Դա չի հասցնի գրկախառնության

Դա չի հասցնի գրկախառնության

Երկար ժամանակ է, ինչ նույն առվով չեն հոսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ջրերը: Չնայած նրանց միջեւ հակադրությունն ունի հին պատմություն, բայց այն սրվել է ս. թ. մայիսի 20-ից հետո, երբ պաշտոնապես ավարտվել են նախագահի լիազորությունները: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Զելենսկին հրաժարվել է վայր դնել նախագահական լիազորությունները: Նրա կարծիքով՝ պատճառն այն է, որ պատերազմի եւ երկրից բնակչության հեռանալու պատճառով հնարավոր չէ իրականացնել լիարժեք նախագահական ընտրություններ: Չնայած նման հիմնավորմանը՝ պաշտոնից չհրաժարվելու Զելենսկու որոշումը նրան դարձրել է ոչ լեգիտիմ, քանի որ այդ երկրի Սահմանադրությամբ նախագահական լիազորությունները սահմանափակված են 5 տարով: Ինչն էլ, բնականաբար, պետք է փորձի օգտագործել նախագահի ամենահավանական թեկնածուն՝ Վիտալի Կլիչկոն:

Անձամբ Զելենսկու արեւմտյան հովանավորներին վերջինիս լեգիտիմության կորուստը բացարձակ չի մտահոգում, եւ նա շարունակում է նախագահել, ինչպես մինչեւ մայիսի 20-ը: Սակայն դա, ինչպես ասվեց, մտահոգում է հենց Զելենսկուն, ով իր մեջքի հետեւում անընդհատ զգում է նախկին աշխարհահռչակ բռնցքամարտիկ, Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի շնչառությունը, ում Զելենսկին փորձեց չեզոքացնել պատերազմի սկզբին՝ դիմելով նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի բանաձեւին: Այն է՝ օգտագործելով պատերազմական իրադրությունն ու ռազմական դրության մասին օրենքը՝ անմիջականորեն ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ղեկավարների փոխարեն ստեղծել մարզային նշանակովի ռազմական վարչակարգեր: Բազմաթիվ մարզային կենտրոններում այդ բանաձեւն աշխատեց, բայց ոչ երկրի մայրաքաղաքում: Այդ հարցին չօգնեցին նաեւ ռուսական ռմբակոծումներից ու հրթիռային հարձակումներից պաշտպանվելու նպատակով մայրաքաղաքային պատսպարանների ոչ պատրաստի լինելու վերաբերյալ տեղեկատվության շրջանառումը սոցցանցերով ու լրատվամիջոցներով: Քանի որ քաղաքապետին հաջողվեց ապացուցել, որ դրանց պատրաստումն ու կահավորումը հենց Կիեւի ռազմական վարչակարգի պարտականությունն էր:

Ինչեւէ, ռուսախոս ուկրաինական տելեգրամյան ալիքներից մեկի («Լեգիտիմնի») տեղեկատվության համաձայն, արդեն սկսվել է Անդրիյ Երմակի ղեկավարած գրասենյակի կողմից ուղղորդվող լրատվական կայքերի քարոզչական հարձակումն ընդդեմ Կլիչկոյի, որին, ըստ նույն աղբյուրի, հետեւելու են պաշտոնական անփութության եւ կոռուպցիայի մեջ մեղադրանքները վերջինիս շրջապատի նկատմամբ: Իսկ այնուհետեւ հենց նույն քրեական հոդվածներով գործեր կհարուցեն ընդդեմ Կիեւի քաղաքապետի: Չնայած, ինչպես վերոնշյալ ալիքն է նշում, նախագահի գրասենյակի կողմից որպես ռազմական վարչակարգերի ղեկավարներ ներկայացված անձինք պակաս կոռումպացված ու թալանչիներ չեն: Ընդամենը, եզրափակում է ալիքը, կավարտվի իշխանության ամբողջական վերածումը դիկտատուրայի: Չմոռանանք, որ Ուկրաինան արեւմտյան պետություններից ռազմական, ֆինանսական ու մարդասիրական օգնություն է ստանում՝ որպես արեւմտյան ժողովրդավարության արեւելյան պատվար:

Կարծում եմ, որ այս ամենը քիչ կամ բացարձակ հետաքրքիր չէ հայությանը: Համենայնդեպս, այդպես է հուշում ուկրաինական թեմային նվիրված իմ մի քանի հոդվածների առումով արձագանքը: Բայց «Հրապարակ»-ի ընթերցողներին կարող եմ ուրախ լուր հաղորդել. վերը նկարագրվածը, այնուամենայնիվ, առնչվում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Բանն այն է, որ մայիսի սկզբին Ուկրաինա այցելած՝ Երեւանի Նոր Նորքի վարչակազմի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երեւան այցելելու հրավեր էր փոխանցել Վիտալի Կլիչկոյին: Թե որքանով դա կնպաստի ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձի եւ իրավական լեգիտիմությունը կորցրած ուկրաինական նախագահ Զելենսկու փոխհարաբերություններին՝ երեւի միայն Աստծուն է հայտնի: Համենայնդեպս, հաստատ չի հասցնի փոխադարձ գրկախառնության: Ինչը որ պետք է տեղի ունենար երկու կեղծ ժողովրդավարությունների ղեկավարների հանդիպման դեպքում: