Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Տիգրան Խզմալյան
«Հրապարակի» հարցերին պատասխանում է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը:
- Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո շատ է խոսվում այն մասին, որ թշնամին ամեն վայրկյան կարող է կրակ բացել թե ՀՀ սահմանի, թե Արցախի ուղղությամբ: Վերջին օրերին մենք տեսնում ենք, թե որքան լարված է իրավիճակն Արցախում: Ձեր կարծիքով` ռուս խաղաղապահներն ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում նրանց կողմից:
- Ինքներս մեզ պետք է հարց տանք. արդյո՞ք ռուս զորախմբին կարելի է անվանել խաղաղապահ: Եթե ելնում ենք այդ կետից, ապա բնականաբար կարելի է շատ հարցեր տալ ու զարմանալ: Իսկ եթե մենք հասկանում ենք իրականությունն, ապա օրինակ իմ տեսակետը հետևյալն է. ռուս-ուկրաինական պատերազմը 2020 թվականի արցախյան պատերազմի շարունակությունն է, որն իրականացվել է ռուս-ադրբեջանաթուրքական համատեղ ջանքերով: Այսինքն` այս գործընթացը խրախուսվել է ՌԴ-ի կողմից: Մենք գործ ունենք Ռուսաստանի գաղութային քաղաքականության հետ: Ռուս-ուկրաինական պատերազմն էլ Ռուսաստանի գաղութային պատերազմներից մեկն է: Պարզապես Արցախում Ռուսաստանն օգտագործեց հիմնականում ադրբեջանական զորքը, սակայն այնտեղ ևս ռուսական ծրագիրն է իրականացվել, այն է` բաժանել և զավթել: Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, ուղիղ կապ ունի Ուկրաինայում կատարվող իրադարձությունների հետ: Մենք` որպես քաղաքական ուժ զգուշացնում էինք, որ կգա օրը, երբ ռուսական զորքն այնտեղից դուրս կգա: Ինչպես տեսնում ենք, այդ օրը գալիս է: Հայաստանը վաղուց պետք է մշակած ունենար այս տարբերակի համար նախատեսակ անվտանգության երաշխիքները: Նման երաշխիքներ կարող են լինել միայն արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի հետ համագործակցելով: Ուկրաինան այս պայքարում կպարտվեր, եթե չլիներ արևմտյան դաշնակիցների օգնությունը: Ցավոք, Ուկրաինան, ինչպես Հայաստանն ու Վրաստանն, ուշացավ և չկարողացավ բալթյան երկրների օրինակով դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն մի օր դա անպայման տեղի է ունենալու:
- Հայաստանում շատերն Արևմուտքին մեղադրում են արցախյան պատերազմին չմիջամտելու, Ադրբեջանին չսաստելու մեջ: Սակայն, ինչպես տեսնում ենք, Ուկրաինայում իրավիճակն այլ է:
- Այդ հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է: Ուկրաինայի դաշնակիցը Եվրամիությունն է, իսկ Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է, որն իրականում Հայաստանի հանդեպ իրականացնում է թշնամական, զավթիչ, գաղութային քաղաքականություն: Արևմուտքն օգնում է Ուկրաինային, որովհետև ինչպես Վրաստանն ու Մոլդովան, այնպես էլ Ուկրաինան խնդրել է այդ օգնությունը: Նրանք հայտարարել են իրենց արևմտամետ կողմնորոշման մասին:
- Իսկ ՀՀ իշխանություններն ինչո՞ւ չեն դիմում Արևմուտքին:
- Արցախյան պատերազմի ընթացքում, պատերազմից հետո էլ Արևմուտքը բազմաթիվ առաջարկներ է արել մեզ, սակայն ստացել է մերժում: Արցախի իշխանություններն անգամ մերժում էին հանդիպել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների հետ: Առանց քաղաքական միավորի՝ օգնություն ցուցաբերելն ապօրինի գործընթաց է: Այդ հարցերը պետք է տալ գործող իշխանություններին: Իհարկե, մենք հասկանում ենք, որ Հայաստանն իրեն նման կերպ դրսևորեց Ռուսաստանի շանտաժների և սադրանքների պատճառով:
- Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական միութենական պետության մասին:
- Ես կարծում եմ, որ անգամ նման հարցի քննարկումը պետական դավաճանություն է և հակասահմանադրական հանցանք:
- Հայաստանն ի՞նչ կարող է շահել ռուս-ուկրաինական պատերազմից:
- Ռուսաստանն արդեն պարտվել է, որովհետև իր տնտեսությունը քայքայված է, իսկ քաղաքականությունը` տապալված: Ռուսաստանն աշխարհից մեկուսացած է բոլոր առումներով, այնպես որ անգամ եթե իրենց հաջողվի այս կամ այն քաղաքը գրավել, ապա միևնույն է՝ դա իրականությունը չի փոխելու: Ռուսաստանը պարտված է, Ռուսաստանը քայքայվելու է: Մենք պետք է մտածենք ոչ թե ինչ կլինի, եթե, այլ՝ երբ կլինի: Այդ երբը գալու է շուտով: Հայաստանը դառնալու է արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ:
Կարծիքներ