Արդյունքները պետք է 3 ամսում ամփոփեին, 5 ամիս է՝ չեն ավարտել

Արդյունքները պետք է 3 ամսում ամփոփեին, 5 ամիս է՝ չեն ավարտել

2022-ի հոկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանում անցկացվեց մարդահամար, որի վրա ծախսվեց մոտ 1.5 միլիարդ դրամ։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն է։ Հարցաթերթիկներն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով են լրացվել` պլանշետներով եւ ընտրողաբար՝ հեռախոսազանգերի, ոչ թե այցելությունների սկզբունքով։ Ըստ օրենքի՝ մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ, Հայաստանում մարդահամար անցկացվել է 2001 և 2011 թվականներին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված հաջորդ անգամ հետաձգվել է երկու տարով: Հարցաթերթիկում այս անգամ եղել են նաև անհատական հարցեր՝ անուն-ազգանուն, ծննդյան օր, քաղաքացիության, երկրի, եկամտի աղբյուրների մասին: Քաղաքացիներից հետաքրքրվել են նաև, թե որտեղ են գտնվում տան անդամները և այլն: Հարցեր են հնչել նաև կրթության, առողջության, աշխատանքի, բնակարանային պայմանների, ամուսնական կարգավիճակի, զբաղմունքի և այլնի վերաբերյալ։ Այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է ՀՀ վիճակագրության կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի հետ:

- 2022-ի հոկտեմբերին անցկացված մարդահամարից անցել է հինգ ամիս և ոչ մի տվյալ չի հրապարակվել: Ինչո՞ւ:

- Դեռ չկան տվյալներ: Շուտով կլինեն նախնական` առաջին տվյալները: Մեկ-երկու շաբաթից: Հիմա ամփոփման գործընթացների մեջ ենք:

- Ինչո՞ւ է ձգձգվում ամփոփումը: Ինչո՞ւ չի հրապարակվում:

- Չի ձգձգվում: Ծրագրով նախատեսված ժամկետի մեջ է: Ժամկետում նշված է` երեք ամիս:

- Բայց հինգ ամիս է անցել:

- Առաջիկայում պատրաստ կլինի: Նոր մեթոդով ենք անցկացրել: Պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ իր ծրագրային հունով գնում է: Հոկտեմբերին է անցկացվել, որից հետո եղել է վերահսկիչ շրջագայություն:

- Սրանից առաջ մարդահամար եղել է 2011-ին: Ի՞նչ է փոխվել մարդահամարում այս 13 տարվա ընթացքում:

-Նախորդ մարդահամարներն անցկացվել են ավանդական ձևաչափով: Թղթային հարցաթերթի միջոցով, այժմ` էլեկտրոնային տարբերակով է անցկացվել` պլանշետներով:

- Ո՞ր մարզերում և ո՞ր քաղաքներում է անցկացվել:

- Նախորդ մարդահամարները եղել են համատարած` բոլոր մարզերում և բոլոր քաղաքաներում: 2022-ի մարդահամարը եղել է փոքր ինչ այլ: Բնակչության պետական ռեգիստրի ցուցակը, որը ձևավորվել է ու ճշգրտվել է մի քանի փուլերով, ընտրվել է հասցեների 25 տոկոսը` Հայաստանի բոլոր բնակավայրերից: Այնպես որ բոլոր մարզերն ու քաղաքները ներգրավված են:

- Իսկ ինչպե՞ս է ընտրվել այդ 25 տոկոսը:

- Դե կան բնակավայրեր, որոնք, օրինակ, որպես խանութ, կամ այլ կառույց են ծառայում: Կան նաև բնակավայրեր, որոնց հասցեներում մարդիկ չեն ապրում:

- Իսկ տեխնիկական մասից զատ էլ ի՞նչ փոփոխություններ են եղել մարդահամարի սկզբունքներում:

- Բնականաբար եղել են փոփոխություններ: Հարցադրումների մեջ եղել են որոշ փոփոխություններ, հաշվի առնելով, որ կան ներքին ու միջազգային պահանջներ:

- Ի՞նչ հարցեր են եղել:

- Բավականին շատ հարցեր․ Քաղաքացիություն ունեցող կամ չունեցող մարդկանց մասին են հարցեր եղել, որպեսզի կարողանան առանձնացնել փախստականներին և ապաստարան գտածներին: Հարցեր են եղել նաև նրանց հետ կապված, ովքեր հայ են, սակայն ՀՀ քաղաքացիություն ստացել են ավելի ուշ: Հարցեր են եղել նաև անձի առողջական վիճակի մասին: Այդ հարցն առաջին անգամ է ներառվել, ի դեպ:

- Իսկ արտագաղթի` Հայաստանից հեռացողների մասին հարցեր չե՞ն եղել:

- Եղել են: Հարցեր են եղել, թե որն է մարդու ծննդավայրը, որտեղից է եկել, և այլն, և այլն, որն է եղել բնակության հասցեն փոխելու պատճառը….

- Գուցե պատկերը հուսադրող չի եղել և հենց այդ պատճառո՞վ է ձգձգվում արդյունքների հրապարակումը:

- Աշխատանքներն ունեն հաջորդականություն: Դրանք զուտ թվեր չեն, որ գումարենք և ասենք: Տվյալները պետք է հավաքագրվեն, ծրագրերի ամբողջականությունը պետք է ապահովել: Պետք է վստահ լինենք, որ մեր տարածման գործիքը ճիշտ է աշխատում: Դրանք բոլորը ժամանակ են պահանջում: Մոտ երկու շաբաթից արդյունքները պատրաստ կլինեն: