129 հազար հեկտար ցանքատարածքներից մնացել է 50-55 հազարը․ հացահատիկի դեֆիցիտ է սպասվում

129 հազար հեկտար ցանքատարածքներից մնացել է 50-55 հազարը․ հացահատիկի դեֆիցիտ է սպասվում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ, գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը:

- Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում հացահատիկի դեֆիցիտ կարող է լինել: Այս պահին Հայաստանը նման վտանգի առջև կանգնա՞ծ է:

- Հայաստանում ցանկացած պահի կարող է հացահատիկի դեֆիցիտ լինել, որովհետև ինքնաբավ չենք, սեփական արտադրության նույնիսկ 25 տոկոսի հասնող հացահատիկ չունենք: Բնականաբար, եթե դրսից, մասնավորապես` Ռուսաստանից, հացահատիկ չներկրվի, մենք փաստի առաջ կարող ենք կանգնել: Հիմնական մատակարարը ՌԴ-ն է: Փոքր քանակությամբ հացահատիկ ներկրվել է նաև Ուկրաինայից և Ղազախստանից, բայց մեր հիմնական մատակարարը Ռուսաստանն է: Կասկած չկա, որ այս մարտական գործողություններն իրենց հետևանքներն են թողնելու այս ոլորտի վրա: Հիմա էլ պատահական չէ, որ ամբողջ աշխարհում նմանաբնույթ խոսակցություններն ավելի են մեծանում: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, առաջին հերթին` ձեռք բերել անհրաժեշտ պահուստային պաշարներ: Ես հիմա չեմ խոսում պատերազմական վիճակով պայմանավորված իրավիճակի մասին, այլ` առհասարակ: Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ամեն րոպե կարող ենք հայտնվել ծանր իրավիճակում: Հավանաբար, բոլորիս հիշողության մեջ թարմ է մնացել այն փաստը, թե ռուս-վրացական իրադարձությունների արդյունքում ինչպիսի դժվար իրավիճակում հայտնվեցինք: Հիմա որևէ մեկը չգիտի՞, թե ռուս-ուկրաինական հակամարտությունը որքան կտևի, և, առհասարակ, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն անընդհատ գտնվում է պատերազմական իրավիճակում, ուստի պետք է լրջագույն աշխատանք տանել այս ուղղությամբ: Մեզ անհրաժեշտ է պահուստային պաշար, գոնե 2-3 ամսվա համար: Խոսքը ոչ միայն ցորենի մասին է, այլև` բուսական յուղի, կարագի, շաքարավազի և այլ անհրաժեշտ մթերքների: Անգամ շատ հզոր երկրներ, որոնք կանգնած չեն պատերազմի վտանգի առաջ, ունեն մեծ պահուստային պաշարներ:

- Այս պահին ՀՀ կառավարությունն ի՞նչ պետք է անի:

- Կառավարությունը պետք է ակտիվացնի կոնկրետ մթերքների ներկրումը` որոշակի պահուստային պաշար ունենալու նպատակով: Դրանք, իհարկե, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են, սակայն մենք պետք է հասկանանք, թե ինչ չափի ցորեն ունենք, և ինչ ժամանակահատվածի համար է այն նախատեսված: Համապատասխան կառույցները շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն այս մասով, որպեսզի մենք լուրջ խնդրի առաջ չկանգնենք: Խնդիր կա նաև վերաբերմունքը փոխելու: Պետք է գյուղատնտեսության ոլորտի հանդեպ վերաբերմունքը փոխվի: 129 հազար հեկտար ցորենի ցանքատարածքներ ենք ունեցել մենք, դրանք նվազեցին, նվազեցին, և հիմա թիվը տատանվում է 50-55 հազար հեկտարի միջակայքում: Այսինքն` հացահատիկի տարածությունները 2,5 անգամ կրճատվել են: Պատճառներին անդրադառնալ չեմ ցանկանում, դրանք շատ տարբեր են:

- Իշխանությունները, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարը, գյուղացիներին կոչ են անում` մշակել հողերը, որովհետև պարենի գները զգալիորեն աճել են: Այս համատեքստում կոչերն ու հայտարարությունները բավարա՞ր են:

- Իհարկե, բավարար չեն: Շատ լավ է, որ ոլորտի պատասխանատուն նման կոչով է հանդես գալիս, սակայն դա շատ քիչ է, մեզ պետք են գործնական քայլեր: Խոսքը գյուղատնտեսական արտադրության մասին է: Դրա համար լրջագույն նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ: Տարիներ շարունակ չմշակվող տարածքներում հիմա ինչ-որ աշխատանքներ կատարելը շատ մեծ ռիսկեր է պարունակում: