պարզվեց` նույնպես չի ցանկանում գնահատականներ հնչեցնել ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, ասում է՝ իր կարծիքը սուբյեկտիվ կլինի: Բայց երբ նկատում ենք, որ բոլորը, անգամ հարազատներն են պասիվ այս հարցում, վրդովվում է․ «Բայց ո՞նց եք կարծում` ես ակտիվ չեմ իմ եղբոր վերադարձի հարցով»։ Չգիտենք` այս պարագայում ակտիվություն ասելով ինչ նկատի ունի պատգամավորը: 
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ երկար տարիներ զբաղեցրել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնը, փաստում է՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն պատշաճ գործողություններ չեն ծավալում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի համար, այլեւ հնարավոր ջանքեր են գործադրում թեման քողարկելու, մոռացության մատնելու համար։ «Պատճառները տարբեր են, առաջինը․ այդ մարդկանց՝ Բաքվի բանտերում գտնվելը նաեւ լուրջ ճանապարհ է Արցախի հարցի փակման հետ կապված, որովհետեւ նրանք մարդիկ են, որոնց գործունեությունը մշտապես կապված է եղել Արցախի, Արցախի անկախության, պետականության ամրապնդման հետ, հետեւաբար՝ այդ թեմայի, այսպես ասած, «ձայնի իջեցումն» ամբողջովին տեղավորվում է այս իշխանության վարած քաղաքականության մեջ»,- ասում է Աբրահամյանը։ Խոսելով ընդդիմության անելիքների մասին՝ պատգամավորը ցավով է արձանագրում, որ ընդդիմության ունեցած գործիքակազմը բավարար չէ եւ անհամեմատելի զիջում է պետական ինստիտուտների ունեցած հնարավորություններին․ «Մենք մի քանի անգամ հնարավորություն ունեցել ենք տարբեր միջազգային կազմակերպությունների, կառույցներ ներկայացնող պատգամավորների մոտ հարցը բարձրացնելու, նաեւ՝ ԵԽԽՎ գագաթնաժողովի ժամանակ ՀՀԿ-ն բողոքի ակցիա էր կազմակերպել Բաքվի եւ երեւանյան բանտերում գտնվող անձանց իրավունքների եւ ազատության հետ կապված, բայց, կրկնում եմ, ընդդիմության հնարավորություններն անգամներով զիջում են, եւ կան գործընթացներ, որոնք բոլորովին այլ ընթացք են ունենում, երբ պետությունն է ներգրավված, քան անհատները»։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը կարող էր գոնե ներքին լսարանի առջեւ հարցը տաք պահել եւ դրանով մղել իշխանություններին գործողությունների, պատգամավորն արձագանքում է․ «Արցախը, ՀՀ տարածքները հանձնած իշխանության պարագայում դժվար է այնպիսի մոտեցումներ առաջադրել, որի պայմաններում բարոյականության գործոն կաշխատի, առավել եւս՝ դա կբերի նաեւ քաղաքական պրոցեսների»։

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ փոքրաթիվ մարդիկ են այս մասին խոսում, եւ նրանց ձայնը լսելի չէ ո՛չ աշխարհին, ո՛չ էլ նույնիսկ ներքին լսարանին․ «Ես մի քանի անգամ այս հարցը հնչեցրել եմ Արցախի կառավարությունում, ցավոք, պատասխան չեմ ստացել, բոլորը ցույց են տալիս, իբրեւ թե քայլեր անում են, ուղղակի դրանք խիստ գաղտնի են, բայց իրականում ես չեմ տեսնում որեւէ բան, որ արվում է»: Հակոբյանն ընդգծում է, որ բոլորը պետք է իրենց հնարավորություններն օգտագործեին դիվանագիտական հարթակներում, իրենց կապերով աղմուկ բարձրացնեին, բայց չեն անում․ «Ցավոք, Արցախի ընդդիմության գործիքակազմը փոքր է՝ ո՛չ մեր արածը, ո՛չ մեր պահանջը չի նկատվում»։ Պատգամավորը ենթադրում է, որ շատերը ՀՀ իշխանությունների ճնշումներից են վախենում, որոնք փաստացի արգելում են նաեւ «Արցախ» բառն անգամ գործածել․ «Ես վերջերս մի լուսանկար էի հրապարակել՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ, դուք չեք պատկերացնի, թե ինչ գրոհ էր սկսվել իմ էջում, առաջ էին փորձում տանել այն կեղծ թեզերը, որոնք շրջանառում է Փաշինյանի թիմը, թե թալանել են, թուլացրել են․․․ չեմ պատկերացնում, որ այս պարագայում իշխանությունները թույլ կտան որեւէ մեկը որեւէ բան անի»։