«Կինոհայրենիքի» սեփականատերը Հայաստանում տուֆ չի գտնում

«Կինոհայրենիքի» սեփականատերը Հայաստանում տուֆ չի գտնում

Արշակունյաց պողոտայում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնը փետրվարի 25-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից հետո անմխիթար վիճակում է հայտնվել։ Գլխավոր մուտքը կողպված է, պարաններով արգելափակված, մուտքի մոտ՝ նախազգուշական ցուցանակ․ «Վտանգավոր է։ Շրջանցել»։ Ինչքան է վթարային իրավիճակը շարունակվելու՝ հայտնի չէ։ Քաղաքապետարանը չի ուզում մտածել այս մասին, շենքի վերականգնման հոգսն ամբողջովին դրա սեփականատեր, Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի՝ Կադիլակ Սերոժի ուսերին է։ Վերջինս էլ Ռուսաստանում է։ Եվ սովետական շրջանի այս գեղեցիկ կառույցը փլուզման եզրին է հայտնվել:

Հիշեցնենք․ փետրվարի 25-ի գիշերը ավերիչ, գրեթե անհավանական ավտովթար տեղի ունեցավ այս հատվածում։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց, դուրս էր եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել գետնանցման պատերին, ապա՝ կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետեւանքով 27 տարեկան վարորդին մի կերպ էին հանել մեքենայից։ Նա մահացել էր հիվանդանոցում, իսկ գետնանցման պատերն ու շենքի սյունը փլվել էին։ Մի քանի ամիս երեւանցիներն այս տարածքով անցնելիս մեր ժամանակները խորհրդանշող պատկեր էին տեսնում՝ «Հայրենիքն» ավերված, փլված սյունով, անտերության մատնված։

Կինոթատրոնի ետնամասից մտանք ներս, որտեղ նույնպես լքված տեսարան է՝ նկուղ տանող աստիճաններին ահռելի պոկված քարեր, գետնին բերանքսիվայր կահույք, ամայություն ու դափ-դատարկ ֆոյե՝ հին խորհրդային ջահերով ու աթոռներով։ «Հայրենիք» կինոթատրոնը վերջին տարիներին երբեք էլ խնամված չի եղել, բայց գոնե ինչ-որ գործարար ակտիվություն էր նկատվում, ընկերությունների գրասենյակներ կային, տարածքը մաքրում էին։ Այժմ զրնգուն դատարկություն է։ Մի ցուրտ սենյակում գտանք փաստաբան Սեդրակ Մկրտչյանին եւ հետաքրքրվեցինք, թե ինչ ծրագրեր կան, երբ է տեսքի բերվելու շենքը։

«Ես Սարգիս Հովհաննիսյանի փաստաբանը չեմ, ուղղակի փաստաբան եմ, իրավաբանական հարցերով օգնում եմ իրեն, քանի որ ժամանակավոր այստեղ եմ, այս շենքում»,- պատասխանեց Մկրտչյանը։ Նաեւ տեղեկացրեց, որ Սարգիս Հովհաննիսյանն ապրիլին եկել է, որոշ աշխատանքներ է նախաձեռնել շենքը կարգի բերելու ուղղությամբ, տարածքը մաքրել է փլատակներից, հեռացրել մեր փուլ եկած երկիրը խորհրդանշող սյունը, դռներն ու լուսամուտներն է վերականգնել։ Բայց գործը մնացել է կիսատ։

Վթարված Mercedes-ը չի ունեցել ԱՊՊԱ, եւ Սարգիս Հովհաննիսյանը ստիպված է եղել փոխհատուցում ստանալու համար դիմել Ավտոապահովագրողների բյուրո։ Մինչ օրս բյուրոն չի տրամադրել եզրակացություն, եւ շենքի սեփականատերը կրած վնասների համար փոխհատուցում դեռ չի ստացել։ «Այդ բյուրոն ունի ֆոնդ, որը գոյանում է ավտոապահովագրական ընկերություններից տված գումարներից։ Այն դեպքերում, երբ որ տեղի է ունեցել վթար, եւ ավտոմեքենաներն ապահովագրված չեն եղել, այդ ֆոնդը նվազագույն չափով փոխհատուցումներ է կատարում, իսկ հետո արդեն Ավտոապահովագրողների բյուրոն ռեգրես հայցապահանջի իրավունք է ձեռք բերում տվյալ վնասը հասցնողի դեմ»,- բացատրեց  Սեդրակ Մկրտչյանը։

«Հայրենիք» կինոթատրոնի շենքը եւ շրջակա ավերածությունները վերականգնելու համար, նախնական հաշվարկով, մոտ 20 հազար դոլար է պետք։ Շենքի սեփականատերն արդեն մոտ 5 հազար դոլարի ծախս է կատարել։ Երեւանի քաղաքապետարանը ոչնչով չի օգնել սեփականատիրոջը, որը, փաստորեն, տուժած կողմն է։ Դեռ մի բան էլ խանգարում է` թույլ չի տալիս Սարգիս Հովհաննիսյանին վերականգնել ավտովթարի արդյունքում փլված սյունը։
«Հովհաննիսյանը ներդրող էլ է գտել, որ օգնի կառուցել փլված մասերը։ Հնարավոր տարբերակը մոնոլիտ բետոնով սարքելն ու դրսից սալիկապատելն է, բայց քաղաքապետարանից օֆիցիալ գրություն ենք ստացել, որ շենքի նախկին տեսքը պետք է վերականգնվի՝ օգտագործելով միայն այդ նույն գույնի տուֆ քար։ Այսինքն՝ սալիկապատումը պետք է նույն երանգի տուֆով արվի։ Ուրիշ գույնի տուֆ չպետք է լինի։ Բայց այդ նույն գույնի քար այսօր Հայաստանում չկա»,- պարզաբանեց փաստաբանը։  

Ենթադրենք՝ սեփականատերը չունի փող, չի գտնում տուֆ ու չի կարողանում վերականգնել շենքը, ի՞նչ է լինելու հետո, այսպես մնալո՞ւ է։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից մեզ պատասխանեցին, որ պահանջվող երանգի քարը շուկայում վաճառվում է։ «Հոկտեմբերյանի կարմիր տուֆն է, որը շուկայում շատ կա, ամենեւին էլ դեֆիցիտ չէ։ Այն հանգիստ կարելի է հայթայթել, վաճառվում է Երեւանի տարբեր հատվածներում»։

Նախկին պաշտոնյաներից մի ճարտարապետ, որն աշխատել է նիկոլական թիմում, մեզ հետ զրույցում ասաց, որ իրականում երկուստեք ջանքերի պակաս է տեսնում «Հայրենիք» կինոթատրոնի փրկության հարցում։ «Նախ, քաղաքապետարանը պետք է ստիպի սեփականատիրոջը՝ ամրացնել շենքը, որ այն գոնե չփլվի, ապահովվի շենքի եւ անցորդների անվտանգությունը, հետո նոր՝ մյուս հարցերը»,- ասաց մեր զրուցակիցը, ապա վստահեցրեց, որ քաղաքապետարանն իրավունք չունի նման պահանջ դնելու։ «Դա կարող է անել միայն մշակույթի նախարարությունը, այն էլ այն դեպքում, եթե շենքը հուշարձան է։ Իսկ քաղաքապետարանն իրավունք չունի ստիպել որեւէ սեփականատիրոջ՝ ինչ-որ քարի գույնով երեսպատում իրականացնել։ Քաղաքապետարանը նման լիազորություն չունի։ Չկա նման իրավական ակտ։ Բայց տրամաբանական է պահանջել, որ այդ գույնի լինի»։ Ճարտարապետը նույնպես ասաց, որ պահանջվող տուֆից վաճառվում է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Արմավիրում, հատկապես, որ «մեծ քանակի մասին չէ խոսքը, այլ ընդամենը մեկ սյունի»։ Ճարտարապետի անունը չենք հրապարակում, քանի որ նա ծիծաղելի է համարում մի սյան մասին խոսելը, երբ թուրքը մտնում է Հայաստան։

ՀԳ․ «Հայրենիք» կինոթատրոնը մշակութային հուշարձանների ցանկում չկա, սակայն հարազատ է երեւանցիներին։ Տարածքը ոչնչով վատը չէ մետրոյի «Բարեկամություն»  կայարանի հանգույցից։ Այստեղ ե՛ւ գետնանցում կա, ե՛ւ աշխույժ երթեւեկություն, ե՛ւ շարժ։ Երեւանցիները կուզեին այստեղ կինոթատրոն տեսնել` օրինակ։ Իսկ կողքի շենքում կարելի էր մի նոր «Հայրենիք» «ունիվերմագ» բացել կամ, ասենք, ժողապրանքների ցուցահանդես։ Այդ ամենի համար սեր է պետք Երեւանի հանդեպ։ Արդյունքում քաղաքի ճակատագիրը շենքերի  սեփականատերերի քմահաճույքից է կախված։ Կուզեն՝ կկողպեն, կգնան արտասահման, կուզեն՝ կգրավադրեն բանկերում, կուզեն՝ կձգձգեն վերանորոգումը։ Իսկ Երեւանի քաղաքապետերն այդպես էլ չսիրեցին այս քաղաքը։