Լեւոնից սկսած՝ բոլորն էլ մեղք ունեն էս ամեն ինչում

Լեւոնից սկսած՝ բոլորն էլ մեղք ունեն էս ամեն ինչում

Հարցազրույց Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հետ

- Տեղեկություն ունենք, որ զորախումբ եք հավաքում՝ մոտ 500 հոգանոց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված ցույցերի մասնակիցներին ճնշեք։ Նման օրինակ տեսանք նոյեմբերի 10-ից հետո՝ Ժորա Սափեյանը խումբ էր հավաքել։

- Էդ ո՞վ ա տենց պրովոկացիոն բաներ ասել։ Ես ջոկատ ունեմ՝ կարմիր բերետներն են, ԱԱԾ-ի նախկին վետերանները՝ հատուկ մարտական ստորաբաժանումներից․ պատերազմի առաջին օրից սկսած՝ մարտական դիրքերում ենք եղել, Արցախում, փայլուն ձեւով կատարել ենք մեր առջեւ դրված առաջադրանքը, մի սանտիմ հող չենք հանձնել։ Հակառակը՝ պահել, պահպանել ենք, օգնել ենք, ողջ Մարտակերտի շրջանը պաշտպանել։ Եվ պատերազմից հետո էլ, հիմա գտնվում ենք Կապան քաղաքի մարտական դիրքերում, որտեղ մի սարսափելի իրավիճակ է։ Գիտե՞ք, որ թուրքերն ահագին ներխուժել են։ Ըստ պայմանավորվածության, չգիտեմ ինչի, եւ հիմա շատ դժվար վիճակ է, եկել ենք մեր բանակի կողքը կանգնենք, որպեսզի ստեղի մեր հողերը պաշտպանենք, ժողովրդին պաշտպանենք եւ մեր պատմական հայրենիքի սահմանները։ Մենք քաղաքական ոչ մի բաների մեջ չենք մտել, չենք մտնելու, մենք կոչված ենք հայրենիքի պաշտպանությանը եւ դրանով էլ զբաղվում ենք։ 

- «Ահավոր իրավիճակ» ասելով՝ նկատի ունեք հնարավոր բախո՞ւմ։ Վտա՞նգ կա։

- Միշտ էլ, ամեն վայրկյան բախման հեռանկար կա եւ վտանգ։ Դրա համար մենք ստեղ ենք գտնվում, որ, Աստված մի արասցե, մի բան լինի, կարողանանք օգնել մեր բանակին։

- Հիմա ավելի՞ լարված է, քան պատերազմից հետո էր։

- Ժողովուրդը շատ լարված է, որովհետեւ սահմանի ահագին փոփոխություն է եղել։ Փորձում ենք իրենց հետ միասին էս լարվածությունը թուլացնենք։ Եվ իրենք մեզ տեսնելով, հարգելով՝ շատ ոգեւորվում են, եւ հիմա էս ամեն ինչը հանգստացել է։

- Այսինքն՝ նորից թուրքերին գյուղեր, տներ զիջելու մասի՞ն է խոսքը։

- Ես չգիտեմ՝ էդ զիջել է կոչվում, թե ինչ։ Թուրքերը, ըստ պայմանավորվածության, մասամբ վերադարձել են գյուղերը, որտեղ նախկինում ապրում էին, եւ այդ վերադարձը լարվածություն է ստեղծել ժողովրդի մեջ եւ ոչ միայն Սյունիքի, այլեւ ողջ հայ ազգի։ Մենք էլ առաջին օրվանից եկել ենք ստեղ եւ պատրաստ ենք ամեն ոտձգության դեմ՝ պաշտպանելու մեր հայրենի հողը։ 

- Իսկ կարելի՞ է ասել՝ Դուք իշխանությունների հետ եք։

- Ես իշխանության հետ չեմ, ես մեր հող ու ջրի հետ եմ, ես ժողովրդի հետ եմ, ես երբեք քաղաքականություն չեմ մտել։ Ես միշտ եղել եմ բանակի կողքին կանգնած եւ մնացել եմ բանակի կողքին։ Իշխանությունը ձեր գործն է․ ընտրեք, փոխեք, դզեք, փչեք, ում էլ ընտրեք, ես իր զինվորն եմ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։

- Իսկ որ հրամանատարները զինված խմբեր են կազմում, օրինակ՝ Ռազմիկ Պետրոսյանը, որ պաշտպանեն իշխանությանը, Դուք դատապարտելի՞ եք համարում։ Ձեզ հայտնի՞ է այդ մասին։

- Ես տեղյակ չեմ, էս սարերում ոչ մի լուր մենք չունենք։ Կապ չկա, չունենք, չենք էլ ուզում ունենալ։ Ռազմիկ Պետրոսյանին շատ լավ գիտեմ, իմ մարտական ընկերն ա, ես չգիտեմ՝ հիմա ինքն ինչով է զբաղվում եւ որտեղ է։

- Արայիկ Հարությունյանը խոսում էր առաջիկայում նոր ցավոտ որոշումների մասին։ Ոմանք կարծում են, որ Արցախում այլեւս չեն լինելու հայկական զինված ուժեր։

- Չի կարող տենց բան լինի, եւ Արայիկ Հարությունյանը երբեք տենց բան չի կարա ասի։ Արայիկ Հարությունյանին ես, ինչ որ անում ա, վստահում եմ։ Էդ, ինձ թվում ա՝ պրովոկացիա է։

- Դուք դա բացառո՞ւմ եք։

- Այսինքն՝ ի՞նչը բացառեմ։

- Որ Արցախի բանակ չլինի, ինչը պահանջում է Ալիեւը։

- Չի կարա տենց բան լինել․ Արցախի բանակը եղել ա, կա ու կպաշտպանի իր հայրենյաց հողը եւ ինչոր մնացել է։ Ավելին, ես կարամ ասեմ, որ շատ շուտով, չգիտեմ երբ, բայց շատ շուտով պատմական մեծ փոփոխություններ են լինելու։

- Ռուսական կողմից ասում են՝ քաղաքական դաշտում միակ մարդը, որը ռեւանշիստական հռետորաբանություն չունի, Նիկոլ Փաշինյանն է։

- Ռեւանշիստը թուրքն ա եւ ռուսը։ Հայը ռեւանշիստ չէ։ Ես համարում եմ, որ մենք պարտավոր ենք պատրաստվել՝ նոր պետություն, նոր ժողովուրդ, նոր բանակ ստեղծենք, որպեսզի կարողանանք մեր պատմական հողերը հետ ազատագրենք։

- Բայց ո՞նց եղավ, որ․․․

- Էղավ էն, ինչին արժանի էինք․․․ ազգովի։ 94 թվից ա սկսվել էս պարտությունը, էս պարտությունն էսօրվա պարտություն չէ։ 

- Դուք Նիկոլ Փաշինյանի տեքստն եք կրկնում՝ բանակը չեն զինել, կերել են, թալանել։

- Բանակը վատ ենք զինել, վատ ենք պատրաստվել։ Բանակը եղել է երկրորդ հերթին․ ընդհանուր տնտեսությունն է շատ վատ վիճակում, պետականաշինությունն է շատ վատ վիճակում եղել։ Ամեն ինչ խախուտ է եղել։ Մենք մեծ շանս ունեինք, որ դզվենք, եւ ոչ միայն մեր պատմական հողերը․․․

- Այսինքն, ասում եք՝ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը՝ սխալ։

- Լեւոն Տեր-Պետրոսյանը եթե ժամանակին պատերազմը չկանգնացներ, մեր հաղթարշավը, էս վիճակը հիմա չէր լինի։ Եվ սխալ պայմանագիր՝ ոչ թե հաղթանակի, այլ զինադադար կնքեց։ Ինչի՞ էն ժամանակ հաղթանակ չէր։

- Բայց ասում էր՝ տղա եք, պահեք։

- Դե ինքը տղա էր, չստորագրեր էդ ամեն ինչը։ Տղա․․․ ինքը տղա չի, սաղ հիմա տղա են դառել, Լեւոնից սկսած, մինչեւ վերջ էլ, բոլորն էլ մեղք ունեն էս ամեն ինչում։ Եվ մեկի վրա բարդել չի կարելի։ Բոլորս ենք մեղավոր։

- Այսինքն՝ համարում եք, որ ճի՞շտ է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ գլխավոր պատասխանատուն ինքը չէ։

- Գլխավոր է-գլխավոր չէ՝ ինքն էլ է պատասխանատու էս ամեն ինչի համար։ Բայց հավասար ձեւով, բոլորի հետ միասին։