Ադրբեջանցի «էկոակտիվիստներին» ճանաչել են Կարմիր մահիկի հումանիտար բեռը բերողների մեջ 

Ադրբեջանցի «էկոակտիվիստներին» ճանաչել են Կարմիր մահիկի հումանիտար բեռը բերողների մեջ 

«Հրապարակը» զրուցել է այս պահին Ակնա- Ստեփանակերտ ճանապարհին հերթապահություն իրականացնող արցախցի քաղաքագետ Հովիկ Ավանեսովի հետ։

Հիշեցնենք, որ արցախցիների մի մեծ խումբ մի քանի օր է`փակել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, երկու մեծ ու մի քանի ավելի փոքր վրաններ են տեղադրել ու թույլ չեն տալիս ադրբեջանցիների «հումանիտար» բեռներով լցված բեռնատարերի առաջխաղացումը։ Ադրբեջանցիները զարտուղի ճանապարհներ են մտածում` ամեն գնով բեռները Ստեփանակերտ մտցնելու համար: Օրինակ, փորձում են խաղաղապահների մեքենաներով ուղարկել, սակայն չի հաջողվում: Ի դեպ, բեռը 40 տոննա ալյուր է, իբրեւ թե հացի պակասը լրացնելու համար ուղարկվող: Սակայն արցախցիները սրա մեջ լուրջ իմաստ են դնում` մեկ անգամ նման բեռ ընդունելը կնշանակի եւս մեկ քայլ Ադրբեջանի հետ ինտեգրվելու ճանապարհին, ինչին իրենք կտրուկ դեմ են` անգամ սովի եւ այլ զրկանքների գնով: Մենք մի քանի հարց ուղղեցինք արցախցի ակտիվիստին:

-Տեղեկություններ են տարածվել, որ Ակնայի ուղղությամբ ադրբեջանակն կողմում կուտակումներ կան։ Համապատասխանո՞ւմ են իրականությանը այդ լուրերը։ 

-Չակերտավոր հումանիտար օգնությունը, որ «Կարմիր մահիկը» բերել, հասցրել են այնտեղ, հիմա Ադրբեջանի նախագահականի աշխատակազմից մի շարք դիվանագետներ, միջազգային լրատվամիջոցների աշխատակիցներ ու որոշ կազմակերպություններ էլ կան` իբր հումանիտար հարցերով զբաղվող, բայց այդ մարդկանց մի մասը նույն մարդիկ են, ովքեր դեկտեմբերի 12-ից ապօրինի Բերձորի ճանապարհը փակել են, այսպես կոչված` էկոակտիվիստները։

-Այսինքն, դուք կարողացել եք որոշ «էկոակտիվիստների» նույնականացնե՞լ։

-Այո, նույնականացրել ենք։ Երբ որ հայտարարեցին չակերտավոր հումանիտար օգնությունը տեղ հասցնելու մասին, բացի այն շարասյունը շարժվելու տեսանյութից, նաև մի քանի կադրեր են հրապարակել, որ իրենց կամավոր կոչեցյալները, «Կարմիր մահիկի» հագուստով բեռնում էին այդ բեռնատարները։ Ու քանի որ մենք գործընկերներով բավականին հետևում էինք դեկտեմբերի 12-ից ճանապարհը փակած ու էկոակտիվիստ ներկայացողներին, ովքեր ակտիվություն էին ցուցաբերում, մեկնաբանություններ էին տալիս, ոմանք փորձագետներ էին ներկայանում, որպես էկոփորձագետ էին ներկայանում, մենք իրենց այդ տվյալները պահել էինք։ Հիմա նույնն էլ այստեղ՝ պարզվում է, որ այդ կամավորների, կազմակերպությունների աշխատակիցների մեջ այդ նույն մարդիկ են։ Ես չեմ ասում բոլորը, բայց նրանց մեջ այդ էկոակտիվիստ կոչեցյալներից են։

-Ասկերանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունը, որ հորդորում են ասկերանցիներին հավաքվել քաղաքի Տանկի հուշարձանի մոտ, շատերի մոտ անհանգստության առիթ էր դարձել։ Ո՞րն էր այդ կոչի նպատակը։

-Ադրբեջանցիները, գալով այստեղ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, նպատակն էր դեպի մեզ շարժվելը։ Հասկանալի է, որ այնտեղ ռուս խաղաղապահների անցակետին հասնեն, պետք է բանակցեն, բայց ապահովության համար, որ մարդիկ հասկանան, որ մենք կանգնած ենք ու մեր որոշումը միահամուռ է ու դեմ ենք այդ ճանապարհի բացմանը՝ դրա համար այս հայտարարությունն է արվել` մոբիլիզացվելու համար, որ էկոակտիվիստ կոչեցյալները, որ հիմա հումանիտար օգնություն բերող են խաղում մեր գլխներին ու իրենց ուղեկցող միջազգային լրագրողներն էլ հասկանան, որ այստեղ մարդիկ դեմ են այդ չակերտավոր հումանիտար օգնությանը և հասկանան, որ թշնամուց մեզ ոչ մի բան էլ պետք չի։

-Ռուս խաղաղապահների գործելաոճն ինչպե՞ս եք գնահատում։

-Այս պահի դրությամբ, համեյնադեպս չի թույլատրվել, որ շարասյունը շարժվի, նույն տեղում կանգնած են։

-Հիմա դա վրաններում հերթապահություն իրականացնող արցախցիների պայքարի արդյու՞նքն է, թե՞ ռուս խաղաղապահների թույլ չտալու։

-Տեսեք, ամբողջ բովանդակությունն այն է, որ մենք՝ արցախցիներս ցույց ենք տվել, որ այդ հումանիտար օգնությունը մենք չենք ընդունում՝ անկախ ով է բերել ու ինչ է անելու։ Մենք ոչ մի դեմ բան չունենք ռուսական խաղաղապահ կոնտիգենտի նկատմամբ ընդհանրապես, ուղղակի մենք իրենց հասկացնում ենք, որ մեզ ոչ մի հումանիտար օգնություն թուրքից պետք չի։

-Արայիկ Հարությունյանի ու պետնախարարի հրաժարականի լուրը ինչպե՞ս է ընկալվել մարդկանց կողմից՝ հատկապես Ակնայի ճանապարհին հերթապահություն իրականացնողների կողմից։

-Ընդամենը լսել ենք, որ նման բան կա, բայց մինչև պաշտոնական տեքստ չհրապարակվի, չի դառնում, որ մարդը հրաժարական է տվել։