Լցված համբերության բաժակներ ու սպասումի տասնյակ տարիներ

Լցված համբերության բաժակներ ու սպասումի տասնյակ տարիներ

Հայաստանում բոլոր բնագավառները՝ կրթականից մինչեւ մշակույթ ու սպորտ, հայտնվել են ճգնաժամային վիճակում։ Հերթը հասել է սպորտին: Ֆուտբոլում մեր գրանցած վերջին անհաջողությունները տարիներ շարունակ տիրող անմխիթար վիճակի արդյունքն են, որը խոր արմատներ ունի, իսկ լուծման բանաձեւը չի հաջողվում գտնել, չնայած ծախսված միլիոններին։
Ֆուտբոլից զատ, տասնամյակներ շարունակ աղետալի վիճակում է նաեւ ըմբշամարտի ոլորտը, թեեւ մեր մարզիկներն իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են նաեւ հաղթանակներ պարգեւել մեր երկրին։

Բայց այդ հաղթանակների ու արդյունքի դիմաց չգնահատված լինելը մեծ դժգոհություններ է առաջացրել, որոնք պոռթկման են հանգեցրել։

Ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս գրառում էր կատարել, թե իրենց անտարբերության են մատնել ՀՕԿ-ը, ԿԳՄՍՆ-ն, Ըմբշամարտի ֆեդերացիան։ Խնդիրն այն է, որ մարզիկները ստացած վնասվածքներն իրենց հաշվին են բուժում: Հարությունյանը նշել է նաեւ, որ տեւական ժամանակ է, ինչ աշխատավարձ չեն ստանում։ «Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերն ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում է ընդամենը 60 ըմբիշ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։ Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են` ինչպես հոգան իրենց եւ ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի, ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու: Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներիցս պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին»,- գրել է Հարությունյանը:

Արսեն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար առաջնայինը աշխատավարձերը չեն. «Մի կողմ դա` ամենավերջում կարող ենք խոսել դրա մասին: Առաջնային խնդիրներից մեկն այն է, որ մեր բուժումների, դեղորայքների, մրցաշարերի պատրաստվելու հարցերը՝ ամբողջը մենք ենք մեր գրպանից դնում։ Ինչ վերաբերում է աշխատավարձին` մենք երկար ժամանակ ֆեդերացիայից չենք ստացել, Օլիմպիական կոմիտեն չի խառնվել, նախարարությունը շատ քիչ աշխատավարձ է նշանակել` կոնկրետ ես նախարարությունից եմ ստանում, մյուս երկու կառույցից չեմ ստանում»։
Հարությունյանը տարակուսում է ու նշում՝ իրենց բժիշկը նույնպես չի վարձատրվում․ «Եվրոպայի առաջնությանը մեզ հետ բժիշկ չի գալիս, որովհետեւ փող չկա, որ կարողանան բժշկին ֆինանսավորել։ Մեր անձնական մարզիչները եւս  գումար չեն ստանում, չգիտեմ ոնց են գոյատեւում»։

Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք անհրաժեշտ դեղերն ու վիտամիններն առկա՞ են շուկայում, թե՞ դրանց ձեռքբերումը դժվարություն է առաջացնում ֆեդերացիայի համար։ «Հայաստանում բոլոր վիտամիններն ու դեղերն առկա են, սպորտային սննդի խանութներից գնում ենք մենք՝ ինքներս»։

Չեմպիոնի խոսքով, մեկ մրցմանը պատրաստվելու համար վիտամինների ու դեղորայքի արժեքը մոտավորապես կազմում է 1500 դոլար։ Ըստ Հարությունյանի, աշխարհում ընդունված կարգն է այդպես, որ Օլիմպիական կոմիտեից, ֆեդերացիայից, ինչպես նաեւ պետական կառույցից` նախարարությունից, գումար ստանան, եւ միայն Հայաստանում է, որ այդպես չէ: «Ըմբշամարտի ֆեդերացիայից մենք պետք է գումար ստանանք, մեզ պետք է հովանավորի, մեր բոլոր ծախսերը հոգա, ԿԳՄՍՆ-ից էլ պետք է գումարներ ստանանք` ամեն մրցաշարերից հետո, լիքը հարցերի պետք է հետեւի, նույնն էլ՝ Օլիմպիական կոմիտեն»։

Հարցին, թե խնդիրը բարձրաձայնելուց հետո ինչ պատասխան են իրենց տվել, ասաց․ «Շատ անգամներ ենք դիմել այդ հարցով, բայց ոչ մի պատասխան չի եղել, խնդիրները մնացել են»։ Ներկա պահին  Արսենը վնասվածք ունի, ու ապաքինվելու համար մոտ  3 հազար դոլար գումար է անհրաժեշտ։

Թե ինչով է պայմանավորված իրենց տեւական լռությունն ու խնդիրները չհանրայնացնելը, Հարությունյանը նշեց․ «Լավ է ուշ, քան երբեք»։

Կապ հաստատեցինք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ՝ վերը նշված հարցերի պատասխանները ստանալու։ Մեզ պարզաբանեցին, որ Օլիմպիական կոմիտեն միտված է գաղափարախոսություն տարածելու գործին. «Ազգային օլիմպիական կոմիտեն 4 տարին մեկ հավաքագրում է տվյալներ, ենթադրենք` այս տարի Հայաստանը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու է 14 մարզիկով, ՀԱՕԿ-ն իրականացնում է համակարգման աշխատանքը՝  տոմսերի ամրագրում, որպեսզի գնան-հասնեն Տոկիո, մարզագույքը, հանդերձանքը, այնտեղ էլ իրենց անվտանգությունն ապահովեն, իրենց մարզումային պայմանների համար խոսում է ՀԱՕԿ-ի հանձնակատարը, էնտեղից էլ մեր պատվիրակությանը տեղափոխել Հայաստան։ Օլիմպիական կոմիտեն սրանով է զբաղվում»։

ԿԳՄՍՆ-ից եւս մեկնաբանություն խնդրեցինք՝ ստեղծված իրավիճակի հետ կապված, սակայն այս դեպքի առնչությամբ մեկնաբանություն չցանկացան տալ, տրամադրեցին տվյալներ, թե 2021 թվականին որքան գումար են ԿԳՄՍՆ-ից ստացել ըմբիշները` ծրագրերից, անվանական թոշակներից եւ տարեվերջյան պարգեւատրումից: Օրինակ, նշել են, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ, հունահռոմեական ոճի 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը՝ 5 մլն 22 հազար, Գեւորգ Ղարիբյանը՝ 8 մլն 214 հազար, Վազգեն Թեւանյանը՝ 5 մլն 558 հազար, Մալխաս Ամոյանը՝ 14 մլն 475 հազար դրամ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ տարվա համար այս գումարները շատ չեն, եթե հաշվի առնենք, որ սրանից մարզումների համար նրանք նաեւ տարբեր ծախսեր են կատարում: ԿԳՄՍՆ-ից նշեցին նաեւ, որ մարզիչները, հավաքականի թիմի, անձնական մարզիչները, բժիշկները եւս ինչ-որ գումար են ստացել։ Իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի, այսինքն՝ 3 ամսվա համար հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները ստացել են. Արսեն Հարությունյան՝ 1 մլն 200 հազար դրամ, Սլավիկ Գալստյան՝ 720 հազար, Մալխաս Ամոյան՝ 2 մլն  340 հազար, Վազգեն Թեւանյան՝ 540 հազար դրամ։

Մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաեւ Հայաստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։