ԿԳՆ-ն ավելի է խճճվելու, ավելի դանդաղ է առաջ շարժվելու

ԿԳՆ-ն ավելի է խճճվելու, ավելի դանդաղ է առաջ շարժվելու

Անդրադառնալով մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները կրթության եւ գիտության նախարարության հետ միավորելու մասին լուրերին՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հետեւյալ կարծիքը հայտնեց․

«Այդ որոշումների համար սովորաբար հիմք է ծառայում այն համեմատությունը, երբ նշում են, թե մի երկիր, որը Հայաստանից 10 կամ 20 անգամ մեծ է, ունի ավելի քիչ նախարարություններ, քան՝ Հայաստանը։ Կամ էլ նշում են, որ այդ երկիրն ավելի հարուստ է, բայց նախարարությունների թիվը քիչ է։ Եվ այդ համեմատություններից ելնելով էլ հետեւություններ են անում, որ պետք է կրճատել նախարարությունների թիվը։ Մենք փոքր երկիր ենք, մենք աղքատ երկիր ենք, մեզ պետք չեն այդքան նախարարություններ։ Բայց խնդիրն այն է, որ այն երկրներում, որտեղ քիչ են նախարարությունները, ունեն ձեւավորված համակարգ, գործող ինստիտուտներ։ Եվ այդ երկրներում նախարարությունների դերը նվազել է, նրանք ընդամենն ինչ-որ ընթացակարգեր են վերահսկում։ Հայաստանում քանի որ ոչ մի համակարգ դեռ նորմալ չի գործում, պետք է կարողանանք ոլորտային ինստիտուտներն աշխատեցնել, որպեսզի կարողանանք հետագայում մտածել միավորման, օպտիմալացման մասին»։

Սերոբ Խաչատրյանը հիշեցնում է, որ 2015թ․ վերջին պետք է ընդունվեր կրթության զարգացման պետական ծրագիրը, սակայն այն մինչեւ հիմա չկա։ 2016թ․ պետք է հաստատվեր կրթակարգը, որի հիման վրա էլ պետք է գրվեին չափորոշիչները, մինչեւ հիմա այն չկա։

«Այսինքն՝ այս իրավիճակում, նույնիսկ այս ձեւով կրթության եւ գիտության նախարարությունը չի կարողանում տեղից առաջ շաժվել։ Հիմա եթե ԿԳՆ-ին միացնեն մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները, ավելի է խճճվելու պրոցեսների մեջ եւ ավելի դանդաղ է շարժվելու։ Ես համաձայն եմ, որ կրճատումներ կարելի է անել այլ օղակներում՝ միգուցե միջին օղակներում, միգուցե բաժնի պետերը շատ են, կարելի է բավարարվել վարչության պետերով։ Բայց կարծում եմ, որ այս պահին դեռ հասունացած չէ նախարարությունների միավորումը, եւ եթե այդ նախարարությունները միավորվեն, ապա կրթության ոլորտի բարեփոխումներն ավելի են դանդաղելու, շատ դժվար է լինելու առաջ գնալը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։