Իմ սիրտն ուղղակի կտոր-կտոր է լինում Համազգայինում ստեղծված իրավիճակից

Իմ սիրտն ուղղակի կտոր-կտոր է լինում Համազգայինում ստեղծված իրավիճակից

Մի քանի օր է՝ Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը պահանջում է թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը, ով ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլ նաեւ նոր նշանակում է արել՝ թատրոնի գեղղեկավարի պաշտոնում հրամանագրելով Սուրեն Շահվերդյանին։

Թատերախումբը հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ից սկսում են անժամկետ գործադուլ եւ գնալու են մինչեւ վերջ։ Այս առիթով խոսեցինք Համազգային թատրոնի նախկին (2009-2017) տնօրեն, այժմ Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ։

- Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք գնահատում Համազգային թատրոնում ստեղծված իրավիճակը։

- Այս պահին իմ սիրտն ուղղակի կտոր-կտոր է լինում ստեղծված իրավիճակից, որովհետեւ այն կուրսը, որ 99-ին հավաքեց Սոս Սարգսյանը, ես այդ կուրսի առաջիններից եմ, որ անմիջապես ներմուծվել եմ Համազգային թատրոնի խաղացանկ՝ գլխավոր դերով, եւ շարունակ այդ թատրոնում եղել եմ որպես դերասան։ Թատրոնը ղեկավարել եմ արդեն 2009-ից եւ այն ստանձնել եմ Սոս Սարգսյանի հրավերով, որի ամենամտերիմ մարդկանցից եմ եղել, եթե ոչ ամենամտերիմն իր կյանքի վերջին տարիների ընթացքում։ Իսկ Սոս Սարգսյանի մահից հետո ստանձնել եմ հիմնական բեռը թատրոնի զարգացման գործում եւ արել եմ ամեն հնարավորը՝ տարեցտարի ապահովելով թատրոնի դինամիկ զարգացումը՝ հյուրախաղեր, տնտեսական աճ, շենքի օդափոխություն, աթոռներ, թատրոնի հասարակական դիրքը բարձրացնելուն միտված քայլեր։ Այսինքն՝ նրա մահից հետո էլ թատրոնը մեծ վերելքներ է ունեցել, եւ խոսելուց առաջ թող մտածեն, չի կարելի հիշողությունը կորցրած ապրել, դա սխալ է ու վիրավորական։ Իսկ թատրոնի շենքի հանրայնացման թեման ուղղակիորեն իմ քաղաքականությունն է եղել, որը գրեթե լուծված է եղել, եւ այդ ձեւով առողջ թատրոն եմ թողել ու հեռացել՝ համարելով, որ իմ ուսուցչի նկատմամբ իմ պարտքը կատարել եմ, որովհետեւ այն, ինչ ես եմ արել Համազգային թատրոնի համար, թող մեծամիտ չհնչի, ինձնից ավել արել է միայն Սոս Սարգսյանը, ու հիմա այն, ինչ կատարվում է, իմ սիրտն ուղղակի կտրատում է, եւ այն սարսափելի հայտարարությունը, որ ծանոթացա մամուլից, ինձ շատ վհատեցրեց։ Փաստորեն, կարող է նույնիսկ Համազգային թատրոնի լինելիությունը դրվի հարցականի տա։ Նման միտք արտահայտողները թող իմանան մեկ պարզ ճշմարտություն՝ Համազգային թատրոնը նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին թատրոնն է։

- Ասացիք, որ առողջ թատրոն եք թողել հեռացել, բայց, հավանաբար, հենց սկզբից նկատել եք դերասանների դժգոհությունը, որոնց պնդմամբ՝ իրենք բարձրաձայնել են այդ խնդիրների մասին։  

- Երբ առաջարկ ստացա իմ ունակությունները ծառայեցնել մայր թատրոնին եւ վերջնականապես որոշում կայացրեցի գալ մայր թատրոն, այդ պահից սկսած՝ մեկ հիմնական սկզբունք եմ որդեգրել՝ այլեւս չխառնվել Համազգային թատրոնի գործունեությանը, որովհետեւ դա կոռեկտ չէ։ Իմ դուրս գալուց ես հայտարարել եմ, որ պատրաստակամ եմ շարունակել իմ գործունեությունը Համազգային թատրոնում՝  իբրեւ դերասան, եւ որ պահին թատրոնն իմ կարիքը զգա, պատրաստ եմ օգտակար լինել թատրոնին։ Ցավոք, եթե իմ այս առաջարկին սկզբում դրական արձագանք կար, ապա հետագայում լռության մատնվեց, եւ ես ստեղծագործական առումով չհրավիրվեցի թատրոն։ Իսկ թե ինչպես դրանից հետո հասավ այս վիճակին, դրա պատասխանը ես չէ, որ պետք է տամ։

- Արդարացի համարո՞ւմ եք դերասանների պահանջը, ովքեր դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ են անելու, մինչեւ իրենց պահանջը բավարարվի։  

- Դա իրենց քայլն է, իրենց որոշումը, եւ բարոյական իրավունք չունեմ դրա գնահատականը տալ, իմ լռությունը չի նշանակում, որ ես լուռ եմ ընդհանրապես, նորից եմ ասում՝ սիրտս կտրատվում է, բայց նաեւ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում։ Իմ՝ թատրոնից հեռանալուց հետո որեւէ գործի մեջ չեմ խառնվել, որեւէ հարցով իրենք ինձ չեն դիմել, մեկ անգամ այցելել եմ իբրեւ հանդիսատես, այլ բան չեմ արել ու չեմ խորացել։ Թե դերասաններն ինչ քայլի են դիմում, ուրեմն մտածել են եւ գիտեն, թե ինչի համար են դիմում, նրանք բոլորն էլ մարդիկ են, որոնց հետ ես մեծ ճանապարհ եմ անցել ու շատ քաղցր հիշողություններ ունեմ բոլորի հետ։

- Ասացիք՝ Ձեզ ոչ ոք չի դիմել, բայց երեկ ասուլիսում դերասանները դիմեցին Սոս Սարգսյանի ընկերներին՝ կոչ անելով փրկել Սոս Սարգսյանի թատրոնը։ Սա անուղղակի կոչ չե՞ք համարում՝ նաեւ Ձեզ ուղղված։

- Առաջին անգամ Ձեզնից եմ լսում, որ նման կոչ են արել, բայց շնորհակալ եմ ինֆորմացիա տալու համար։

- Ասուլիսի ընթացքում խոսեց նաեւ Սոս Սարգսյանի այրին՝ տիկին Նելլին, ով ասաց, որ դավադրություն եղավ, եւ դրա համար Սոս Սարգսյանի մահից հետո թատրոնը չմնաց Հրաչյա Գասպարյանին։ Ապա նկատեց, որ հնարավոր է՝ դա արվել է Վարդան Մկրտչյանի կողմից, կամ գուցե եղել է նման որոշում։ Ինչպես նաեւ այն, որ Ձեր վերջին հրամանը եղավ Հրաչյա Գասպարյանին եւ Վիգեն Ստեփանյանին թատրոնից հեռացնելը։

- Եթե այդպես «եթե»-ներով բաներ է խոսել, ես առանձնապես չէի ուզի արձագանքել, որովհետեւ այդ «եթե»-ներն իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Նախ ասեմ, որ Հրաչյա Գասպարյանը եղել է Թատերական ինստիտուտի հիմնական աշխատող, իսկ Համազգային թատրոնում նա համատեղող է եղել։ Այնպես որ՝ համատեղության կարգով աշխատող մարդկանց հետ ցանկացած պահի կարելի է դադարեցնել պայմանագիրը կամ վերականգնել։ Դա չի եղել իմ վերջին հրամանը, առավել եւս՝ ի՞նչ դավադրության մասին խոսք կարող է լինել, Վարդան Մկրտչյանը նաեւ տիկին Նելլիի աչքի առաջ իր կյանքից է տվել Սոս Սարգսյանի թատրոնի կայացման եւ նրա սկզբունքների առաջխաղացման համար եւ Վարդան Մկրտչյանն այն մարդն է, որն իր բոլոր ելույթներում հիշում է Սոս Սարգսյանին։ Այնպես որ, եթե տիկին Նելլին անձնական ինչ-որ բան ունի եւ ուզում է այդպես արտահայտել, ես չէի ուզի արձագանքել, որովհետեւ այդ խոսքին լուրջ չեմ վերաբերվում, հատկապես նման բան չի եղել, եւ իմ գործունեությունը եղել է միշտ կառուցողական՝ հանուն թատրոնի, եւ թափանցիկ։ 

- Դերասանները չեն ընդունում Չալդրանյանին, ով առաջին իսկ օրից ծրագիր ներկայացնելիս ասել է, որ եկել է նոր թատրոն կառուցելու։ Դուք մոտ մեկ տարի հասցրել եք Չալդրանյանի հետ աշխատել։

- Մի տարի չի եղել, որովհետեւ, երբ պարոն Չալդրանյանը եկավ Համազգային թատրոն՝ որպես գեղղեկավար, գալուց անմիջապես հետո տեւական ժամանակաշրջան մեկնել է Ամերիկա ու երբ վերադարձավ, արդեն ես դիմում գրեցի մշակույթի նախարարին եւ դադարեցրի իմ գործունեությունը Համազգային թատրոնում։ Այսինքն ես՝ որպես այդպիսին, իր հետ տեւական աշխատանք չունեմ կառավարման փուլում։ Ինչ վերաբերում է նոր թատրոն կառուցելուն, ապա կարծում եմ՝ Սոս Սարգսյանի ոգին այդ թատրոնից պետք չէ եւ չի կարելի հանել, ինչպես որ ես դեմ էի Սոս Սարգսյանի նկարը թատրոնի ճեմասրահի պատից հանելուն։ Այդ թատրոնի առանձնահատկությունը դա է․ հանում ես ոգին՝ թատրոնը չկա։

- Չալդրանյանը լրագրողներին ասաց, որ թատրոնը ստացել է 2 մլն պարտքով, եւ իր առաջնային խնդիրն է եղել պարտքը փակելը, հովանավորներ գտնելը։

- Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դա բացարձակ սուտ է, ես դա պարոն Չալդրանյանին մի քանի անգամ բացատրել եմ, եւ նա, փաստորեն, շարունակում է չհասկանալ։ Ես թատրոնը պարտքով չեմ թողել, պետական սուբսիդավորումը երբ թատրոնը ստանում է, առաջին եռամսյակի համար ստանում է 20 տոկոս, 2-րդ, 3-րդ եռամսյակների համար՝ 25 տոկոս, իսկ 4-րդի համար՝ 30 տոկոս։ Այսինքն՝ առաջին եռամսյակի սուբսիդավորումը լինում է 5 տոկոսով պակաս, որը զգալի գումար է, ես հեռացել եմ 2-րդ եռամսյակից եւ այդ 5 տոկոս պակասը լրացրել եմ արտաբյուջեի հաշվին։ Այդ ընթացքում հայ հեղինակին պակասորդ ենք ունեցել որոշակի գումար, մոտավորապես 1․5 մլնի կարգի։ Բայց վերջին եռամսյակի 30 տոկոս սուբսիդավորումն ի վերջո լրացրել է առաջին եռամսյակի 5 տոկոսի բացը, այսինքն՝ դա պարտք չէ, եւ պարոն Չալդրանյանն այս դեպքում չի հասկանում, թե ինչ է խոսում։ Պարոն Չալդրանյանը շատ լավ կարող է հիշել, թե ես ինչ գումարներ եմ բերել թատրոնի համար, եւ նայել իմ վերջին տարիների գործունեությունը։

- Ի դեպ, Չալդրանյանը թատրոնի նոր գեղղեկավար է նշանակել Սուրեն Շահվերդյանին, որի թեկնածությանը թատերախումբը նույնպես դեմ է, քանի որ ունի իր թեկնածուներին․ գեղղեկավարի պաշտոնում՝ Նարինե Գրիգորյան, տնօրենի՝ Արման Նավասարդյան։ Դուք ո՞ւմ կուզեիք տեսնել այդ պաշտոններում։

- Ես էլ եմ երեկ լրատվամիջոցներից իմացել, որ նոր գեղղեկավար կա, բայց գիտեմ, որ խումբն ունի իր թեկնածուները, ամեն դեպքում, ուզում եմ զերծ մնալ այս հարցին պատասխանելուց։