Եթե նույն պարոն Սիմոնյանը ժամանակին աներ էդ բարենորոգումները, ես վստահ եմ, որ այսօր այս հարցը չէր առաջանա

Եթե նույն պարոն Սիմոնյանը ժամանակին աներ էդ բարենորոգումները, ես վստահ եմ, որ այսօր այս հարցը չէր առաջանա

Այսօր տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ կորոշվի Արամ Սիմոնյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Խոսակցություն կա, որ ԿԳ նախարարը փորձում է Սիմոնյանի փոխարեն ռեկտոր կարգել իր ընկերոջը՝ ԿԳ նախկին փոխնախարար, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին։ «Նման բան չկա»,- երեկ մեր հարցին այսպես արձագանքեց Հովհաննիսյանը։

- Իսկ Արամ Սիմոնյանի հեռացման պահանջին ինչպե՞ս եք վերաբերվում։

- Սիմոնյանի հեռացման պահանջ չի, ախր, սխալ եք ձեւակերպում խնդիրը։ Դա Արամ Սիմոնյանի հարցը չի, դա անձնավորված հարց չի, դա, ընդհանրապես, բուհական համակարգի հետագա եւ ապագայի բարենորոգումների, բարեկարգումների հարցն է։ Եթե նույն պարոն Սիմոնյանը ժամանակին աներ էդ բարենորոգումները, ես վստահ եմ, որ այսօր այս հարցը չէր առաջանա։

- Խնդիրը դրված է, որ ԵՊՀ 100-ամյակն առանց Սիմոնյանի պետք է նշեն։

- Ո՞վ ա դրել տենց խնդիր։

- Արայիկ Հարությունյանի խոսքերից այդպես հասկացվեց։

- Նման ուղղակի խոսակցություն չի եղել, ճիշտ կլինի՝ պարոն Հարությունյանից հարցնեք։ Որքանով տեղյակ եմ՝ նման ուղղակի խոսակցություն չի եղել։

- Եթե չեմ սխալվում, դեռ մի տարի կա Արամ Սիմոնյանի պաշտոնավարման ավարտին, հիմա ի՞նչն է խնդիրը, որ չեք ցանկանում սպասել՝ այդ մի տարին լրանա, եւ բնական ճանապարհով նա հեռանա։

- Հասկանո՞ւմ եք, բուհական համակարգում պետք են փոփոխություններ, որովհետեւ հասարակությունը հեղափոխությունից հետո ակնկալում է փոփոխություն դպրոցներում, բուհերում, մանկապարտեզներում, բոլոր տեղերում։ Հիմա, եթե մեկ տարի անց մեկ բուհի ռեկտորինն է ավարտվում, 3 տարի հետո մյուսինն է ավարտվում, էդ նույն հասարակությունը չի՞ ասելու՝ ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում, ինչը խոստացվել էր հեղափոխության ժամանակ։

- Բայց նախկին ռեժիմից մնացած շատ կադրեր շարունակում են պաշտոնավարել։ Ձեր նպատակը բոլորին փոխե՞լն է։

- Ես էդ կարծիքին համամիտ չեմ՝ նախկին ռեժիմի կադրեր, որոնք կան պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք աշխատել են նախկինում, աշխատում են հիմա, աշխատելու են ապագայում ուրիշ կառավարության հետ։

- Այսինքն՝ Արամ Սիմոնյանը պրոֆեսիոնա՞լ չէ։

- Դա Ձեր կարծիքն է, ես նման բան չասացի։

- Չէ, տրամաբանությունն եմ ուզում հասկանալ․․․

-․․․Կան մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում սպառում են իրենց ռեսուրսը ուղղակի։ Այսինքն՝ պետք են նոր, թարմ ուժեր, նոր շունչ, նոր որակ, նոր մոտեցումներ։

- Իսկ փորձ արվե՞լ է խնդիրները, որոնք կան բուհերում, այդ նույն ռեկտորների հետ քննարկել ու ասել՝ այսօրվանից այս կանոններով եք աշխատում, այս բարեփոխումները պիտի ձեռնարկեք, ժամանակ ենք տալիս ձեզ, որ իրականացնեք դրանք։

- Անձամբ ես մի քանի անգամ ո՛չ պարոն Սիմոնյանին, պրոռեկտորներին մի շարք հարցերում մի շարք խնդիրներ առաջադրել եմ ժամանակին, երբ որ նախարարությունում էի, բայց 90 տոկոսի պարագայում հարցը տեղից չէր շարժվում։

- Բացի Արամ Սիմոնյանից, մյուս բուհերի ռեկտորների փոփոխության հարց նո՞ւյնպես դրված է այսօր։

- Այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ նախարարությունում չեմ, բայց արդեն իսկ փոխվել են 5-6 բուհերի ռեկտորներ, երկու ռեկտոր պետք է նոր ընտրվեն՝ Շիրակի եւ Վանաձորի։

- Իսկ ի՞նչ պահանջներ եք նրանց առջեւ դրել։

- Բուհի միջազգայնացում, միջազգային ստանդարտների բավարարում, կրթության որակի բարելավում, էլեկտրոնային կառավարման միջոցների ներդրում եւ այլն։

- Արդեն սկսվե՞լ է պրոցեսը այն բուհերում, որոնցում ռեկտորներ են փոխվել։

- Շատ տեղերում սկսվել է, այո։

- Գո՞հ եք նրանց աշխատանքից։

- Մի մասից՝ հա։