Դատարանները ոչ թե հայեցողաբար, այլ պարտավոր են սահմանադրականությանը վերաբերող հարցերում դիմել ՍԴ

Դատարանները ոչ թե հայեցողաբար, այլ պարտավոր են սահմանադրականությանը վերաբերող հարցերում դիմել ՍԴ

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի ասուլիսին՝  պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանը նախ, ներկայացրեց, թե ինչ փուլում է գտնվում ՍԴ ուղարկված գործը։

«Մի քանի շեշտադրումներ արձանագրեք։ Նախ, ՀՀ սահմանադրության և օրենսդրության ներքո, սրա մասին մի քանի անգամ խոսվել է, բայց ստիպված ենք նորից արձանագրել՝ դատարանի կողմից քրեական գործի կասեցումը և ՍԴ դիմելն ինքնին բողոքարկման ենթակա ակտ չէ։ Այն չի կարող նույնացվել կասեցման այլ ակտի հետ։ Եվ ցավ եմ ապրում, որ այդ ակտը նախագահող դատավորի կողմից քննության առարկա չդարձավ պաշտպանական հարցադրումների լույսի ներքո։ ՀՀ օրենսդրությունը դատարանների համար, այն դեպքերում, երբ կայացվում  է որոշում կասեցման մասին, մեկ պարտականություն է նախատեսում՝ կայացնել նման որոշում և 3-օրյա ժամկետում ուղարկել ՍԴ։ Բայց ոչ»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա՝ օրենսդիրը, այն էլ՝ սահմանադրական օրենքի մակարդակում, Սահմանադրական դատարանի մասին, հստակ դա նախատեսել է։ Ավելին, Արամ Վարդևանյանը մեկնաբանեց, որ օրենսդիրը նախատեսել է նաև, թե  կասեցումից հետո գործը ե՞րբ է վերսկսվում։ Նրա մեկնաբանությամբ՝ միայն մեկ դեպքում կարող է վերսկսել, այն է՝ ՍԴ  որոշմամբ։
Քոչարյանի  պաշտպանական խմբի անդամն անդրադարձավ դատախազ Դավթյանի հակընդդեմ պնդումներին։ Իբրև թե 2019-ին ՍԴ-ն որոշում է կայացրել դատարանների կողմից սահմանադրական նորմերի մեկնաբանման հարցին և իբրև Քրեական օրենսգրքի  համապատասխան հոդվածը եռաստիճան դատական համակարգում քննության առարկա հանդիսանալով՝ որևէ  խնդիր չի արձանագրել։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ ՍԴ թիվ 7 աշխատակարգային որոշմամբ,  վերաբերում էր ոչ թե անձեռմխելիությանը, այլ մեկ տեխնիկական հարցադրման՝ արդյոք դատարանները կարող են վերջնական լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ։  Եվ արդյոք, առհասարակ, կարող են մեկնաբանել  սահմանադրական նորմերը։

Նրա մեկնաբանությամբ՝ ՍԴ-ն արձանագրել է, որ դատարանները կարող են բացահայտել արդյոք կա՞ սահամնադրականության խնդիր թե՞ ոչ, կարող են մեկնաբանել սահմանադրական նորմեր։ 
«Բայց, այստեղ նաև տեխնիկական ձևակերպմամբ  նշվել էր նաև, թե այդ բացն ինչ է իրենից ենթադրում»,- ասաց Քոչարյանի պաշտպանը։ Իսկ այդ բացը ենթադրում է, որ այդ մեկնաբանությունները վերջնական չեն, համապարտադիր չեն։ Իսկ սրանից էլ ենթադրվում է, որ դատարանների ու դատախազության համար դատարանների սահմանադրական նորմերի մեկնաբանությունները  վերջնական չեն, պարտադիր չեն, և այնպիսի իրավական հետևանք, ինչպիսին ունենում են ՍԴ որոշումները, չեն կարող ունենալ։

Ավելին սրան ՍԴ-ն ևս մեկ անգամ արձանագրել է, որ դատարանները ոչ թե հայեցողություն ունեն բացահայտել այդ խնդիրը, այլ պարտավոր են  դիմել ՍԴ։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և Քոչարյանին ու մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով դիմել ՍԴ։ Բացի այդ, դատարանն արձանագրել էր, որ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից: