Թող դատարանում ապացուցի, որ դա հետապնդում է

Թող դատարանում ապացուցի, որ դա հետապնդում է

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր Տիգրան Գասպարյանը, ի թիվս այլ աշխատակիցների, տարեսկզբին ազատվել է աշխատանքից։ Գասպարյանն աշխատանքից ազատման ծանուցումը ստացել է հունվարի 8-ին։ Ասում է՝ զավեշտն այն է, որ ազատվել է հունվարի 1-ով, բայց ծանուցումը ստացել է 8-9 օր անց։ Գասպարյանը թատրոնի տնօրենի հետ չի խոսել իր ազատման հիմքերի մասին, դրա հիմնավորումներն այդ ծանուցման մեջ կան, այն է՝ հաստիքի կրճատում․ «Երեւի իրանց պետք չի այն ռեժիսորը, որ այդքան գործ է արել, դրա փոխարեն ասում են՝ մենք կհրավիրենք դրսից ռեժիսորներ, իրանց հրավիրածներին տեսել ենք, թե ովքեր են․ մեկը Լիլի Էլբակյանն է՝ Արմեն Էլբակյանի դուստրը, մեկը՝ Սամսոն Մովսիսյանն է՝ իրենց Խամաճիկների թատրոնից, մեկն էլ Դավիթ Հարությունյանն է՝ Պատանի հանդիսատեսի թատրոնից, ում ժամանակին ես եմ հրավիրել թատրոն, եւ ում Աբովյանում քաղաքապետի աչքի առաջ խայտառակ արեց Էլբակյանը՝ ասելով․ «Քանի ես այս թատրոնում եմ, առը հա, թե դու ներկայացում կանես»։ Դա բամբասանք չի, այնքան մարդ է եղել այդտեղ, որ էլ չասած»։ 

Գասպարյանին աշխատանքից ազատելու պատճառաբանություններից մեկն էլ այն է, որ ինքը թատրոնում 3 տարի գործ չի արել․ «Հարց չի՞ առաջանում, թե ինչու չեմ արել, եթե դու թատրոնի գեղարվեստական ղեկավարն ես կամ տնօրենը, ինչո՞ւ չես կանչում ու նկատողություն տալիս աշխատողիդ, որ այսքան ժամանակ է՝ գործ չես անում։ Այսինքն՝ ձեզ պետք չէր, որ ես գործ անեի։ Ես 3 տարի սպասել եմ Արմեն Էլբակյանի զանգին․ մե՛կ փող չկա, մ՛եկ շտապ  չի, բայց էդ ընթացքում մտնում են ուրիշները եւ իրենց բեմադրություններն են անում։ Դա նշանակում է՝ գործ չե՞մ արել, երբ մարդուն չեն թողնում գործ անել, իսկ եթե ուզել եք, որ ես անեմ, ինչո՞ւ չեք կանչել ասել՝ դու փող ես ստանում, ինչո՞ւ գործ չես անում։ Կանգնել՝ անամոթաբար ասել է, որ ես անասելի բարձր աշխատավարձ եմ ստանում։ Բարձրաձայնեմ, թե որն է այդ անասելի բարձր աշխատավարձը։ Եթե թատրոնի տնօրենը 206 հազար մաքուր ստացած գումարը համարում է անասելի բարձր աշխատավարձ, ուրեմն նա աշխատավարձերից ոչինչ չի հասկանում՝ որպես տնօրեն։ Այն պարագայում, որ եթե ես բարձրաձայնեմ նրանց աշխտավարձերը, ամենաքիչը պետք է այդ անասելի գումարը բազմապատկել 2․5-3 անգամ»։ 

Աշխատանքից ազատվել է նաեւ Գասպարյանի կինը՝ Էռնա Ավետիսյանը, պատճառաբանությունը եղել է՝ օժանդակ կազմի հաստիքի կրճատում․ «Իմ կնոջը, իմ նախկին ուսանողուհիներից մեկին, ով անթաքույց ինձ լավ էր վերաբերվում։ Դա հետապնդում չի, բա ի՞նչ է, անգամ եթե մաքուր օրենքով են դա անում։ Ադմինիստրատորին կանչել ասել են՝ դիմում գրի, ազատվի, նա էլ ստիպված գրում է, քանի որ վախենում է, որ ինչ-որ բան կսարքեն գլխին եւ կհեռացնեն։ Ուրիշ 2-ին էլ ոչ թե կրճատել են, այլ պայմանագիրը չեն վերակնքել, որոնք նույնպես իմ ուսանողներն են եղել։ Մնացածը թատրոնի պահակներն են։ Վահե Մովսիսյանին էլ հեռացրեցին աշխատանքից, բայց նա դատական համակարգով 2 անգամ վերականգնեց իր պայմանագիրը»։ 

Այն, որ իր ներկայացրած պիեսը հաստատվել է, Տիգրան Գասպարյանն ասում է, որ դա եղել է զրույցի մակարդակի․ խոսքը Սարտրի «Սատանան եւ տեր Աստվածը» պիեսի մասին է։ Ավելին՝ պարզել է, որ պիեսը հաստատելու ժամանակ ինքը եղել է գեղխորհրդի կազմում, որից հետո պահանջել է գեղխորհրդի արձանագրությունը․ «Մի հատ թուղթ տվեցին, որտեղ գեղխորհրդի որեւէ անդամ չի խոսում այդ պիեսի հաստատման մասին, ես էլ իմ խոսքի մեջ բեմի տեխնիկական բաներից եմ խոսում եւ ես էլ իմ հերթին ոչինչ չեմ ասում պիեսի մասին, որը պետք է բեմադրեմ։ Այդ ի՞նչ անկապ թղթեր են տպում, այդ ո՞նց է այդ արձանագրությունը կազմվում»։

Թատրոնի նախկին գեղղեկավարի համար վիրավորական է այն հանգամանքը, որ Աճեմյանի, Գուլակյանի եւ Սունդուկյանի յուղաներկ 3 դիմանկարները, որոնք գեղղեկավարի աշխատասենյակում են եղել դեռ Խորեն Աբրահամյանից սկսած, հանկարծ հանվում եւ տարվում են 3-րդ հարկի միջանցք, իսկ դրանց փոխարեն սենյակում կախվում է Արմեն Էլբակյանի հոր՝ Էդգար Էլբակյանի նկարը․ «Արմեն Էլբակյանը կանչում է Կարինա Հարությունյանին եւ հարց է տալիս՝ դու չե՞ս ուզում դերեր խաղալ, նա էլ ասում է՝ ուզում եմ, ասում է՝ դե ասա՝ ի՞նչ դերեր ես ուզում խաղալ։ Հարց է առաջանում․ այդ զրույցից հետո դու ինչո՞ւ ես այդ աղջկան կրճատում, ուրեմն այն հարցդ ի՞նչ էր նշանակում։ Այդ արանքում ի՞նչ է թաքնված՝ թող ինձ բացատրեն, որ ես էլ չասեմ՝ հետապնդում է»։ 

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սկզբունքորեն չի ուզում այլեւս պատասխանել Տիգրան Գասպարյանի կեղծ մեղադրանքներին եւ զրպարտանքներին․ «Ես ինչո՞ւ արդարանամ, նախ թող ինքն ապացուցի իմ մեղավորությունը, ինքը շատ լավ գիտի կարգը, եթե ապացուցի իմ մեղավորությունը, ես համապատասխան հարթակում կտամ իմ բացատրությունները, իսկ մամուլի հարթակում ես արդեն տվել եմ բացատրություններ, ինչքա՞ն կարելի է մի հարցի շուրջ խոսել․ եթե պարոն Գասպարյանը որոշել է բոլորին անհանգստացնել այդ հարցով, դա իր որոշելիքն է»։ Այն, որ Գասպարյանը սա բնորոշում է որպես հետապնդում իր անձի հանդեպ, Մկրտչյանն այս կապակցությամբ ասաց․ «Սուտ է ասում, ոչ մի հետապնդում չկա, իսկ եթե հետապնդում է, թող ինքն իր իրավունքները պաշտպանի դատարանում եւ ապացուցի, որ դա հետապնդում է։ Սա ընդամենը հաստիքների կրճատում է, իսկ աշխատանքային հարաբերությունները եթե խախտվում են, լուծվում են այլ հարթության մեջ»։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն իր խոսքում հակադարձում է՝ այդ ինքն է 3 տարի սպասել, որ Գասպարյանը գա եւ խաղացանկ ընդունված ներկայացման մասով ասի, թե ինչ է անելու։ Նա ընդգծում է՝ պիեսը գեղխորհրդի կողմից հաստատված է եղել․ «Ինչքա՞ն կարելի է՝ կեսը սուտ, կեսը ղորթ, փչել ու մարդուն վարկաբեկել, ամեն ինչ հաստատվել է, տնօրենի մոտ է արձանագրությունը, չէինք կարող մի վայրկյանում այդ արձանագրությունը բստրել, թող սուտ չխոսի։ Իսկ այդ 3 տարուց 2 տարին թատրոնը ռեմոնտի մեջ է եղել, որից հետո 6 ամիս ադապտացիայի է ենթարկվել, իր առաջարկած գործը հաստատվել է, ինքն անհետ կորել է։ Հիմա ինչի՞ մասին է խոսքը, ինչքա՞ն կարելի է ստեր փչել»։

Այն, որ Աճեմյանի, Գուլակյանի, Սունդուկյանի նկարները հանվել են գեղղեկավարի սենյակից, չի հերքում, որ այդպես է։ «Այո, հանել ենք, միջանցքի սրահը դրանով գեղեցկացրել ենք, կահույք ենք դրել, տարբեր տեսակի նկարներ, արձանիկներ, որպեսզի ներկայանալի լինի, իսկ Աճեմյանի նկարն իմ սենյակում կախված է»,- ասում է ու հավելում, որ պարտադիր չէ, որ մյուս նկարներն իր սենյակում կախված լինեն․ «Պարտադիր չի, որ այդ սոցռեալիստական անճաշակությունն անպայման կաբինետում լինի, շատ անճաշակ սոցռեալիզմի նկարներ են, հիմա եթե իրանք հավանում են, ուրեմն դա էլ իրանց ճաշակին համապատասխան է։ Բայց այդ նկարները ֆոյեում կախված են, եւ շատ գեղեցիկ մթնոլորտ է եղել, որովհետեւ լավը չէր մթնոլորտը»։