Արտակ Զեյնալյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ԱԱԾ-ի խուզարկության և տարածած տեսանյութի մասին

Արտակ Զեյնալյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ԱԱԾ-ի խուզարկության և տարածած տեսանյութի մասին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ծառայողական քննություն է սկսել «Արմավիր» ՔԿՀ-ում ԱԱԾ-ի կողմից կատարված բացահայտումների և տարածած տեսանյութի առնչությամբ։
Այս մասին նա հայտարարեց այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Ի դեպ, նա հաստատեց, որ ԱԱԾ-ն հենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է այդ գործողություններն իրականացրել։

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ՔԿՀ-ներից մեկում բացահայտել խարդախության դեպք, ինչպես են անակնկալ խուզարկության արդյունքում խցերում ներկառուցված թաքստոցներում հայտնաբերել վերը նշված հանցագործությունը կատարելու համար օգտագործված իրերը՝ հեռախոս, պլանշետ, wi-fi սարքեր և այլն, նաև հայտնաբերել են, որ որոշ խցերի կերակրադռներ բաց են եղել, առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «Նայողի» խուցն առհասարակ բաց է եղել։

Այս ամենին Արտակ Զեյնալյանը տվեց այսպիսի բացատրություն․ «Եթե օդափոխության համակարգ չկա ՔԿՀ-ում, և ջերմաստիճանը բարձր է ներսում, ապա էդ օդափոխանակությունն ապահովելու նպատակով՝ առանց տարբերակման, առանց խտրականության և առանց կոռուպցիոն որևէ դրսևորման, խցերի կերակրապատուհանները, դռները բաց են լինում։ Եթե խցում չկա դատապարտյալ, դրա բաց կամ փակ լինելը որևէ նշանակություն չունի»։

Hraparak.am-ի հարցին, թե ՔԿՀ-ներում խցեր կա՞ն, որոնք դատարկ են, Զեյնալյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ բանտերն այլևս գերծանրաբեռնված չեն։ Ինչ վերաբերում է տեսանյութի այն կադրերին, թե ինչպես են դատապարտյալները միմյանց ինչ-որ իրեր փոխանցում խցից խուց, Զեյնալյանն ասաց, որ դատապարտյալները միմյանց որևէ բան փոխանցելու արգելք չունեն, նամակագրության և այլնի իրավունք ունեն։

«Մենք ՔԿՀ ծառայողներին արգելել ենք միջնորդ հանդիսանալ այդ փոխանցումների միջև։ Միևնույն ժամանակ այդ ճաղավանդակները մեծացվել են, միջազգային չափանիշներին են համապատասխանեցվել։ Մեզ մոտ ճաղավանդակները փոքր էին, և դա հանգեցնում էր իրավունքների խախտման։ Միևնույն ժամանակ մենք չունենք զրահապատ պատուհաններ, քանի որ չկա  կենտրոնացված օդափոխության համակարգ։ Եվ դատապարտյալները դա օգտագործում են՝ միմյանց փոխանցելու ինչ-որ բաներ։ Պետք է մտածել ինչպես կանոնակարգել դրանք։ Թո՞ւյլ տալ աշխատակիցներն էդ փոխանակումներն անեն, թե՞ մենք ներդրումներ կատարենք, զրահապատ պատուհաններ դնենք և կենտրոնացված օդափոխության համակարգ իրականացնենք, որը կարժենա 800 մլն դրամ։ Այն, ինչ որ ցուցադրվել է, դրանք ընդհանրապես կադրեր էին, և թե ինչ է բացահայտվել քրեակատարողական հիմնարկից, ծառայողական քննության արդյունքում մենք կներկայացնենք, թե ինչ է բացահայտվել։ Նախ պետք է ճշտել՝ օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվությո՞ւն եղել է, թե՞ չի եղել»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ծառայողական քննություն նշանակվել է հրապարակված նյութի վերաբերյալ։

Hraparak.am-ի հարցին, թե որևէ ուղղորդում կամ միտում տեսնո՞ւմ է ԱԱԾ-ի այս գործողությունների մեջ, կարո՞ղ է վարչապետն է հրահանգել ԱԱԾ-ին՝ մտնել ՔԿՀ, հաշվի առնելով, որ նախորդ նիստին վարչապետն անդրադարձել էր այս թեմային, Զեյնալյանն ասաց․ «Ոչ, չեմ տեսնում»։