«Հրապարակ». Հակակոռուպցիոն դատարանները միայն կարկառուններին են դատելու

«Հրապարակ». Հակակոռուպցիոն դատարանները միայն կարկառուններին են դատելու

Իշխանություններն արդեն չեն էլ թաքցնում, որ Հակակոռուպցիոն դատարանները ստեղծել են կոնկրետ անձանց՝ նախկին պաշտոնյաներին դատելու համար։ Այդ մասին են վկայում Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի հավելված 1-ում թվարկված են այն հանցատեսակները, որոնք համարվում են կոռուպցիոն, եւ, ահա, կատարված փոփոխություններից հետո այդ հավելվածում 256-րդ հոդվածը՝ «փողերի լվացումը», հանվել է, դրա փոխարեն ներառվել է այս հոդվածի միայն որակյալ մասը՝ 3-րդ մասի 2-րդ կետը՝ փողերի լվացումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։ Այսինքն՝ հակակոռուպցիոն դատարանը կքննի միայն փողերի լվացմանը վերաբերող քրեական գործերը՝ բացառապես այն դեպքերում, երբ դրանք կվերաբերեն պաշտոնատար անձանց։

Այս փոփոխության հետեւանքով, ինչպես արդեն գրել ենք, մոտ 100 քրգործ հակակոռուպցիոն դատարանի ընդդատությունից հանվել ու ուղարկվել է ընդհանուր իրավասության քրեական դատարան, ինչի հետեւանքով այդ գործերը պետք է սկսեն քննել զրոյից։ Սրան զուգահեռ, փոփոխություններ են կատարվել նաեւ Քրեադատավարական օրենսգրքում, ըստ որի՝ վարույթն ըստ ընդդատության ստացած հակակոռուպցիոն կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչեւ նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա առարկայական ընդդատությանը: Ընդհանուր իրավասության դատարանն էլ, օգտվելով այս լիազորությունից, դիմել է Վճռաբեկ դատարան՝ այս գործերի ընդդատության հարցը որոշելու համար: Այսինքն՝ թե դատարաններից որ մեկը պիտի քննի դրանք։