ՀՀ տարածքային ամբողջականության հարցում Ֆրանսիայի և Իրանի դիրքորոշումը նույնն է. դեսպան

ՀՀ տարածքային ամբողջականության հարցում Ֆրանսիայի և Իրանի դիրքորոշումը նույնն է. դեսպան

Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում Ֆրանսիայի և Իրանի դիրքորոշումները համընկնում են։

Այս մասին  ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ մեկնաբանելով Հայաստանին զենք մատակարարելու միջոցով տարածաշրջանում իրավիճակը սրելու` Ադրբեջանի մեղադրանքները։

Դիվանագետը վստահեցրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրն անհանգստացնում է ոչ միայն Ֆրանսիային։

«Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք»,- նշել է Դեկոտինին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնած մտահոգություններին, Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ նրանք կարող են վստահ լինել, որ Ֆրանսիայի կողմից տրամադրվող սարքավորումները, հայ-ֆրանսիական համագործակցության բնույթն ուղղված են երկրի պաշտպանությանը։ Նա շեշտել է, որ խոսքը օդային պաշտպանության մասին է, և եթե Ադրբեջանը մուտք չգործի Հայաստանի օդային տարածք, երբեք չի բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը: