«Հրապարակ». Կոմիտասի, Սպենդիարյանի եւ Խաչատրյանի տուն-թանգարան-ինստիտուտները եւս ապահովագրված չեն

«Հրապարակ». Կոմիտասի, Սպենդիարյանի եւ Խաչատրյանի տուն-թանգարան-ինստիտուտները եւս ապահովագրված չեն

Ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակներում միավորվող եւ խոշորացվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկը մի քանի օր է՝ փոթորկել է մամուլն ու սոցիալական ցանցերը: 
Նախօրեին «Համակոնսերվատորիական ժողովի» արդյունքում որոշում ընդունվեց կազմակերպել ստորագրահավաք՝ Կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ։

Ստորագրահավաքը համակարգում է ԵՊԿ ուսանողական խորհուրդը, իսկ մեկնարկը տրվեց երեկ՝ Կոնսերվատորիայի ճեմասրահում, որը կշարունակվի մինչեւ ուրբաթ։ Նաեւ հաշվի առնելով, որ Կոնսերվատորիայի նախկին ուսանողներից շատերն այժմ գտնվում են արտերկրում, միաժամանակ ստեղծվել է առցանց հարթակ՝ նրանց մասնակցությունը եւս ապահովելու համար։

Ստորագրահավաքին մասնակցող օպերային երգիչ Հայկ Տիգրանյանը կարեւորում է, որ Կոնսերվատորիան լինի հենց քաղաքի կենտրոնում, որն Օպերայի, Ֆիլհարմոնիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հետ միասին մի մեծ մշակութային համալիր է ձեւավորում հենց քաղաքի սրտում։ Ավելին՝ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, սովորելով եւ դասավանդելով Կոնսերվատորիայում, կարողանում են միաժամանակ նվագել ու երգել տարբեր նվագախմբերում եւ երգչախմբերում․ «Կոնսերվատորիան պետք է լինի քաղաքի կենտրոնում, ինչպես աշխարհի լավագույն կոնսերվատորիաները, օրինակ՝ Իտալիայինն Իտալիայի կենտրոնում է, Ֆրանսիայինը՝ Ֆրանսիայի կենտրոնում»։ Նախարարությունն ականջալուր կլինի՞ երաժիշտների ձայնին, թե՞ կանի այն, ինչ ի սկզբանե պլանավորել են։ «Երբ երաժիշտները ոտքի են կանգնում, վստահ եմ, որ նախարարությունը լսում է երաժիշտներին, նույնը ժամանակին եղավ օպերային թատրոնում, եւ թատրոնը հաղթահարեց այդ դժվարին օրերը։ Սա էլ կհաղթահարի»։   

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի կարծիքով, Կոնսերվատորիան չի կարող եւ չպետք է տեղաշարժվի նաեւ այն պատճառով, որ դա կարող է լուրջ եւ անդառնալի հարված հասցնել բոլոր պետական երաժշտական հաստատություններին․ «Հատկապես կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբերին, բոլոր երգչախմբերին, որոնցում ներգրավված են բազմաթիվ ուսանողներ եւ դասախոսներ: Դա այդ կոլեկտիվների համար կհանդիսանա քայքայման եւ ոչնչացման գործողության սկիզբը: Միաժամանակ, հատուկ պաշտպանության, հասարակական արթուն հսկողության տակ պետք է պահել նաեւ հայ ականավոր կոմպոզիտորներ Կոմիտասի, Սպենդիարյանի եւ Խաչատրյանի տուն-թանգարան-ինստիտուտները, որոնք եւս ապահովագրված չեն Կոնսերվատորիայի ճակատագրին արժանանալուց: Այլապես վաղը գործը մինչեւ անգամ կարող է հասնել երաժշտական եւ արվեստի դպրոցներին, որոնք օժտված են ինքնուրույն հարմարավետ շենքերով: Այս ամենի մայրը հանդիսացող Կոնսերվատորիան գլխատելուց հետո շատ արագ կարող են լուծվել մյուս բոլոր հարցերը: Այն էլ՝ ոչ միայն մայրաքաղաքում տեղակայվածների հետ»:
ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանն ասում է, որ նախօրեին՝ «Համակոնսերվատորիական ժողովի» ժամանակ, ԿԳՄՍՆ ներկայացուցիչը փորձել է իրենց բարձր աշխատավարձերով մոտիվացնել՝ պրոֆեսորադասախոսական կազմի համաձայնությունը կորզելու համար, բայց իրենք աշխատավարձերի համար չեն աշխատում․ «Մենք նվիրյալներ ենք, ու այստեղ ոչ մի երաժիշտ աշխատավարձի համար չի աշխատում»։

Պրոֆեսոր, Կոնսերվատորիայի դասախոս Նունե Բադալյանն էլ կարծում է՝ եթե բոլոր արվեստագետները ոտքի կանգնեն, հնարավոր կլինի այս հարցը լուծել․ «Ինձ համար շատ տարօրինակ է, որ իրենք ուզում են ինչ-որ կլաստերներ ստեղծել նոր տարածքներում, երբ արդեն կա ստեղծված համալիրը։ Կոնսերվատորիայի շուրջը խմբված են թե՛ պարարվեստի, թե՛ երաժշտական արվեստի օջախները, այդ կլաստերը, որ իրենք ուզում են ստեղծել, արդեն կա»։ Պրոֆեսորն ասում է՝ Կոնսերվատորիայում բոլորն են դեմ՝ դասախոսները, ուսանողները, անգամ՝ հավաքարարը․ «Որովհետեւ անգամ Կոնսերվատորիայի հավաքարարը մեծ երաժշտական կրթություն ունի»։

Այս որոշումն իրենց համար անակնկա՞լ էր։ «Գիտեք, դեռ 90-ականներից այս շենքը շատ-շատերի աչքն է ծակում՝ կենտրոնում ունենալ նման մեծ տարածք, սա մեծ հարստություն է, որը նաեւ մեր քաղաքի դեմքն է»։ Այդ առումով իրենց բողոքի ձայնը մի քիչ ուշացած չէ՞, հատկապես որ վերջին 2 տարին պարբերաբար խոսվում է բուհերը միավորելու, ակադեմիական քաղաք տեղափոխելու եւ այնտեղ արվեստի կլաստեր ստեղծելու մասին։ «Երբեւիցե չէինք մտածում, որ կհասնենք սրան, ամեն անգամ հուսադրում էինք մեզ, որ անիմաստ բան են խոսում, դրա համար սա այսօր մեզ համար շոկ է։ Ուզում եմ նաեւ շեշտել, որ այստեղ այս աղքատավարձով աշխատում են նվիրյալ մարդիկ»։ Ասում է՝ հեռու է «պոլիտիկայից», բայց եթե այդ որոշումը չչեղարկվի, ինքն ուսանողներին ոտքի կհանի։ «Այստեղ հավաքված է քաղաքի ինտելիգենցիան, իսկ հեղափոխություններ անում են հենց նրանք»։

Սարգիս Հայոցյանը, նախօրեին արձագանքելով երաժիշտների փաստարկներին, նշեց, որ 15 րոպե քայլելու փոխարեն թող 30 րոպե մեքենայով գնան ու հասնեն ակադեմիական քաղաք․ «Ես, նախ, 5 րոպե եմ քայլում, ո՛չ 15, եւ հետո՝ սա քայլելու հարցը չէ, սա համագործակցելու, շփվելու հարց է, սա է այն հարթակը, որն արդեն ունենք, ինչի՞ ենք ուզում սա քանդել ու նորը ստեղծել»։