Փարվել են ղարաբաղյան հարցին, որպես իրենց «փրկության» միակ միջոց
Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը։
-Հիշո՞ւմ եք որեւէ դեպք, երբ նախկինում, նախընտրական քարոզարշավում շահարկվեր Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն դիմեց նման քայլի։
-Համարյա բոլոր ընտրությունների ժամանակ դա եղել է ընդդիմության կողմից, բայց այսքան աղմուկով չի ուղեկցվել: Եւ ո՛չ էլ դրա հետեւանքով Արցախից որեւէ պաշտոնական արծարծում է եղել: Բայց այս օրերինը մի այլ կարգի է, երբ Արցախի որոշ երկրորդական պաշտոնյաների լկտի ձեւակերպումներով, ո՛չ ավել, եւ ո՛չ պակաս, "պարզաբանման" պահանջ եւ հորդորներ են ներկայացվում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս լկտիությունը անարձագանք է թողնվում Արցախի իշխանության եւ անձամբ Բակո Սահակյանի կողմից: Եւ դա մի արտահայտության հետեւանքով, որն ընդամենը վերաբերում է Արցախում առկա բացասական երեւույթներից մեկի մասնակի արծածմանը: Հայաստանում իշխանություն փոխելու ամենազորավոր համարվող միջոցներից, թերեւս, առաջինը ղարաբաղյան հակամարտության թեմայի արծարծումն է: Դե ՀԿԿ-ում էլ, զգալով այն մոտալուտ վտանգը, որը սպառնում է այդ կազմակերպությանը` առաջիկայում հայտնվել քաղաքական լուսանցքում, փարվել են ղարբաղյան հարցին, որպես իրենց «փրկության» միակ միջոց:
- Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ԼՂ հարցի շահարկումն այն դեպքում, երբ քաղաքական ուժերի կողմից չի ներկայացվում նրա լուծման հայեցակարգ։
-Այս հարցում միակ հետեւանքը կոնկրետ նպատակային է՝ կոնսոլիդացնել հայկական բոլոր հակահեղափոխական եւ հետադիմական ուժերին ընդդեմ Հայաստանի նոր իշխանության: Այդ ուժերն որեւէ հարցում երբեւէ չեն ունեցել հայեցակարգ եւ շարժվել են այն ուղեգծով, որը թելադրվել է դրսից: Եւ ղարաբաղյան հարցում էլ, բացի կեղծ հայրենասիրությունից, նրանք չեն կարող մի այլ բան ներկայացնել, առավել եւս՝ հայեցակարգ:
-Ըստ Ձեզ՝ ճի՞շտ էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքը:
-Թերեւս պետք է առավել սառնասրտություն դրսեւորել, հատկապես նկատի ունենալով նախընտրական եռուզեռը, որը սովորաբար լի է լինում անսպասելի դրսեւորումներով: Իսկ ընդհանուր առմամբ հայաստանյան հեղափոխությունից հետո տրամաբանական կլիներ համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Արցախում, որը կբացառեր այս կարգի անընդունելի եւ փուչ հակադրությունները: Համարում եմ, որ Ն. Փաշինյանի ուղերձը պետք է, որ ստիպի Բ. Սահակյանին զգայուն վերաբերվել նոր իրողություններին, որոնք բխում ե՛ն եւ ՀՀ-ի, եւ ԼՂՀ-ի արմատական շահերից: ամենակարեւորը՝ Արցախում եւս պետք է մոռացվի հինը՝ կախվածությունը եւ սպասելիքը օտար որեւէ ուժից:
Կարծիքներ