Անահիտ Բախշյանն ինքն իր հետ կռիվ չունի

Անահիտ Բախշյանն ինքն իր հետ կռիվ չունի

2018 թ․ հոկտեմբերին Աննա Հակոբյանը՝ հալեցված փամփուշտից պատրաստված զարդերը լանջին, կանգնել էր արցախա-ադրբեջանական սահմանին եւ հայտարարում էր․ «Ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները», եւ կոչ էր անում զենքերից զարդեր պատրաստել։

Աննա Հակոբյանի նախաձեռնությանը դեռ այն ժամանակ հակասական արձագանքներ եղան, ոմանք ասացին, որ անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, Հայաստանի ընդդիմադիր հատվածն էլ, թե՝ Աննա Հակոբյանի սիրտը հիմա էլ Նոբելյան մրցանակ է ուզում՝ խաղաղության համար։ Աննան կարծում էր․ «Որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը եւ կդառնա ընդամենը զարդ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել։ Սա, իհարկե, սիմվոլիկայի լեզու է, բայց համաձայնեք, որ ռեալությունից հեռու չէ»։

Նրա նախաձեռնությանը միացան այլ կանայք եւս՝ բարձր պաշտոնյաների տիկնայք, Ռուսաստանի «Կանանց երկխոսություն» կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի կանայք։ Իսկ ելույթի պահին կողքին կիպ կանգնած էր Անահիտ Բախշյանը։ 

Մեզ հետաքրքրեց, թե 44-օրյա պատերազմից, այսքան զոհ տալուց, հայ գերիների նկատմամբ այսքան վայրագություններից հետո տիկին Բախշյանը չի՞ ափսոսում, որ կանգնել է Աննա Հակոբյանի կողքին եւ մասնակցել հակապատերազմական այդ ակցիային։ Տիկին Բախշյանն ասաց, որ այդ հարցում ինքն իր հետ կռիվ չունի։ Նա կարծում է՝ Աննա Հակոբյանը մայր է ու կին, ու նորմալ է, որ այդ խոսքերն ասի։ «Աննան ինչ կոչեր որ անում էր, ես հավատում եմ դրան, կինը, մայրը պետք է կոչ անի խաղաղության, ես դրան հավատում եմ»,- ասաց նա։

Իսկ այդ դեպքում տրամաբանակա՞ն է, որ փամփուշտներից զարդեր ձուլող կինը, որն ասում էր՝ մեր տղաները զոհվել են ոչնչի համար, հետո «Էրատո» ջոկատ է կազմում, հրացանը ձեռքն առնում ու զորավարժությունների մասնակցում։ Անահիտ Բախշյանն ասաց․ «Ի՞նչ անենք, մարդը կարող է կռվի, վտանգի պահին գնացել է այնտեղ, որտեղ ծանր էր»։ Ինչ վերաբերում է տրամաբանությանը, ապա ասաց՝ տրամաբանություն փնտրում եք մի տեղ, որտեղ չկա։