5 րոպեով ձեռքը հեռախոս տաս, մեկին կգցի

5 րոպեով ձեռքը հեռախոս տաս, մեկին կգցի

Նոր մանրամասներ ենք պարզել ապրիլին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Ազգային անվտանգության ծառայության կողմից անցկացված խուզարկությունների վերաբերյալ։ Այդ խուզարկությունների տեսանյութը, հիշեցնենք, տարածվել էր համացանցով։ Կադրերում երեւում էր, թե ինչպես խարդախության քրեական վարույթի շրջանակներում կալանավայրի խցերի թաքստոցներից բջջային հեռախոսներ են գտնում, պլանշետ, wi-fi սարքեր եւ այլն։
Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ն մտել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից կատարված խարդախության փաստով։ Սպարտակ Դանիելյանը՝ 1985 թվի ծնված, հեռախոսային խարդախության հանճար է։ 2014 թվականի նոյեմբերին նա 10 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության եւ  կողոպուտի համար։ Խարդախության դրվագներով հասցված վնասը եղել է մոտ 40 մլն դրամ։ Խարդախի ցանցն ընկած միամիտները 40-ն են։ 

Սպարտակը ներկայացել է տարբեր անուններով՝ Գեւորգ, Դավիթ, Գարիկ։ Դրվագներից մեկով, օրինակ, նա ներկայացել է որպես բնակարան վաճառող, հանդիպել է գնորդ Ք․ Ս․-ին, նրանից 3 մլն դրամ ու 13 հազար դոլար է վերցրել, մտել է «Ցիտադել» բիզնես-կենտրոն՝ փոխանակման կետում դոլարը դրամ դարձնելու պատրվակով, եւ անհետացել։ Մեկ այլ գնորդի էլ նա կանգնեցրել է շենքի շքամուտքի մոտ, վերցրել նրա գումարն ու փախել հակառակ կողմից։ 

2015 թվականին Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Սպարտակ Դանիելյանը, որն այն ժամանակ 30-ամյա երիտասարդ էր, list.am կայքի միջոցով կապվել էր տասնյակ քաղաքացիների հետ եւ  «նրանց վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով, մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում հափշտակել էր բազմաթիվ բջջային հեռախոսներ, համակարգչային սարքեր եւ այլ ապրանքներ»։ 

ՔԿՀ մեր աղբյուրը հայտնում է, որ այս տարիներին Սպարտակ Դանիելյանն ամենեւին էլ չի ուղղվել, այլ ավելի է կատարելագործել իր հմտությունները։ Ըստ աղբյուրի՝ եթե նա 2014 թվականին 40 դրվագով էր դատապարտված, ապա այսօր նոր հանցագործություններով է լրացրել իր «ծառայողական կենսագրությունը»։ 

«Թեկուզ 1000 դոլար էր տալիս, որ իրեն հեռախոս տան։ Հերիք ա, հինգ րոպեով ձեռքը հեռախոս հայտնվի, մեկին քցում ա։ Սրան որ բերեցին «Արմավիր», նորից անցավ հին գործին»,- տեղեկացնում է ՔԿՀ աղբյուրը։ 

Հերթական «զանգն ընկերոջը» նոր քրեական հետեւանք է ունեցել, խարդախության նոր ակտ, որն էլ ապրիլի վերջին օրերին արձանագրել են ԱԱԾ աշխատակիցները եւ առանց վարչակազմին տեղյակ պահելու ներխուժել «Արմավիր» ՔԿՀ։ 

Այն ժամանակվա արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը կառավարման ակադեմիայի իր համակուրսեցուն՝ Արտյոմ Մխոյանին էր նշանակել քրեակատարողական հիմնարկների ղեկավար, այնքան էլ գոհ չի եղել ԱԱԾ ներխուժումից։  Հիշեցնենք, որ ապրիլի վերջին նա խուզարկությունների վերաբերյալ  բացատրություններ տվեց լրագրողներին՝ ասելով, որ խցերի կերակրապատուհանները բաց են եղել, որովհետեւ ներսում շոգ է, եւ դատապարտյալներն իրավունք ունեն միմյանց իրեր փոխանցել։  Զեյնալյանը նաեւ ակնարկել էր, որ ԱԱԾ-ն չուներ իրավունք օպերատիվ նկարահանում անելու։ «Նախ պետք է ճշտել՝ օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ չի եղել»,- ասել էր նա՝ նշելով, որ ծառայողական քննություն է նշանակվել հրապարակված նյութի վերաբերյալ։

Մեր տեղեկություններով, քննությունն արվել է եւ պարզվել, որ ԱԱԾ գործողություններն իրավաչափ են եղել։