Նիկոլ Փաշինյան․ իշխանությունը կորցրած մարդու հուսահատ քայլեր

Նիկոլ Փաշինյան․ իշխանությունը կորցրած մարդու հուսահատ քայլեր

Նիկոլ Փաշինյանին այլեւս ոչինչ չի փրկի՝ նա անցել է ռուբիկոնը։ Ոչ միայն մեր հայրենիքի շահերի դեմ է քայլեր արել, այլեւ հասարակության, պետական կառույցների։ Բարոյական ու մարդկային կանոններն է խախտել։ Հասարակությունը բաժանել է թշնամական բանակների եւ շարունակում է ամեն օր ավելի շատ պառակտել, իրեն սիրողների եւ իրեն մերժողների ճամբարներն ամեն օր ավելի ու ավելի շատ են ատում իրար ու պատրաստ են միմյանց կոկորդ կրծել։ Կա՞ արդյոք գեթ մեկ միամիտ, որ կարծում է դա նրա՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կամքով ու ծրագրով չի իրականացվում։ Կարծում եմ՝ ոչ։

Եթե վարչապետի աթոռը զբաղեցնողը  չուզենար պառակտել հասարակությունը, բաժանել հակամարտող բանակների՝ սգո երթը չես վերածում միտինգի եւ մարդկանց՝ անգամ զոհվածների ծնողներին տրորելով, չէր գնում Եռաբլուր։ Չէր պարտադրում իրավապահներին՝ տասնյակ ու հարյուրավոր ծառայողներով պաշտպանել իրեն ու պատնեշ դառնալ՝ ժողովրդի ու իր միջեւ։ 
Եթե չուզենար հասարակությանը նվաստացնել, կոտրել ու բախումների տանել, չէր մեկնի Սյունիք, որտեղ իրեն տեսնել չեն ուզում, որի համայնքապետեն իր հրաժարականն են պահանջում։ 
Եթե չուզենար արյուն հեղվի երկրում, ամեն օր լայվեր չէր մտնում եւ մարդկանց կամքին հակառակ քայլեր չէր անում՝ ավելի շիկացնելով երկրի դրությունը եւ ողջ պետական ապարատը ծառայեցնելով իր պաշտոնավարմանը։ 

Եթե անօրինական քայլեր չես անում՝ կառավարական ամառանոցում անօրինական զինուժ չես պահում՝ օրենքը քեզ պաշտպանելու համար հատուկ ծառայություն է նախատեսում՝ որոշակի թվաքանակով եւ իրավասություններով։

Եթե դու օրինական իշխանություն ես եւ քեզ դեմոկրատ ես համարում, քո հրաժարականի քաղաքական կոչեր անողներին բերման չես ենթարկում, չեղած քրեական գործերով մարդկանց չես ձերբակալում, ոստիկան չես ուղարկում քեզ մերժող քահանայի տուն։ 

Եթե քեզ ընդունում են որպես երկրի ղեկավար, զարտուղի ճանապարհով ու գողեգող չես մեկնում հարավային սահման, ապա անվտանգության աննախադեպ միջոցառումներ չես ձեռնարկում, զրահապատ ճամպրուկներ ու հովանոցներ, մեզանում դեռեւս չլսված զենք ու պաշտպանական միջոցներ չես օգտագործում։  

Ինչքան կարող է այս անզոր ու հուսահատ քայլերով պահել իշխանությունը Նիկոլ Փաշինյանը։ Այդ ժամանակն ուղիղ համեմատական է նրա բարոյականությանը, գիտակցությանը, երկրի ու հասարակության հանդեպ հարգանքին, պետությունը չկործանելու զգացումին։ Ունի՞ արդյոք նա բավարար բարոյականություն, արժանապատվություն եւ պետության զգացողություն, ցույց կտա ժամանակը։

Սվետա Մարտիրոսյան