Տարիներ շարունակ գիշերներ են լուսացրել ծրագիր գրելիս, պարգեւավճարի մասին չեն մտածել

Տարիներ շարունակ գիշերներ են լուսացրել ծրագիր գրելիս, պարգեւավճարի մասին չեն մտածել

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը տարակուսած է, թե ինչու նոր Հայաստանում հիմնական թեզը դարձավ «Ժողովուրդն է որոշում» կարգախոսը։ Այս մասին նա հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հիշեցնելով Հովհաննես Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածը, որում նշվում է, թե ժողովրդի անունը շահարկելով ինչեր կարելի է անել։ Տնտեսագետը զարմացած է նաեւ, թե ինչպես մի քանի ամիս աշխատելուց հետո կարող են պաշտոնյաներն իրենց պարգեւատրել։

Թաթուլ Մանասերյանը դեմ չէ պարգեւավճարներին, սակայն կարծում է, որ դրանք պետք է տալ արժանիներին։ Նա կարծում է, որ պետք է լինեն գնահատման չափորոշիչներ։ «Միգուցե՞ կան մարդիկ, որոնք ավելին պետք է ստանային, միգուցե՞ կան մարդիկ, որոնք սուրճ խմողներ են։ Ինչպե՞ս ենք տարանջատում, երբ պետական կառույցներում մի քանի հոգի ամբողջ բեռն են վերցնում իրենց վրա, մյուսները կարող են իմիտացիա ստեղծել։ Ես կարծում եմ, որ պետք է լինի լուրջ վերաբերմունք, պետք է վաստակեն այդ աշխատավարձերը, որ ստանում են, ապացուցեն, որ հարկատուների գումարները իզուր չեն մսխվել։ Դա էլ է կոռուպցիա, երբ իրենք նշանակվում են, բայց բանմաց չլինելով, հետագիծ չունենալով, վտանգում են ամբողջ ոլորտներ։ Փորձադաշտի ենք վերածվում բոլորս ձեզ հետ միասին»,- ասաց տնտեսագետը։

Աղքատության թեման էլ հիշեց Թաթուլ Մանասերյանը՝ նշելով, որ ունենք աշխատող աղքատներ։ Նա ծիծաղելի է համարում 180 տոկոս պարգեւավճար տրամադրելը գերատեսչության քարտուղարուհուն այն բանի համար, որ նա առավոտյան ժամը 8․30-ին է ներկայացել աշխատանքի։ Տնտեսագետը հիշեց, որ իրենք տարիներ շարունակ կեսգիշերից շուտ տուն չեն գնացել, գիշերներ են լուսացրել, որովհետեւ ծրագիր են մշակել եւ պատասխանատվության բեռ են վերցրել իրենց վրա։ Վարդան Բոստանջյանին զարմացրել է այն փաստը, որ ղեկավարն ինքն իրեն է պարգեւատրում։ Նրա կարծիքով՝ ով նշանակել է, նա էլ պետք է պարգեւավճարը սահմանի։