Քննարկվել են գաղափարական սնանկության հարցեր

Քննարկվել են գաղափարական սնանկության հարցեր

ՔՊԿ լրատվական ծառայությունը հայտնում է, որ հունվարի 25-ին տեղի է ունեցել կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որի ընթացքում «քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր»: Կուսակցությունները չեն ունենում եւ չեն քննարկում գաղափարական բնույթի հարցեր, սովորաբար քննարկում են գաղափարախոսական բնույթի հարցեր, բայց քանի որ ՔՊ-ն չունի գաղափարախոսություն, որեւէ գաղափարախոսության կրող եւ հետեւորդ չէ, դրա մասին հայտարարել է Փաշինյանը, բնականաբար, գաղափարախոսության բացակայության պայմաններում հնարավոր չէ քննարկել գաղափարախոսական բնույթի հարցեր: Գաղափարական բնույթի հարց ասելով, ՔՊ-ում թերեւս նկատի ունեն Փաշինյանի գործունեության արդյունքում ստեղծված փակուղային վիճակը: Փորձել են հասկանալ, թե ով ինչ գաղափար կարող է առաջարկել՝ այդ վիճակից դուրս գալու համար: Քանի որ նիստում հնչել է «գաղափար» բառը, դրա համար էլ որոշել են ներկայացնել, թե նիստում քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր:

Իրավիճակը Փաշինյանի եւ նրա վարչախմբի համար իսկապես փակուղային է. Ադրբեջանը չի համաձայնում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններին, Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովն ասում է, որ Ադրբեջանը համաձայն է Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին, եթե Հայաստանն էլ իր համաձայնությունը տա, ապա բանակցությունները կկայանան, եւ հնարավոր կլինի կնքել խաղաղության համաձայնագիր: Հայաստանն ուզում է, որ միջնորդը լինի Արեւմուտքը, բայց Հայաստանի կարծիքը եւ ցանկությունը հաշվի առնող չկա, որոշողն Ադրբեջանն է: Հայաստանը սարսափում է հրաժարվել բանակցություններից, որովհետեւ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, իսկ Արեւմուտքը Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տալիս, չի խոստանում, որ կարող է Ադրբեջանին ստիպել հրաժարվել Հայաստանի դեմ պատերազմից: Ի՞նչ անել․ համաձայնել Ռուսաստանի միջնորդությանը՝ նշանակում է ընդունել սեփական իշխանության սնանկությունը, ընդունել վերջին 2-3 տարիներին վարվող քաղաքականության կործանարարությունը, ընդունել Ռուսաստանի պահանջները, ընդունել այն, ինչ մինչեւ հիմա հայտարարվում էր անընդունելի, ընդունել, որ իրենց կարմիր գիծը կանաչել է:

Փաշինյանը եւ նրա ԱԽՔ Արմեն Գրիգորյանը վերջին 3 տարին ամեն ինչ արեցին, որ Ռուսաստանը դուրս մղվի Հայաստան-Ադրբեջան բանակցային հարթակից, եւ Ռուսաստանին փոխարինի Արեւմուտքը: Փաշինյան-Գրիգորյան զույգի մտածածն այն էր, որ եթե Ռուսաստանը դուրս գա բանակցային միջնորդի դերից, ապա հնարավոր կլինի հրաժարվել 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարության կատարումից, հնարավոր կլինի Ադրբեջանին չտրամադրել «անխոչընդոտ կապ Նախիջեւանի հետ», որի վերահսկողությունը պետք է իրականացներ Ռուսաստանի սահմանապահ զորքը: Արեւմուտքը`ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, շահագրգռված էին դրանում եւ պատրաստ էին օգնել Հայաստանին՝ չեղարկելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, բայց դրա համար նախ պետք էր, որ հայաթափվեր եւ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ անցներ Արցախի հայաբնակ մնացած հատվածը:

ԵՄ միջնորդությամբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված քառակողմ համաձայնագրով Փաշինյանը ճանաչեց Արցախի պատկանելությունն Ադրբեջանին եւ ամեն կերպ օժանդակեց Արցախի հայաթափմանը: Չլինի Արցախը, չի լինի նաեւ Լաչինի միջանցքը, իսկ եթե դրանք չկան, ապա Ադրբեջանը որեւէ լեգիտիմ իրավունք չի ունենա պահանջ ներկայացնելու Հայաստանին, որ իրեն միջանցք տա դեպի Նախիջեւան՝ միամտաբար մտածում էին Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները: Երբ Լաչինի միջանցքն ու Արցախը չեն լինի, Արեւմուտքի միջնորդությամբ կկնքվի խաղաղության համաձայնագիր, որով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ինքնըստինքյան կդադարի գործել՝ մտածում էր գաղափարական հարցեր քննարկող ՔՊ-ական վերնախավը: Արցախն Ադրբեջանին հանձնեցին, Լաչինի միջանցքը վերացավ, բայց Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց Հայաստանից միջանցք պահանջելուց, այլեւ սկսեց սպառնալ, որ դա կարող է անել ուժի կիրառմամբ: Փաշինյանը եւ Գրիգորյանը գնացին Արեւմուտք` խնդրեցին օգնել, ստիպել, որ Ադրբեջանը հրաժարվի տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, բայց մերժում ստացան: Հիմա Ադրբեջանն է հայտարարում Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրության մասին՝ հասկացնելով, որ Եվրոպան իր վրա ազդեցության լծակ չունի: Արեւմուտքը, իհարկե, կարող է ազդել Ադրբեջանի վրա, բայց դա երբեք չի անի, որովհետեւ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի համար անընդունելի է ոչ թե Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի գաղափարը, հակառակը` նրանք կուզենան, որ Ադրբեջանը պատերազմով գրավի այդ միջանցքը: Անընդունելի է, որ միջանցքը լինի Ռուսաստանի հսկողության տակ: Եթե Ադրբեջանը պատերազմով գրավի, Ռուսաստանի հսկողության հարցն արանքից դուրս կգա:

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում իր միջնորդությունն է առաջարկում Ռուսաստանը, բայց ի՞նչ երեսով Փաշինյանն ընդունի Ռուսաստանի միջնորդությունը, երբ 2 տարի շարունակ մերժում էր: Հիշո՞ւմ եք` Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ Բայրամովի հետ հանդիպելու, պատճառաբանելով, թե Լաչինի միջանցքը փակ է, ինքը զբաղված է հրատապ խնդիրներով: Բացի այդ, Փաշինյանն ու իր թիմակիցները հասկանում են, որ եթե պայմանագիրը կնքվի Ռուսաստանի միջնորդությամբ, Ռուսաստանը պնդելու է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը վերահսկեն ռուս սահմանապահները, բայց Փաշինյանն ասում էր, որ նման բան չի կարող լինել` Հայաստանն իր ինքնիշխանությունն ուրիշ երկրի չի զիջի, Հայաստանը՝ ինքը կարող է երաշխավորել իր տարածքով անցնող ճանապարհների անվտանգությունը եւ նման բաներ: Կամ` որ համաձայնի, կստացվի, որ դրան կարող էր համաձայնել նաեւ 2021 կամ 2022 թվականներին եւ այդ դեպքում ստիպված կլինի ասել. «Սիրելի ժողովուրդ, ես այս տարբերակին կարող էի համաձայնել դեռ 2021 թվականին, եւ այդ դեպքում ո՛չ Լաչինի միջանցքը կփակվեր, ո՛չ Արցախի 100 հազարից ավելի բնակչությունը 10 ամիս շարունակ կենթարկվեր սովի եւ հոգեբանական ու ֆիզիկական ճնշման, Արցախն էլ չէր հայաթափվի, չէին լինի այս 3 տարվա ընթացքում Արցախում եւ Հայաստանում մեր տված հազարից ավելի զոհերը, բայց ես չհամաձայնեցի` եթե համաձայնեի, դուք կասեիք, որ ես դավաճան եմ, բայց հիմա, երբ մենք նման ահռելի մարդկային, տարածքային, բարոյական կորուստներ ենք կրել եւ միայն դրանից հետո համաձայնել, դուք կարող եք համոզվել, որ ես ոչ թե դավաճան եմ, այլ մի ողորմելի ոչնչություն:
Փաշինյանը, իհարկե, կարող է էլի համառել` շարունակել չընդունել ռուսական միջնորդությունը, դա կհանգեցնի ավելի մեծ կորուստների, եւ միայն դրանից հետո համաձայնի: Ի վերջո, միշտ էլ կա վատից վատն ու դրանից էլ վատը:

Ավետիս Բաբաջանյան