Սեպտեմբերին ստամբուլյան «բոլոլա»

Սեպտեմբերին ստամբուլյան «բոլոլա»

Միանգամից երկու «ծանրքաշային» իրավաբաններ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն այսօր անդրադարձան Ստամբուլյան կոնվենցիային՝ այն որակելով հակասահմանադրական ու վտանգավոր։
Մասնավորապես, Արա Զոհրաբյանը մեկնաբանել է, որ Ստամբուլյան Կոնվենցիան վավերացնելու դեպքում, կարող են առաջանալ նաև հետևյալ խնդիրները՝

Կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա (12-րդ հոդվածի 1-ին մաս).
Կոնվենցիայում օգտագործվող որոշ հասկացություններ հիմք են տալիս պնդելու (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս), որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ (սոցիալական) սեռ․

Ստամբուլյան կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Մեր տեղեկություններով՝ այդ կոնվենցիան վավերացնելու հարցում շատ հետևողական է, Եվրամիությունը, որը վերջին շրջանում արդեն անցել է «իմպերատիվ պնդումների»։ Ըստ որում, վավերացման դեպքում նաև գումարներ են գալու մեր երկիր։ Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները այնքան էլ չեն շտապում և մինչ այժմ տարբեր «կռուտիտերով» հաջողվել է հարցը ձգձգել։ Սակայն սեպտեմբերյան նստաշրջանին այլևս դա չի հաջողվի։ Եվ ակնհայտ է, թե ինչ «բոլոլա» է սկսվելու այն ուժերի ու անհատների կողմից, որոնք այնքան  գերզգայուն են նման հարցերի շուրջ, որ վառելու, այրելու և այլ կոչեր են անում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հարցրեցինք, թե ինչ կարծիքի՞ է, կկարողանա՞ իշախանությունը դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայի տակից։ Իշխանական պատգամավորն ասաց, որ, ցավոք, այդ հարցին պատրաստ չէ պատասխանել, քանի որ կոնվենցիայի մանրմասներին տեղյակ չէ։ Բայց Հովիկ Աղազարյանը դեմ չէր այլ հարցերի պատասխանել և օրինակ հարցին, թե ո՞նց է վերաբերում, որ կանանց ու տղամարդկանց դերերի վերաբաշխում լինի, ասաց․«Վերաբաշխո՞ւմ, թե հստակեցում։ Ի՞նչ է նշանակում՝ վերաբաշխում։ Տղամարդիկ երեխա բերե՞ն, կանայք չբերե՞ն»։ 

Անձամբ Աղազարյանն այն կարծիքին է, որ «տղամարդն ու կինը բնության կողմից տարբերություններ ունենք՝ իրենց ֆիզիոլոգիական իմաստով», իսկ դա չի կարող չբերել սոցիալական-հասարակական տարբեությունների։
«Մենք պետք է պայքարենք այդ տարբերությունները մինիմումի հասցնելու համար՝ չաղճատելով բնության կողմից կնոջն ու տղամարդուն տրված էությունները»,-կարծում է Աղազարյանը։ 

Ինչ վերաբերում է սեռերին, ապա պատգամավորը զարմացավ և հարցրեց․« Երրորդ սեռը ո՞րն ա։ Այսինքն՝ երբ փաստաթղթեր ենք լրացնում, «տղամարդ», «կին», նաև այլ սեռ լինի, հա՞»։ Մի քիչ լռելուց ու մտածելուց հետո իմքայլական պատգամավորն ասաց․«Շատ ներողություն, իմ կարծիքով  այլ սեռ չկա։ Օրինակ՝ սոցիալական շեղումները  ես չեմ կարա համարել այլ սեռ։ Էդ սեռերը, որ գրում ենք՝ արական, իգական, իրենց մեջ իմաստ ունեն։

Այ, եթե ինձ հարցնեք, թե ինչ եք կարծում միասեռականների գոյության մասին, կասեմ, որ իրենք կան և մենք պետք է հաշվի նստենք էդ իրականության հետ։ Որպես սոցիալական երևույթ, նաև իրավական իմաստով․․․ Բայց կդժվարանամ համաձայնել, որ փաստաթղթերի մեջ գրվի այլ սեռ»։
Իհարկե, Աղազարյանը համոզված չէ, որ Կոնվենցիայում գրված է՝ «այլ սեռ», քննարկումները ցույց կտան։