Լսենք Տատիի երգը․ երանի՜ նրա չափ սիրեինք մեր Էրգիրը

Լսենք Տատիի երգը․ երանի՜ նրա  չափ սիրեինք մեր Էրգիրը

Արթուրը Կապանից է։ Ինչպես ինքն է մի բառով ասում՝ արտիստ է։ Քաղաքական լարված այս իրավիճակում նրա տատիկի երգը ասես բոլոր դժվար հարցերի պատասխանը լինի։ Տատի երգը աղոթք է, ով լսում, խաղաղվում է։ Օգտատերերից մեկը գրում է՝ ..Ջանա՜..․ինչքան ԷՐԳՐԻ կարոտ կար այս երգի մեջ։

Arthur Gabrielyan

ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ։ Արդեն մեկ շաբաթ ու մեկ օր ֆիզիկապես չկա Տիրուն տատս։ Բայց կապրի այնքան որքան կհիշեն նրան հարազատները, մտերիմները, թոռներն ու ծոռները։ Կհիշեն երգերը, քաղցր լեզուն, հումորը, հոտդ տատ ջան, աշխատած ու մաշված ձեռքերդ, հոգատար գիրկդ, ծխախոտիդ ծխի հոտը։

ՀԳ Ահա թե ինչ է պատմում Արթուրը տատիկի  մասին․

Տատին ծնվել է 1928 թվականին Արագած լեռան ստորոտում բազմած փոքրիկ Բլխեր այժմ Շենավան գյուղում։ Մուշից գաղթած Եղիշի առաջնեկ դուստրն է եղել ու հայրը, ում պապը Անդրանիկի զինվորն է եղել։  Տիրուն աղջկան որպես առաջնեկ հրեղեն է դաստիարակել, աղջնակ էր, երբ խոտքաղին, տատս ձին հեծած՝ կերակուր է բարձրացրել սար ու վերադարձել։ Պատմում է, որ գյուղի մեծերը իրենց տան ՕԲԱՅՈՒՄ են հավաքվել ամեն երեկո ու պատմել հին -հին պատմություններ Էրգրի, Անդրանիկի, Գևորգ Չաուշի մասին։ Այդ երեկոներին հաճախ հյուր է եղել Աշուղ Մահուբի Գևորգը ու տաղեր ասել, երգել։ Հարևան գյուղից եկել են իրեն նշանելու։ Ասում է, որ մինչև նշանի օրը չի տեսել պապիս՝ նրա ծնողներն են եկել խոսքկապ արել։ Շատ է վշտացել չի ուզել նշանվի, բայց երբ  պապս ծնողների հետ եկել, տեսել է պապիս՝ թիկնեղ բարձրահասակ, կապույտ աչքերով, իսկույն հնազանդվել է։ Հարսանիքը տևել է երեք օր ու գիշեր՝ իրենց գյուղից իրեն սպիտակ ձիով են տարել մինչև պապիս գյուղ։ Պապս մինչ այդ մասնակցել էր հայրենականին, ծանր վիրավորվել Լենինգրադի պաշտպանության ժամանակ։ Ամուսնանալուց հետո 1949 տեղափոխվում են Երևան, հող են ստանում դեռ ամայի Մալաթիայում՝ հղի տատս պապիս հետ հավասար տուն է կառուցում ու գերդաստան ստեղծում։ Վեց զավակ, տասնյակ թոռներ ու ծոռներ, տեսավ նաև երեք կոռ։