Ադանայի ողբը

Ադանայի ողբը

1909 թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային ջարդի:

Հայ ժողովրդի պատմության այս անասելի ողբերգական էջը «մոռացեց» 1915 թվականի ցեղասպանությամբ: Այդպես է միշտ. «փոքր» ցավը բթացվում է ավելի մեծ ցավով: Օսմանյան Թուրքիայում որքան են եղել հայերին պատճառված «փոքր» ցավերը: Իսկ որքա՞ն փոքր ու մեծ ցավեր են պատել մեզ վերջին երեք տաս­նամ­յակում, ինքնիշխան Հայաստանի հանրապետոթւյունում:

Իսկ ինչու՞ հիշեցի Ադանայի ողբերգությունը: Եթե չհիշենք, նման ցավերը չենք կարող կանխարգելել դրանք: Բայց, հիշելու առիթը Ստամբուլում, Սփյուռքում հայտնի երգչուհի Սիբիլի գտնվելն է Հայաստանում: «Ադանայի ողբի» նրա ան­զուգական կատարումը ոչ թե ստիպում է ողբալ, այլ ստիպում է գոտեպնդվել, հուսալ ու պայքարել հայի ինքնության համար: Նույնպիսի զգացումներ են առաջանում նրա վերջին ստեղծագործության՝ «Ավրորայի աղոթքն» ուկնդրելիս: Դե, իսկ «Տեսնեմ Անին» - ի մասին ասել ենք. «…նրա ուզածն Անին տեսնելը չէ, քանզի նրա թախծոտ աչքերն այլ բան են ասում. նրա ցանկությունն է տեսնել հային երջանիկ ու ապա­հով… իր պատմական հայրենիքում արժանապատիվ պե­տութ­յուն կերտող»:

Երիտասարդ սերունդը պետք է ուկնդրի նրա կենդանի ձայնը, հաղորդակցվի օտարության մեջ հայի ոգին բարձր ու պատվով պահող այս սքանչելի հայուհուն: Պետք է լսի, որպեսզի համոզվի իր ինքնության մեջ ու վճռականորեն ասի. «Այլևս ոչ այսպիսի տողերին». 

Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձավ, շքեղ Ադանան,
Կրակն ու սուրը և անխիղճ թալան,
Ռուբենյաց տունը, ա՜խ արին վերան:
 
Րոպեմը չանցած, ա՜խ անզեն հայեր,
Թրի տակ ընկան, թշնամու ահեղ,
Ժամեր ու դպրոց, բոցի մեջ կորան,
Վիրավոր հայեր, անխնա մեռան:
 
Անապատ դարձավ, շքեղ Ադանան,
Մոխիր է դարձել շքեղ Կիլիկիան
Կանգուն է միայն Հաճենը սիրուն,
Ինչո՞ւ չի շարժվի ապառաժ Զեյթուն:

Հույսով, որ այլևս ոչ: Հույսով, որ այլևս համախմբում ու զարգացում:

Գագիկ Վարդանյան