«Կապիտուլյանտը»

«Կապիտուլյանտը»

Վերնագրի չակերտները պայմանավորված են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից արված մեջբերմամբ: Երկու օր մենք լսում էինք հարցուպատասխանը: Նախ գնանք խոսքի վերջը, երբ նախկին նախագահը վստահեցնում է, որ ոչ մի պարագայում չի հավակնի Հայաստանում որեւէ բարձր պաշտոնի: Սա նշանակում է, որ հարցազրույցը քարոզչական նպատակ չէր հետապնդում` հույս փայփայելով վաղվա պատկառելի աթոռի կամ գահավորակի նկատմամբ: Չենք էլ կարող ասել, որ ամբողջովին ուղղված էր սեփական անձի ինքնապաշտպանությանը կամ գործողությունների  արդարացմանը՝ որպես նախկին: Որքան էլ իշխանությունը պատերազմում պարտության մեղքը, որպես թափառող սյուժե, փորձի անցյալի այս կամ այն բեմում ներկայացնել, միեւնույն է, սցենարը հենց իշխանության թատրոնում է բեմականացվել, քանի որ դրա վկան է հանդիսատեսը: 

Անկախ այն հանգամանքից, թե հարցազրույց տվողը նախկինում ինչ չափով է մերժված եղել եւ ինչպես է հեռացել բարձր պաշտոնից, էականը իրադարձություններին տրված նրա պարզաբանումներն են, որոնց կա՛մ վստահում ենք, կա՛մ չենք վստահում, նաեւ որքանով են դրանք հավաստի: Պատերազմից առաջ խոսել է Սերժ Սարգսյանը, խոսեց նաեւ պատերազմից հետո: Երկու դեպքում էլ նույն Սերժ Սարգսյանն է, բայց տարբեր նժարների վրա: Այս իշխանությունների ֆոնին գրեթե բոլորը, անհատ թե խումբ, սուրբ են դառնում, անգամ մահացու մեղք գործածները, որ չեն կարող ընդհանրանալ պատերազմի ցնցման եւ հետցնցումների հետեւանք արհավիրքի հետ: Համեմատության եզր չենք գտնի նախկին մեկի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ինչպես այդ մեկի քաղաքական թիմի եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի միջեւ: Որովհետեւ նրանք անգամ չեն մոտեցել այն իրականությանը, որն այսօր պարտադրել է մեզ կամ որի մեջ է հրել Փաշինյանն իր քայլերով ու քայլողներով:  

Այս պատերազմի բերած եւ պատերազմում պարտված տարերայնության մակերեւույթին է պատճառահետեւանքային պարզաբանումներ ներկայացնում Սերժ Սարգսյանը: Գուցե մանրամասներ, որոնց մենք տեղյակ չենք, չներշնչեն վստահություն` ենթադրաբար կասկածելի թվալով: Բայց խոսում է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքից` հղումներ անելով կոնկրետ անձանց եւ փաստաթղթերի, որոնք տասնամյակների աշխատանքի արդյունք են եւ պետք է բերեին կոնկրետ հանգուցալուծման: Ամեն ինչ արվում էր խնդիրը փակուղի չմտցնելու եւ պատերազմի չտանելու համար: Շահեկան լուծում ունենալու հեռանկարն էր լինելու առջեւում, որը միս ու արյուն պետք է ստանար: Այդպես է մեկնում Սարգսյանը բանակցությունների ընթացքը, որ տքնաջան ու հետեւողական աշխատանքի եւ տեւական քաղաքականության արդյունք էր՝ նրա համոզմամբ: 

Դիվանագիտական ձեռքբերումների փոշիացման հետեւանք է համարում այս պատերազմը Սերժ Սարգսյանը եւ խոսում պատերազմի ընթացքում ունեցած մեր ձախողումներից, որոնցում հնարավոր է համարում ե՛ւ միտումնավորության, ե՛ւ տգիտության գործոնը, որ բերեց խայտառակ պարտության: Ասում է 30 տարի արցախյան հակամարտության բովով անցած գործիչը: Որեւէ մեկը չի կարող հակառակը համոզել, որ այս պարզաբանումներից հետո Փաշինյան վարչապետը չպետք է հրաժարական տա: Սա մեզ համոզում է միայն ինքը, ով պետք է անհապաղ հեռանար: Փոխարենը Գյումրիում իշխանությանը սատարող հանրահավաք է տեսնում եւ սպառնալիքներ լսում, ուղարկում ընդդիմությանը, թե ճնշելու են փետրվարի 20-ի հանրահավաքը: 

Հուսիկ Արա