Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ ԵՄ քննարկման օրակարգում

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ ԵՄ քննարկման օրակարգում

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը, որի հանդիպումը նախանշված է այսօր՝ հունիսի 26-ին, Լյուքսեմբուրգում, կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախարարներին կտեղեկացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեության մասին։ 
Եվրոպական խորհրդի ղեկավարն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հաջորդ եռակողմ հանդիպումը կանցկացնի հուլիսի 21-ին՝ Բրյուսելում, հիշեցնում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, եվրոպացի նախարարների քննարկումը նվիրված կլինի նաև Ուկրաինային ԵՄ ռազմական օգնությանը։ Նախարարները նաև կկենտրոնանան «նախագահ Զելենսկու խաղաղության բանաձևի վրա»։

Հանդիպման հիմնական օրակարգում է նաև Եվրամիության և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջև հարաբերությունների քննարկումը՝ ԵՄ-Լատինական Ամերիկա և Կարիբյան երկրների համայնքի (CELAC) գագաթնաժողովին ընդառաջ, որը նախատեսված է հուլիսի 17-18-ը: