Արցախի կայքերը պետք է միշտ հասանելի լինեն․ Արտակ Բեգլարյան 

Արցախի կայքերը պետք է միշտ հասանելի լինեն․ Արտակ Բեգլարյան 

Արցախի բռնի հայաթափումից հետո խնդիրներից մեկն էլ արցախցիների անձնական տվյալների գաղտնիությունն է։ Մասնավորապես, մտահոգիչ են Արցախի Պաշտպանության բանակի զինվորականների, պետական ծառայողների և պաշտոնյաների մասին տեղեկությունների բազաների անվտանգության հարցերը՝ հատկապես որ այդ բազաները կարող են հայտնվել ադրբեջանցիների ձեռքերում։ 
Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը <Հրապարակի>> հետ զրույցում ասաց, որ կարծում է՝ դժվար թե նման բան լինի, սակայն բավարար տեղեկություններ չունի, վստահաբար դա պնդելու համար, քանի որ այդ ժամանակ իշխանության մաս չի կազմել։ 

«Տեղյակ չեմ մանրամասն, բայց որոշ չափով հետաքրքրվել եմ՝ կայքերի սերվերների հիմնական մասը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում։ Կային սերվերներ, որոնք Արցախում էին գտնվում՝ մի քանիսից տեղյակ եմ, որ հանել են։ Բայց ես չեմ կարող բոլորի մասով ասել, արդյոք սերվերներն ամբողջովին հանվել են կամ վնասազերծվե՞լ են, թե՞ ոչ։ Բայց նաև հաշվի առեք, որ կայքերի մասով նման վտանգ չկա, որովհետև կայքերը միշտ հասանելի են եղել՝ բաց ինֆորմացիա էր։ Վստահ եմ, որ արդբեջանցիները պարբերաբար պատճենում էին՝ backup էին անում՝ այսպես ասեմ»,- ասաց Բեգլարյանը։ 

Նա նշեց, որ ավելի շատ խնդիրներ կարող են լինել փակ տվյալների հետ կապված։ Դա կարող է լինել, օրինակ, էլեկտրոնային հասցնեներ, նամակագրություններ, էլեկտրոնային փաստաթղթեր և այլն, բայց այս մասով Բեգլարյանը բավարար տվյալներ չունի՝ ավելի հստակ պատասխան տալու համար։ 

Մեր հարցադրմանը, որ եթե Արցախի կառավարության, Ազգային Ժողովի համակարգիչները տեղում են մնացել, այդպիսի վտանգ կա՞, ասաց՝ չի կարող ասել․ «Եթե համակարգիչները մնացել են՝ այո, այդպիսի վտանգ կա, բայց ես անկեղծորեն չգիտեմ։ Ինչ-որ կցկտուր տեղեկություններ եմ ստացել, բայց այնպիսի տեղեկություններ չեն, որոնց հիման վրա ես հիմա կարող եմ եզրահանգումներ անել և հրապարակային Ձեզ ասել»,- նշեց Արցախի նախկին պետնախարարը։ 

Անդրադառնալով իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի օրերս արված առաջարկին՝ արցախյան բոլոր պետական կայքերը վերականգնելու հետ կապված, Արտակ Բեգլարյանն ասաց, որ կողմ է այդ գաղափարին և գիտի, որ արխիվացման ուղղությամբ որոշակի քայլեր արվել են նաև փորձագետների աջակցությամբ։ 

«Ես կարծում եմ, որ այո, պիտի մեր կայքերը միշտ հասանելի լինեն։ Դա և քաղաքական նշանակություն ունի, և պատմագիտական նշանակություն։ Պիտի միշտ գործեն։ Բայց ես կդժվարանամ ասել, թե որքանով հնարավոր է բոլոր կայքերի պարագայում դրանց վերագործարկումը։ Դրա համար պետք է Արցախի կառավարությունից դրա գնահատականը տան, ովքեր տիրապետում են իրավիճակին»,-եզրափակեց Արտակ Բեգլարյանը։