Պարզ միջոց վաղաժամ մահվանից խուսափելու համար

Պարզ միջոց վաղաժամ մահվանից խուսափելու համար

Պարբերական ֆիզիկական ակտիվությունը, սպորտային մարզումները նվազեցնում են վաղաժամ մահվան վտանգը այն մարդկանց մոտ, ովքեր ընդհանուր առմամբ նստակյաց կյանք են վարում։ Նման եզրակացության են եկել միջազգային գիտական խմբի անդամները, իրենց կատարած համատեղ հետազոտության արդյունքում։ Այս մասին հայտնում է EurekAlert!-ը, հավելելով, որ խմբում ներգրավված են մասնագետներ Ավստրալիայից, Նորվեգիայից եւ Միացյալ Թագավորությունից։ Խումբը հետազոտություններ է կատարել 45 տարեկան եւ բարձր տարիքային խմբի մոտ 150 հազար կամավորների մասնակցությամբ։ Ուսումնասիրությունները տեւել են մոտ ինը տարի։ Ուսումնասիրության ընթացքում ֆիքսվել է կամավորներից յուրաքանչյուրի օրակարգը, հատկապես ուշադրություն դարձնելով, թե տվյալ կամավորը օրական որքան ժամանակ է անցկացնում նստած եւ որքան ոտքի վրա կամ որքան ժամանակ են հատկացնում առհասարակ ֆիզիկական ակտիվությանը եւ մարզումներին։ Ըստ այդ տվյալների էլ, կամավորները բաժանվել են չորս հիմնական խմբերի՝ 4 ժամից քիչ նստողներ, 4-6 ժամ նստողներ, 6-8 ժամ նստողներ եւ ավելի քան 8 ժամ նստողներ։ Ըստ ֆիզիկական ակտիվության էլ բաժանել են կամավորներին հետեւյալ խմբերի՝ ֆիզիկական ակտիվության լիակատար բացակայություն ունեցողներ, ոչ բավարար ֆիզիկական ակտիվություն ունեցողներ՝ մինչեւ 149 րոպե, 150-299 րոպե կամ նվազագույն բավարար ակտիվություն ունեցողներ, 300-419 րոպե կամ բավարար ակտիվներ, 420 եւ ավելի րոպե ակտիվություն ունեցողներ, կամ ավելի քան մեկ ժամ սպորտով զբազվողներ, որոնք համարվում են գերակտիվներ։ Եվ այսպես, պարզվել է, որ սկսած նրանցից, ովքեր ավելի քան վեց ժամ նստած են, մտնում են վաղաժամ մահվան ռիսկային խմբի մեջ։ Ընդ որում, պատճառները կարող են լինել տարբեր՝ սրտանոթային հիվանդություններ եւ այլն։ Ընդ որում ռիսկը մեծանում է նրանց մոտ, ովքեր առհասարակ չունեն ֆիզիկական ակտիվություն։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նույնիսկ նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ նվազագույն մարզումները նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկի հավանականությունը։ Մասնագետները եզրակացրել են, որ կարեւոր է ոչ թե նստած անցկացրած ժամերի կրճատումը, այլ դրանք ֆիզիկական ակտիվությամբ փոխարինումը։