«Ռեվիզիան» մեծանո՞ւմ է. ՆԱՏՕ-ի գրասենյակ՝ դաշինքին չանդամակցող Ուկրաինայում

«Ռեվիզիան» մեծանո՞ւմ է. ՆԱՏՕ-ի գրասենյակ՝ դաշինքին չանդամակցող Ուկրաինայում

ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինայի համար հատուկ ներկայացուցչի պաշտոն ստեղծելու հնարավորությունը, որը պատասխանատու կլինի դաշինքի անդամ երկրների կողմից Կիևի աջակցության համակարգման համար։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն։ Ենթադրվում է, որ հատուկ ներկայացուցչի գրասենյակը կգտնվի Կիևում։

«Նոր բանագնացը կհամակարգի դաշինքի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ Կիև ռազմական օգնության հոսքը արևմտյան տարբեր երկրներից», - ասվում է Foreign Policy ամսագրի հոդվածում: 
Այս միջոցառման նպատակն է բարձրացնել Ուկրաինային օգնության տրամադրման արդյունավետությունն ու հետևողականությունը:

Նշվում է, որ եթե այս նախաձեռնությունը հավանության արժանանա, ապա ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի գրասենյակը նախատեսվում է տեղակայել անմիջապես Կիևում։ Դա թույլ կտա ավելի սերտ համագործակցել Ուկրաինայի կառավարության հետ և բարելավել ռազմական օգնության և աջակցության այլ ձևերի համակարգումը:

2023 թվականին Եվրախորհրդարանը համաձայնել է գրասենյակ բացել Ուկրաինայում։ Ինչպես նշում է Euractiv պորտալը, գրասենյակի ստեղծումը թույլ կտա մշտապես տեղյակ լինել երկրում առկա խնդիրներին ու գործընթացներին։