«Հրապարակ». Ցավով արձանագրում եմ, որ լավագույնները հեռանում են

«Հրապարակ». Ցավով արձանագրում եմ, որ լավագույնները հեռանում են

Փետրվարի 26-ին դադարեցվեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արշակ Վարդանյանի լիազորությունները։ Ըստ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության՝ լիազորությունները դադարեցվել են Արշակ Վարդանյանի դիմումի հիման վրա, այլ կերպ ասած՝ նա հրաժարական է տվել դատավորի եւ ինքնաբերաբար՝ նաեւ ԲԴԽ անդամի պաշտոնից, քանի որ ԲԴԽ-ի դատավոր անդամներից էր, ոչ թե գիտնական, իսկ դատավոր անդամը պետք է գործող դատավոր լինի, ոչ թե պաշտոնաթող։ Մեզ հետ զրուցում Վարդանյանը հրաժարվել էր իր հեռանալու պատճառները ներկայացնել: Ասել էր. «Չեմ կարող ասել, ո՛չ ուզում եմ մանիպուլացնել` ուրիշ բան ասել, բայց ո՛չ էլ ուզում եմ այլ բան ասել։ Եթե հնարավոր է` չասեմ, թող մնա հետո, այս պահին հարմար չէ»։ Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում պարզաբանի, բացատրի, թե ինչու է հրաժարական տվել։ «Կարծում եմ՝ առանց իմ պարզաբանելու էլ․․․, մարդիկ կան, որոնք կպարզաբանեն։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, շնորհակալ եմ»,- պատասխանել էր Վարդանյանը` այդպես էլ չբացելով փակագծերը։

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է փորձել պատճառները պարզել։ «Իրականում տեղյակ չեմ պատճառների մասին, փորձել եմ ճշտել պատճառները, սակայն ինձ չի հաջողվել դա անել, քանի որ պարոն Վարդանյանը չի խոսում այդ պատճառների մասին։ Ես այս պահին ընդամենը ցավով արձանագրում եմ, որ լավագույնները հեռանում են, իսկ պարոն Վարդանյանը հենց դատական համակարգի լավագույններից էր։ Ես պարոն Վարդանյանին ճանաչում եմ նրա՝ դատավոր դառնալու առաջին օրվանից եւ ինձ իրավունք եմ վերապահում նրա հասցեին նման տեսակի գովեստի խոսքեր ասել»,- ասաց Վարդազարյանը։ Ի դեպ, Արշակ Վարդանյանը Կենտրոն դատարանի երկարամյա նախագահ Ժորա Վարդանյանի որդին է եւ, կարելի է ասել,  իրավաբանի մասնագիտությունը ժառանգել է հորից:

Երբ Արշակ Վարդանյանն ընտրվեց ԲԴԽ անդամ, շատ դատավորներ, փաստաբաններ, իրավաբաններ ուրախությամբ արձանագրեցին, որ դատավորների համայնքը տեղի չտվեց իշխանական ճնշումներին, անկախություն դրսեւորեց եւ իր թեկնածուին ընտրեց։ Ի դեպ, այդ ընտրություններում իշխանական թեկնածուն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն էր, որ ստացել էր ընդամենը 71 ձայն, իսկ Վարդանյանը` 172 ձայն։ Ռուբեն Վարդազարյանին հարցրինք՝ արդյոք Վարդանյանի հրաժարականը դատավորների պարտությունը չէ՞, մտավախություն չունի՞, որ այս հրաժարականը դատավորներին կարող է ավելի հարմարվող ու կոմֆորմիստ դարձնել, կոտրել նրանց անկախությունը։

«Ասեմ ավելին՝ ես այդ օրը գուցե Ձեր հարցին ի պատասխան ասել եմ, որ դատական իշխանությունը ցույց տվեց, որ ինքը դեռ կենդանի է, կյանքի նշաններ ցույց տվեց, եւ ամեն ինչ կորսված չէ, կարելի է շարունակել պայքարել երազանքին հասնելու համար, եւ որ դատական իշխանությունն այդպես իր կամքը դրսեւորեց։ Միանշանակ ճիշտ եք, նման մտավախություններ ունեմ, դժվար կլինի գտնել պարոն Վարդանյանի նման պայքարող տեսակի, որպեսզի գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ, բայց նորից եմ կրկնում՝ ամեն ինչ կորսված չէ, հնարավոր է համակարգում գտնել պարոն Վարդանյանի տեսակին նման, պայքարող, արդարամիտ, արդարասեր, ազնիվ դատավորի եւ նորից գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի ԲԴԽ-ում ներկայացված լինեն նաեւ լավ դատավորներ, ոչ միայն կոմֆորմիստները»,- պատասխանեց Վարդազարյանը։

Արշակ Վարդանյանի հրաժարականից հետո ԲԴԽ-ն, կարելի է ասել, դարձավ միատարր` իշխանական, պետական այս մարմնում այժմ ներկայացված են անձինք, որոնք միշտ պատրաստ են կողմ քվեարկել վերեւից իջեցված ցանկացած որոշման եւ մինչ այժմ, մեծ հաշվով, այդպես էլ վարվել են։ Արշակ Վարդանյանը ԲԴԽ միակ անդամն էր, ով դեմ էր քվեարկում եւ թեեւ փոքր, այնուամենայնիվ, այլակարծություն էր ապահովում` պաշտպանելով իր դատավոր գործընկերների շահերը։ ԲԴԽ նախկին նախագահին հարցրինք՝ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ դատական համակարգի վրա այն հանգամանքը, երբ ԲԴԽ-ում միայն Կարեն Անդրեասյանի համախոհներն ու «ենթականերն» են մնացել։

«Շատ ցավալի բան տեղի կունենա․ ինչպես մի անգամ պարոն Մակյանն էր ասել՝ որոշումները կոնսենսուսով կընդունվեն, այսինքն՝ միաձայն, ինչը կնշանակի, որ դատական իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի, չկա կարծիքների բախում, տեսակետների բախում եւ, հետեւաբար` չկա ճշմարտություն, այսինքն՝ կա մի հոգու՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամք, եւ վերջ, իսկ եթե ավելի խորանանք, ապա նույնիսկ դա ԲԴԽ նախագահի կամքը չէ, այլ քաղաքական իշխանության կամքն է»,- պատասխանեց Վարդազարյանը։