Տարածքներ զիջելն ու մարդկային կորուստնե՞րն են «ճանապարհ բացում» մեզ համար

Տարածքներ զիջելն ու մարդկային կորուստնե՞րն են «ճանապարհ բացում» մեզ համար

Փաստորեն, եթե հետեւենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի մտքերի ընթացքին, ապա կստանանք այն պատկերացումը, որ մենք տարածաշրջանում օրակարգ ենք ձեւավորում: Չէ, ավելի ճիշտ՝ ոչ թե մենք, այլ հենց ինքը՝ միայն ինքը եւ իր ամեն խոսքը հաստատող ուսապարկային բազմությունը: Որովհետեւ այն մարդիկ, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը, այդպես չեն կարծում: Որովհետեւ օրակարգ կարող է ձեւավորել այն պետությունը, որն ունի անհրաժեշտ կարողություններ: Հատկապես եթե գտնվում է, ինչպես մենք, ագրեսիվ միջավայրում (Նիկոլի խոստովանությամբ):

Կենցաղայինի մակարդակից մինչեւ ամենահզոր ժողովուրդների պատմությունը վկայում է, որ ագրեսիվ միջավայրը կառավարելու համար անհրաժեշտ է ավելի մեծ կարողություն, քան ունի այդ միջավայրը: Այլապես նման կարողություն չունեցող մարդուն միջավայրը կխժռի՝ առանց աչք թարթելու: Կարծում եմ, որ ասվածը Նոբելյան մրցանակի արժանի գյուտ չէ. այն ծանոթ է յուրաքանչյուր դեռահասի: Որովհետեւ դեռահասների փողոցային միջավայրը, որքան տեղյակ եմ, մարդասիրությամբ աչքի չի ընկնում:

«Հաղթելու ենք» կարգախոսով Հայաստանը՝ Փաշինյան Նիկոլի «գերագույն հրամանատարությամբ», խայտառակ պարտության մատնվեց 44-օրյա դաժան պատերազմում: Պարտությունը շարունակվեց հետպատերազմական շրջանում՝ Ադրբեջանի ղեկավարի թշնամական վերաբերմունքի՝ ստորացումների, նոր տարածքներ զավթելու, զինվորական եւ քաղաքացիական անձանց առեւանգելու եւ այլ դրսեւորումներով: Չկարողանալով դրա դեմն առնել, ինչպես կաներ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն եւ այդպիսի պետության ղեկավար, Փաշինյան Նիկոլն անընդատ գնում է զիջումների՝ դա անվանելով «Հայաստանի համար եւ Արցախի պետականությունը պահպանելու համար տարածության բացում»:

Թե որն է այդ տարածությունը, եթե նա 2020-ի նոյեմբերի 9-ից կատարում է թշնամու բոլոր ցանկությունները, դժվարանում եմ ասել: Որովհետեւ գործելու տարածությունը նշանակում է սեփական օրակարգի պարտադրում թշնամուն եւ ոչ թե նրա օրակարգի ընդունում՝ դա անվանելով «խաղաղության դարաշրջանի մեկնարկ»: Որովհետեւ իրականում տարածություն կբացվեր, եթե կատարվեր Փաշինյանի եւ Ալիեւի ռակիրովկա (տեղափոխություն)՝ շախմատային լեզվով ասած: 

Պարտությամբ հպարտացող եւ պարտության խորհրդանիշ Նիկոլն անընդհատ տարածքներ զիջելն ու մարդկային կյանքի կորուստը ներկայացնում է որպես խաղաղության հաստատման՝ սեփական օրակարգի պարտադրում նենգ թշնամուն: Բացարձակ չգիտակցելով կամ ձեւ անելով, թե չի գիտակցում՝ խաղաղություն մուրալու գործընթացը բնութագրում է նույնիսկ որպես ինքնասիրության դրսեւորում: Եվ ոգեւորվելով ինքն իր խոսքից՝ օտարի մոտ խեղճուկրակ անձը երկրի ներսում սպառնում է (ո՞ւմ), որ թույլ չի տալու, որ «մեզ մատաղացու գառան նման մորթեն»:

Առանց գիտակցելու, որ մորթել են 2020 թվականի աշնանը եւ շարունակում են դա անել մինչեւ հիմա: Երեւի մոռացել է, որ նախորդ օրը ինքն էր խոստովանում, որ իրեն ասում են (իրականում պարտադրում են) «մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը», որպեսզի ապահովվի «միջազգային մեծ կոնսոլիդացիա Հայաստանի եւ Արցախի շուրջ»: Եվ հետպատերազմական իր եւ իր ուսապարկերի ողջ գործունեությունը վկայում է, որ ինքն ընդունել է այդ պարտադրանքը: Այլապես «Արցախը Հայաստան է, եւ վերջ» գոռացողը պատերազմից հետո գոնե մեկ անգամ կայցելեր անընդհատ արյունաքամ լինող երկրամաս: 

Այո, մենք 2018-ի մայիսից այս կողմ ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում: Եվ դրանից դուրս գալու միայն մեկ տարբերակ է առկա՝ պաշտոնից հեռացնել Փաշինյան Նիկոլին: Ճիշտ այնպես, ինչպես պաշտոնի բերեցինք 4 տարի առաջ: