Մեկ ժամ ձյան տակ սպասելուց հետո դիմեցինք ոստիկանություն

Մեկ ժամ ձյան տակ սպասելուց հետո դիմեցինք ոստիկանություն

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2018թ․ դեկտեմբերի 28-ին, իսկ դրանից հետո պայմանագիրը չէր թարմացվել։ 

Թատրոնում իրավիճակն այնպես էր լարվել, որ հունվարի 9-ին նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանի առաջ թատրոնի դռները բացվել են ՀՀ ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների միջոցով։ 

Մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել թատրոնում։ 

«Դա օրենքի սահմաններում կատարված գործողություն է։ Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ՊՈԱԿ է, գտնվում է նախարարության ենթակայության ներքո։ Դեկտեմբերի 28-ին լրացել էր թատրոնի տնօրենի պայմանագիրը, իրեն ժամկետների մեջ տեղյակ էր պահվել, որ պայմանագրի ժամկետը լրանում է, եւ հնարավոր է, որ այն չշարունակվի։ Եվ որոշում է կայացվել, որ պայմանագիրը չի շարունակվելու։ Նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, որի պաշտոնավորության ընթացքում կարող է նոր մրցույթ հայտարարվել, եւ որին կարող է մասնակցել նաեւ նախկին տնօրենը։ Բայց դեկտեմբերի 28-ից մինչեւ երեկ մենք չենք կարողանում ստանալ ո՛չ բանալին, ո՛չ էլ կնիքը։ Ամսի 8-ից մենք չէինք կարողանում այդ հարցը լուծել, քանի որ նախկին տնօրենն ասում էր, որ ինքը Երեւանում չէ, հյուրախաղերի է մեկնել։ Սկզբում ասաց, որ Տավուշում է, հետո ասաց, որ Գյումրիում է, հետո էլ, թե Ջավախքում է։ Նա ասաց, որ միայն հինգշաբթի կարող է գալ։ Մենք էլ ասացինք, որ դրան էլ ենք համաձայն։  Երեկ ես նոր տնօրենին ներկայացնեի աշխատակազմին, ոչ ոք չեկավ։ Բոլորին զանգել, կանչել էինք, ոչ ոք չեկավ։ Մեկ ժամ ձյան տակ սպասելուց հետո ես որոշում կայացրեցի, տեղյակ պահեցի նախարարին, նախարարն էլ ասաց, որ դիմում են ոստիկանություն, քանի որ այսպիսի նախադեպ Հայաստանում չէր եղել։ Ես հետո պարզեցի, որ իրենք ո՛չ Ջավախքում են եղել, ո՛չ Տավուշում։ Իմ վերջին տեղեկություններով՝ նախկին տնօրենը գտնվել է ԱՄՆ-ում։ Այդ դեպքում միակ բանը մնում էր օրենքին ապավինելը։ Մենք դուռ չենք ջարդել, չենք ներխուժել, գործել ենք օրենքով»,- ասաց Նազենի Ղարիբյանը։