«Հրապարակ». Իշխանությունն ուզում է բռնել ընդդիմության վախը

«Հրապարակ». Իշխանությունն ուզում է բռնել ընդդիմության վախը

Իշխանությունները փորձում են բռնել փողոցում իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաներ իրականացնող խորհրդարանական ընդդիմության վախը․ մի քանի օր է՝ լուրեր են տարածվում, պատգամավորների անուններով հրապարակումներ են արվում, թե ԱԺ ղեկավարությունը պատրաստվում է ընդդիմադիր երկու խմբակցությունների առնվազն 15 պատգամավորի՝ քվեարկություններից բացակայության հիմքով, զրկել մանդատից։

Սկսվե՞լ է արդյոք նման գործընթաց․ երեկ խորհրդարանի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ ասաց, որ գործընթացը կարգավորվում է օրենքով։ Հայտնեց նաեւ ամենաշատ բացակայած տասնյակի ցանկը, նրանք են՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյան, որի 101 բացակայություններից մեկն է հարգելի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյան՝ 98, Լիլիթ Գալստյան՝ 99, Արմեն Ռուստամյան՝ 102, Արթուր Ղազինյան՝ 99, Գեղամ Մանուկյան՝ 129, Անդրանիկ Թեւանյան՝ 105, Ասպրամ Կրպեյան՝ 103 բացակայություն, եւ բոլորի դեպքում միայն մեկն է հարգելի։ Այլ է պրոֆեսոր Արմեն Չարչյանի պարագան․ նա եւս ամենաշատ բացակա ստացածներից է՝ 153, որոնցից 34-ը՝ հարգելի, առողջական պատճառներով։ Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից վտանգավոր գոտում է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որի 115 բացակայությունները, ըստ խորհրդարանի տվյալների, անհարգելի են։ Ի դեպ, հետին թվով առողջության վերաբերյալ «բժշկի թղթեր» չեն կարող հիմա ներկայացնել, քանի որ օրենքով բացակայությունների հարգելի լինելու վերաբերյալ տեղեկանք պետք է ներկայացնել ամիսը լրանալուց հետո յոթ օրվա ընթացքում։ 

Վերադառնալով ԱԺ-ից ստացած պարզաբանմանը՝ ի՞նչ ասել է՝ գործընթացը կարգավորվում է օրենքով։ Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է պատգամավորների լիազորությունների դադարեցման հիմքերը, դա մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայությունն է։ Սա նշանակում է, որ այս պահին գործընթաց չկա, քանի որ նստաշրջանն ավարտվում է հունիսին, հունիսի 17-ին հերթական նիստերն են նշանակված։ Նման գործընթաց կարող է սկսվել միայն նստաշրջանի փակումից հետո, իսկ մինչ այդ էլ շատ ջրեր կարող են հոսել։ Բացի դա՝ Սահմանադրական դատարանը պետք է քննի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ դիմումի քննությունը կարող է ամիսներ ձգվել։ Ավելորդ է նշել, որ կոնկրետ պատգամավորների մանդատից զրկելուց հետո ցուցակի հաջորդ համարներն են մանդատ ստանում, եթե, իհարկե, տվյալ կուսակցությունը քաղաքական որոշում չի կայացրել՝ ամբողջ ցուցակով մանդատներից հրաժարվելու։  

Վերադառնալով պատգամավորի լիազորությունների դադարեցմանը՝ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը սահմանում է․ «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում խորհուրդը, ինչպես նաեւ կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»: 

Կանոնակարգ օրենքում ամրագրված է նաեւ, թե որ դեպքերում է քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի, եւ հենց այստեղ է, որ ընդդիմադիրները վստահ են՝ իշխանությունները չեն հաջողելու, նրանց հաշվարկը սխալ է, քանի որ ընդդիմությունը պահել է կանոնակարգ օրենքի պահանջը, եւ բացակայությունները չեն կարող անհարգելի համարվել, դրանք դեռ պետք է հիմնավորեն։ Նրանց արգումենտն ամենեւին էլ այն չէ, թե համաձայն կանոնակարգի՝ «խմբակցությունը կարող է քվեարկություններին մասնակցելուց հրաժարվել Ազգային ժողովի տվյալ գումարման մեկ նստաշրջանում»։ Այսինքն, ըստ օրենքի՝ մեկ նստաշրջանում քվեարկություններից հրաժարվելը չի կարող օրինական հիմք համարվել մանդատներից զրկելու համար՝ դա համարվում է քաղաքական ակցիա, եւ օրենքն ընդդիմությանը տալիս է այդ հնարավորությունը։ Իսկ իշխանականները պնդում են, որ օրենքի ընձեռած այդ մեկ հնարավորությունից ընդդիմությունն արդեն օգտվել է այս նստաշրջանի ընթացքում, երբ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ միջոցառումներ ու բողոքի ակցիաներ արեցին եւ խորհրդարան չէին գնում։ 

Ընդդիմությունն ասում է, որ քվեարկություններին չմասնակցելուց առաջ բազում դեպքերում իրենք նախապես հայտարարել են այդ մասին, իսկ ԱԺ կանոնակարգի 156-րդ հոդվածի 6-7 հոդվածները սահմանում են, որ  քվեարկությունից բացակայությունը համարվում է հարգելի, եթե պատգամավորը «շահերի բախում առաջանալու դեպքում «Հայաստանի Հանրապետության պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ», եւ․ «Խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց՝ խմբակցության հրաժարվելու մասին հայտարարությամբ»: 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ ասաց․ «Ներկայացված անունները, բացակայությունները լուրջ քննության ենթակա հարցեր են, իմ խորին գնահատմամբ՝ իրենք ոչ միայն ճիշտ հաշվարկներ չեն արել, այլեւ օրենքն են սխալ մեկնաբանում, որովհետեւ քվեարկություններից առաջ հայտարարություններ եղել են, որ չենք մասնակցելու քվեարկություններին, իսկ իրենք փորձում են մեր չքվեարկելը դիտարկել որպես անհարգելի բացակայություններ։ Բացի դա՝ նստաշրջանի ավարտից հետո է հաշվարկը կատարվելու։ Այն, ինչ անում են հիմա իշխանությունները, հերթական անգամ ցույց է տալիս իրենց իրավական տգիտությունը»։ Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա իրենց մանդատներից զրկելու ճանապարհով, եւ Փաշինյանի գրպանային ՍԴ-ն հօգուտ իշխանության որոշում կայացնի, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ համարները կվերցնե՞ն մանդատներն իրենց փոխարեն, թե՞ քաղաքական որոշում կկայացվի՝ առհասարակ դուրս գալ խորհրդարանից, հրաժարվել ողջ կազմով։ Մինասյանն ասաց, որ դեռ վաղ է նման հարցերից խոսելը։

Ի դեպ, չի բացառվում, որ մինչեւ հունիսի 17-ը, սովորույթի համաձայն, արտահերթ նիստեր հրավիրվեն, իշխանություններն անցկացնեն «տանը մնացած» նախագծերը, վտանգավոր գոտում հայտնված պատգամավորները կարող են գնալ, մասնակցել քվեարկություններին եւ փրկել իրավիճակը, քանի որ իշխանությունը ցանկանում է խմբակցությունը զրկել ուժեղ պատգամավորներից։

Սակայն այլ կարծիք էլ կա․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը կարծում է, որ իշխանություններն ավելի շուտ կհեռանան, քան իրենց կկարողանան զրկել մանդատից։