Ադրբեջանական նենգափոխություն

Ադրբեջանական նենգափոխություն

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ողջունելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Նա, մասնավորապես, կարեւորել է միջնորդների հղումը Հելսինկիի եզրափակիչ ակտին այն իմաստով, որ այնտեղ  ինքնորոշման իրավունքը ստորադասված է տարածքային ամբողջականությանը: Այլ կերպ ասած, ադրբեջանական կողմը կրկին պնդել է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնորոշվել, բայց «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Հելսինկյան եզրափակիչ ակտի համապատասխան դրույթները, երեւում է, Բաքվում ենթարկվում են նենգափոխման: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից նշված ձեւակերպումը հետեւյալն է. «Մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը՝ մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների եւ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի՝ ներառյալ նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը»:

Շարադրանքից պարզ հասկացվում է, որ պետությունները, հարգելով ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը, միաժամանակ պետք է ձեռնպահ մնան միմյանց տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված քայլերից: Դա է վկայում հաջորդ դրույթը, որտեղ սահմանվում է, որ ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի առանց արտաքին միջամտության, յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պիտի որոշի իր արտաքին եւ ներքին քաղաքական կարգավիճակը, սեփական հայեցողությամբ իրականացնի իր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:

Ավելին, Հելսինկիի եզրափակիչ ակտի տվյալ բաժինն ավարտվում է կարեւորագույն շեշտադրումով, որ մասնակից պետությունները ոչ միայն պարտավոր են հարգել ինքնորոշումը, այլեւ ընդգծում են այդ սկզբունքի խախտման ցանկացած ձեւը վերացնելու կարեւորությունը: Ադրբեջանը, ինչպես հայտնի է, խախտել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Եվ ԵԱՀԿ անդամ պետությունները, ըստ Հելսինկիի եզրափակիչ ակտի, հանձնառու են քայլեր ձեռնարկել, որպեսզի դա վերացվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ասված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ: Միջնորդներն այդպիսով ստեղծում են հիմքեր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից խախտված ինքնորոշման իրավունքը վերականգնվի: Սա է ԵԱՀԿ հայեցակարգային մոտեցումը, եւ այն նենգափոխելու պաշտոնական Բաքվի նկրտումները պետք է դատապարտվեն միջնորդների կողմից: