Ես չեմ ստանում պարգեւավճար եւ կարծում եմ՝ ճիշտը չստանալն է

Ես չեմ ստանում պարգեւավճար եւ կարծում եմ՝ ճիշտը չստանալն է

Արցախից տեղահանված մոտ 40 հազար բնակչից գրեթե 5 հազարն արդեն վերադարձել է Արցախ, Հայաստանում այս պահին բնակվում է 30 հազարին մոտ արցախցի։ Նրանց մասով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է կացարանների ծրագիր՝ մեկ անձի հաշվով մինչեւ 6 ամիս ժամկետով 30 հազար դրամ փոխհատուցում է տալիս, որ կարողանան իրենց բնակարանի վարձը վճարել։ Ու թեեւ ծրագիրը 6 ամիս ժամկետով է, բայց որքան անհրաժեշտություն լինի, այդ գումարը կփոխհատուցեն։ Բացի այդ, նախարարությունը փորձում է նաեւ Արցախում բնակարանային հարցեր լուծել, որ ՀՀ-ում ժամանակավոր հաստատվածները կարողանան վերադառնալ Արցախ։ Այս տվյալները մեզ հետ զրույցում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

- Վերջերս կառավարության նիստում հաստատվեց մի ծրագիր, որով միանվագ 300 հազար դրամ է փոխանցվում Արցախում կորսված տարածքների բնակիչներին, սակայն մեզ ասացին, որ իրականում մարդկանց 83 հազար է փոխանցվում՝ 300-ի փոխարեն։

- Չէ, իրականում երկու միջոցառում ունենք, 300 հազար դրամ տրամադրվել է այն անձանց, ովքեր կորցրած տարածքներից են, եւ ունեինք 68 հազար դրամ, գումարած՝ 15 հազար, որոնք մնացած բոլոր տարածքներից են՝ Ստեփանակերտ եւ այլն։ Հավանաբար, այդ անճշտությունը դրա հետ է կապված։

- Մենք բյուջեում ունե՞նք այդքան գումար, մինչեւ ե՞րբ է կառավարությունն այս ծրագրերն իրականացնելու։

- Այս պահին առկա ծրագրերի մի մասը, որոնք նախորդ տարվանից են սկսվել, պատշաճ իրականացվել են, այս տարի էլ բյուջեի շրջանակներում իրականացնում ենք։ Այն ծրագրերը, որոնք նաեւ նախանշել ենք, թեեւ բյուջեն, գիտեք, հաստատվել է եւ ծրագրված էր մինչեւ պատերազմը, եւ բնական է, որ այս որոշ միջոցառումներ բյուջեում արտացոլված չեն օրենքի շրջանակներում, սակայն վերաբաշխումների միջոցով իրականացնում ենք՝ հաշվի առնելով, որ առաջնահերթությունները փոխվել են, ընդ որում՝ ոչ միայն սոցիալական վերաբաշխումը նկատի ունեմ, ընդհանրապես՝ բյուջեի վերաբաշխումներով։ Այս պահին նախատեսվող ծրագրերի ֆինանսավորման մասով որեւիցե մտավախություն չունենք, ֆինանսավորումը կշարունակվի։

- Ու որքա՞ն կշարունակվի։

- Երկու մասի բաժանենք․ այն մասով, ովքեր որ դեռեւս ստեղ են բնակվում եւ չունեն մշտական բնակության վայր, այնքան, մինչեւ մենք կապահովենք Արցախում իրենց համար մշտական բնակարաններ, քանի որ դա փուլային է, այսինքն՝ հնարավոր է 1000 հոգի մի ամսից տեղափոխվի, իսկ ինչ վերաբերում է Արցախում, ապա Արցախի կառավարության հետ քննարկում ենք, ըստ անհրաժեշտության՝ այնտեղ ոչ միայն փորձում ենք ուղիղ ֆինանսավորման միջոցով աջակցել քաղաքացիներին եւ ստեղծել միջավայր։ Մասնավորապես, հարկային օրենսդրությունն է շուտով ամբողջովին փոխվում, վեց ամսով եկամտային հարկն է փաստացի դուրս եկել, այսինքն՝ դուրս է եկել ամբողջ ծավալով, այսինքն՝ Արցախում ավելի շատ մենք գնում ենք նրան, որ մարդկանց համար աշխատանք ու միջավայր ապահովենք, քան ուղիղ ֆինանսավորում։

- Ձեր ընդդիմադիր գործընկերներից բարձրաձայնում են, որ փոխանակ Արցախում բնակարանաշինությամբ զբաղվեք, գումարային օժանդակություն եք ցուցաբերում։

- Տեսեք, երկու մասի բաժանենք․ պատերազմից հետո այդ մարդիկ ոչ միայն իրենց կացարանն են կորցրել, այլեւ կորցրել են գրեթե ամեն ինչ։ Բնական է՝ այդ մարդիկ ունեին օրվա հացի խնդիր, նյութական կարիքներ եւ այլն։ Եվ ոչ միայն այդ մարդիկ, շատերն ունեին կացարան Արցախում, բայց ապրելու հնարավորություն չունեին՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Այդ մասով մենք իրականացրել ենք ֆինանսական աջակցություն, որը, կարծում եմ, խիստ անհրաժեշտ էր դա իրականացնել, իհարկե, արդեն հաջորդ փուլում՝ կացարանների ապահովում եւ աշխատանքի խրախուսում․ այդ ուղղությամբ Արցախի իշխանությունների հետ մենք ինտենսիվ աշխատում ենք։

- Այս ծրագրերը բյուջեի վրա ի՞նչ կարգի բեռ են ավելացնում։

- 15 միլիարդից ավելի արդեն ծախսվել է։

- Սա միայն արցախցիների՞, թե՞ նաեւ ՀՀ զինծառայողների ու նրանց ընտանիքներին օժանդակության մասով եք ասում։

- Չէ, սա միայն մեր սոցիալականն եմ ասում, զինվորների մասով հիմնադրամից են հատկացումներ իրականացվում։ Խոսքը «1000 դրամների» հիմնադրամի մասին է։ Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներն այդ հիմնադրամից են ստանում՝ օրենքով սահմանված կարգով, բայց քանի որ այնտեղ դուրս էին մնացել երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները, որոնք որեւիցե աջակցություն չեն ստանում օրենքով, մենք կառավարության նախորդ նիստին նախաձեռնեցինք մի նախագիծ, որ բոլոր վիրավորները, անկախ վիրավորման չափից, բացի առաջին եւ երկրորդ խմբերից, ստանան 500 հազար դրամ միանվագ աջակցություն։ Շահառուների մոտավոր թիվը 6 հազար է, արդեն հաջորդ շաբաթվանից այդ ծրագիրը կսկսեն։

- Խոսվում էր նաեւ մինչեւ 80 միլիոն դրամ աջակցության մասին, որից 10 միլիոնը միանվագ է տրվելու, մնացածը՝ 20 տարում, եւ կարծիք կա, որ կառավարությունն այսպիսով փորձում է այդ ընտանիքներին կախման մեջ պահել իշխանությունից։

- Չէ, դա օրենքով է կարգավորված, հիմնադրամի մասով միշտ այդպես է կարգավորումը եղել՝ հաշվի առնելով, որ գումարը բավականին մեծ է եւ միանգամից չի կարող տրամադրվել։

- Իսկ ինչո՞ւ է որոշվել, որ այդ 1000 դրամի շեմն էլ պետք է ավելանա՝ 1500 դրամ եւ ավելի։

- Տեսեք, ակնհայտ է, որ, ցավոք, պատերազմի հետեւանքով ունեցանք այնպիսի թվով զոհեր եւ վիրավորներ, որ առկա կարգավորումներով եղած գումարի չափը չէր բավարարում հիմնադրամի պարտավորությունները կատարելուն, եւ պատշաճ կատարելու համար անհրաժեշտություն առաջացավ չափը բարձրացնելու, որպեսզի հնարավոր լինի իրականացնել։

- Ու այստեղ նորից ձեզ քննադատում են, որ թող կառավարությունն իր պարգեւավճարները կրճատի, այդ գումարներն ուղղի հիմնադրամին, ոչ թե նորից ամբողջ բեռը գցեն ժողովրդի վրա։

- Կարող եմ փաստել՝ ես պարգեւավճար չեմ ստանում։ Նախարարության աշխատակիցների դեկտեմբեր ամսվա պարգեւավճարն էլ մենք ամբողջությամբ փոխանցել ենք Արցախի երեխաներին։

- Դուք չեք ստանում, բայց շատ այլ գերատեսչություններ ստանում են, ՊԵԿ-ը ստանում է, էկոնոմիկայի նախարարությունը ստանում է։

- Ես չեմ ստանում պարգեւավճար, ենթադրելի է, որ ես կարծում եմ, որ ճիշտը չստանալն է։

- Այդ հարցը չե՞ք բարձրացրել կառավարությունում։

- Իմ չստանալով բարձրացրել եմ, ես կարծում եմ՝ այս պահին մենք չենք գտնվում այնպիսի իրավիճակում, որ․․․ Ընդհանրապես, պարգեւավճար պետք է ստանան լավ աշխատանքի, լրացուցիչ աշխատանքի համար։ Ես կարծում եմ, որ մենք կատարում ենք աշխատանք, որը մեր պարտականությունն է։ Ցավոք, այս պատերազմից հետո սոցիալական խնդիրներն այնքան են բարդացել, որ ես կարծում եմ՝ մենք պետք է մեր բոլոր ուժերը ներդնենք սոցիալական խնդիրների արագ կարգավորման վրա, դրանից հետո նոր մտածենք պարգեւավճարների կամ հավելյալ արտոնությունների մասին։