Քաղաքացիները դժգոհում են Շտապ օգնությունից

Քաղաքացիները դժգոհում են Շտապ օգնությունից

Վերջին օրերին Շտապ օգնությանը դիմած քաղաքացիների թիվը կտրուկ աճել է. պատճառը Հայաստանում բռնկված վիրուսային հիվանդությունն է, որը, ըստ առողջապահության նախարարության, թիրախավորում է 0-ից 18 տարեկաններին։

Շտապ օգնությանը դիմած քաղաքացիներից բողոքներ ենք ստացել, որ այն վատ է աշխատում. կամ կանչ չեն գրանցում, կամ էլ ոչ բարեհամբույր են խոսում քաղաքացիների հետ։

Երևան քաղաքի ՇՕ ղեկավար Ռուբեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին ՇՕ կանչերը շատացել են, երբեմն բժիշկները հեռախոսի միջով խորհուրդներ են տալիս։

«Մեր բժիշկները փորձում են խորհուրդ տալ, ասեն, անեն, մինչև բրիգադ ազատվի։ Ես չեմ ասում դա լավ բան է, բայց ստիպված են գնում այդ քայլին։ Եթե ունենք սրտային գանգատով անձ, մեկ ուրիշն զանգում, ասում է` ջերմություն ունենք, օգնելու են առաջինին, մյուսին պետք է խորհուրդ տալ մինչև ազատ բրիգադ լինի»։

Մեկ այլ ահազանգ էլ ստացել ենք Արմավիրի Շտապ օգնության վերաբերյալ, որ 2 օր առաջ ջերմությունով հիվանդի կանչը չեն արձանագրել, միայն խորհուրդ են տվել` ջերմիջեցնող խմել։

«Արմավիր» ԲԿ-ի տնօրեն Հարություն Հովհաննիսյանն էլ մեզ ասաց, որ 3 բրիգադ է գործում, զբաղված լինելու դեպքում են նման պատասխան տալիս։