Ոլորտի մասնագետը՝ 6 հոգու կուրության հասցրած «Avastin» դեղամիջոցի մասին

Ոլորտի մասնագետը՝ 6 հոգու կուրության հասցրած «Avastin» դեղամիջոցի մասին

«Նատալի ֆարմը» պնդում է, որ 6 հոգու կուրության պատճառ դարձած «Ավաստին» դեղամիջոցը նախատեսված չէ ներակնային ներարկման համար, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն էլ պնդում է, որ դեղամիջոցն ամբողջովին կիրառելի է, և նախկինում նույնպես եղել են այդ դեղորայքի կիրառման դեպքեր։ 

Հասկանալու համար, թե որքանով է «Ավաստին» դեղամիջոցը կիրառելի հայաստանյան ակնաբուժության մեջ առհասարակ, կապվեցինք «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, ակնաբան, վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանի հետ և հարցրինք, թե երբևէ իր պրակտիկայում ինքն օգտագործե՞լ է «Ավաստին» դեղամիջոցը։ «Իհարկե, ամբողջ աշխարհում է օգտագործվում»,- պատասխանեց Հովհաննիսյանը։
Այդ դեպքում ինչպե՞ս է «Նատալի ֆարմը» պնդում, որ այդ դեղորայքը նախատեսված չէ ներակնային ներարկման համար․

«Ինստրուկցիայով նախատեսված չէ, բայց այն «Off-label» է օգտագործվում (դեղորայքի օգտագործումը օգտագործման հրահանգից դուրս, ցուցումներով, որոնք հաստատված չեն պետական մարմինների կողմից)»։

Հարցրինք նաև, թե որ դեպքերում կարող է դեղամիջոցն օգտագործվել։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ դեպքերը շատ են։ «Շաքարային դիաբետի դեպքո՞ւմ․ այո, օգտագործվում է, տարբեր պրոլիֆերատիվ փոփոխությունների դեպքում օգտագործվում է և այլն։ Ամբողջ աշխարհում են այդ դեղամիջոցը կիրառում, մենք էլ ենք կիրառում, բնականաբար։ Նմանատիպ հետևանքներ կարող են և լինել, որովհետև ամբողջ աշխարհում լինում են։ Գոյություն ունի վիճակագրություն, այդ վիճակագրության համապատասխան՝ 0.05 տոկոս դեպքերում կարող են առաջացնել լուրջ խնդիրներ։ Բոլոր հիվանդները զգուշացվում են դրա մասին, իրենց համաձայնությունը տալիս են, նոր բուժումն իրականացվում է»,- ասաց Հովհաննիսյանը։