Ես դժգոհ եմ նոր իշխանության գործելաոճից, դրանից էլ հացադուլ էի հայտարարել

Ես դժգոհ եմ նոր իշխանության գործելաոճից, դրանից էլ հացադուլ էի հայտարարել

Ամիսներ առաջ Կոտայքի մարզպետարանի դիմաց մի քաղաքացի հացադուլ հայտարարեց: Նա արդարություն էր պահանջում: Այդ օրը, նա ոչ մեկի հետ չխոսեց, եւ մի քանի ժամ մարզպետարանի դիմաց նստելու հետո, հեռացավ:Պարզեցինք, որ արդարության պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացին Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ավագանու անդամ Հովիկ Հունանյանն է:

Ի դեպ Հունանյանը իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառում է կատարել.

«Ընդամենը երեք հատ հնամաշ բաճկոն ունեմ ես, որ դա էլ տամ քեզ, կբավարարվե՞ս, որ երկիրս նորմալ կառավարես. պարոն Նիկոլ Փաշինյան:

Թախտից գլորվեցիր բազմեցիր գահին

Աղոթքիս ժամին մոմերս հանգեցրիր

Ստոր բարքերին թևեր տվեցիր

Ձախորդ Փանոսներով հողս սերմեցիր:

Բնության պատճառած աղետներից խեղճ Սոլակցուն, ոչ մի քոռ հատիկ չտվեցիք»:

Հունանյանից հետաքրքրվեցիք՝ ինչո՞ւ էր նման քայլի դիմել. «Ես պատասխան չեմ ստացել ներկա իշխանություններից, եւ դժգոհ եմ նրանց ոչ ճիշտ գործելաոճից:Անցած տարի գյուղում քամին բավականին մեծ վնաս հասցրեց գյուղին, սակայն մինչեւ օրս այդպես էլ որեւէ փոխհատուցում չստացան, բայց իրենք իրենց պարգեւատրելու մասին չմոռացան: Մարզպետարանից, արտակարգ իրավիճակների նախարարությանից եկան, ակտերը կազմեցին, բայց փոխհատուցում չտվեցին»:

Հարցրեցինք՝ միայն դա էր պատճա՞ռը. «Ոչ միայն դրա համար, նաեւ նոր գյուղապետի սխալ նշանակման պատճառով, որ նրան կոպիտ խախտումներով նշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար: Տվյալ պահին նա գործող ավագանու անդամ էր, օրենքը խախտելով նշանակեցին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ես նաեւ դրա դեմ ըմբոստացա: Դիմել եմ համապատասխան կառույցների, ոչ մի պատասխան: Գաղտնի արտահերթ նիստ են կայացրել, կեղծ օրակարգի հիման վրա դադարեցրել են ավագանու լիազորությունները: Ես գրավոր դիմեցի մարզպետարան նրանք ինձ չընդունեցին, նամակներիս չպատասխանեցին, հիմա պատրաստվում են գրավոր նամակով դիմել Փաշինյանին»,-ասաց Հովիկ Հունանյանը:

Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի քամուց տուժած բնակիչները փոխհատուցում ստացե՞լ են, թե ոչ: