Դիմել են ՀՔԾ՝ Գարիկ Սարգսյանին կալանավորելու պահանջով

Դիմել են ՀՔԾ՝ Գարիկ Սարգսյանին կալանավորելու պահանջով

Նորաշեն համայնքի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը «Հրապարակի»-ի հետ զրույցում ասաց, որ 2-րդ հայցն են ուղարկել դատարան, քանի որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի ուզում կատարել օրենքի պահանջը։ Հիշեցնենք, որ Սարգսյանը աշխատանքից ազատել էր Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, վերջինս դիմել էր վարչական դատարան, իսկ դատարանը հայցը ընդունել էր վարույթ, ինչը, ըստ Գրիգորյանի պաշտպանի, նշանակում է, որ մարզպետը պետք է չեղարկի որոշումը և Գրիգորյանին վերականգնի համայնքապետի պաշտոնում։։ Գարիկ Սարգսյանն էլ նշել էր, որ դատարանի վարույթ ընդունելը ամենևին դա չի նշանակում։ Նորաշենի համայնքապետը նաև դիմել էր ՀՔԾ։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ և՛ ՀՔԾ-ն, և Գլխավոր դատախազությունը մերժել են իրենց դիմումները․

«Դատարանը մեր հայցը վարույթ ընդունեց, որ պետք է իր որոշումը կասեցվեր, մինչև դատարանը կորոշեր՝ մարզպետի որոշումը օրինակա՞ն, թե՞ անօրինական է, մե՞նք ենք ճիշտ, թե՞ ինքն է ճիշտ։ Դատարանը տեսել է, որ թերի է, սխալ է, և վարույթ է ընդունել, եթե մեր հայցը հիմնավոր չլիներ, վարույթ չէր ընդունի։ Մեկ օրինակ տվել եմ տարածքային զարգացման նախարարությանը, մեկ օրինակ՝ մարզպետարանին, մեկ օրինակ էլ ոստիկանության մարզային վարչություն, քանի որ իրենք ոստիկանությունով էին եկել, դուռը ջարդել։ Ինքը պետք է իր որոշումը կասեցներ, սակայն չկասեցրեց։ Մենք դիմել էինք ՀՔԾ, որ մարզպետը պաշտոնեական դիրքը չարաշահում է, դատարանի որոշումը չի ընդունում, պահաջել էինք, որ ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, դիրքը չարաշահելու համար մարզպետին կալանվորեն, ՀՔԾ-ն մերժեց։ Դրանից հետո գլխավոր դատախազին էլ ենք դիմել, նույնն էլ դատախազն է մերժել։ Այս պահին նորից դատարան ենք դիմել 2-րդ հայցով, որ ինքը որոշումը չի կասեցնում, կարծես իրեն օրենքից վեր է դասում, ասում ՝ իմ որոշումը անփոփոխ է՝ անկախ նրանից, թե դատարանը ինչ է որոշել»,- ասաց Գրիգորյանը։