Մեկ ամսով երկիրը կմնա պարետ Ավինյանի հույսին

Մեկ ամսով երկիրը կմնա պարետ Ավինյանի հույսին

Կառավարությունը երեկ որոշեց երկրում արտակարգ դրություն մտցնել։ Բայց այդ որոշումը կայացնելը հեղափոխական կառավարության մոտ բավականին դժվար ստացվեց։ Տպավորություն էր, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ որոշում են կայացնում, ինչ են ուզում անել եւ ինչ են անելու, երբ արտակարգ դություն մտցվի երկրում։ Նախ, ցերեկվա ժամը 3-ին կառավարությունն արտահերթ նիստ գումարեց, որը, թվում էր՝ մի քանի րոպե կտեւի, որից հետո որոշման նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ հաստատման, սակայն տեւեց մի քանի ժամ, դեռ արանքում էլ մեկ ժամ ընդմիջում հայտարարեցին։ Բանն այն է, որ արտակարգ դրություն սահմանելու մասին նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վատ պատրաստված աշակերտի նման էր ներկայացել նիստին։ Կազմել էր մի նախագիծ, որը բազմաթիվ հարցերի ու շտկումների կարիք ուներ։ Սրան էլ գումարում ենք վարչապետի՝ օրենքներից ու իրավական ակտերից լավ գլուխ չհանելը եւ անվերջ ինչ-որ պարզունակ հարցեր տալու սովորույթը, ու շիլաշփոթը պատրաստ էր։

Ուղիղ ժամուկես չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե արտակարգ դրություն սահմանելով՝ ինչ սահմանափակումներ պետք է մտցվեն երկրում։ Նախագիծը կազմել-բերել են, նախարարը մոտ 30 րոպե թվարկեց կետերը, թե ինչ հատուկ գործողություններ են իրականացվելու արտակարգ դրության ժամանակ, ինչ սահմանափակումներ են մտցվելու՝ մարդկանց տեղաշարժի սահմանափակումից մինչեւ խոսքի ազատության սահմանափակում, բայց կառավարության անդամներն այդպես էլ լավ չպատկերացրին, թե խոսքն ինչի մասին է։ Նշենք, որ նախագծով ի սկզբանե սահմանվում էր արտակարգ դրություն մտցնել մարտի 16-ին, ժամը 17։00-ից սկսած մինչեւ ապրիլի 16-ի ժամը 9։00-ն։ Ի վերջո, տեսնելով, որ ոչ մի կերպ ընդհանուր եզրակացության չեն գալիս, ստիպված եղան մեկ ժամով ընդմիջում հայտարարել, որ գնան շտկեն նախագիծը, կիսատ-պռատ կետերը լրացնեն, նոր բերեն։

Մեկ ժամ անց կառավարության նիստը վերսկսվեց։ Այդ ընթացքում խորհրդարանում պատգամավորներն անհույս սպասում էին, թե երբ է կառավարության նիստը վերջանալու, որ նախագիծը բերեն ԱԺ, քննարկեն, անցկացնեն, գնան իրենց տները։ Այդ ընթացքում անցավ նախագծով արտակարգ դրություն հայտարարելու ժամը։ Ընդմիջումից հետո արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոր նախագիծ բերեց, որով արդեն հայտարարվեց, որ արտակարգ դրություն է մտցվում մարտի 16-ին, ժամը 18։30-ից մինչեւ ապրիլի 16-ի ժամը 17։00-ն ներառյալ։ Այստեղ էլ պարզվեց՝ օրենքը լավ չէին կարդացել, որ արտակարգ դրություն կարող են մտցնել ոչ ավել, քան 30 օր ժամկետով, իսկ մինչեւ ապրիլի 16-ի դեպքում այդ ժամկետը խախտվում էր։ Կառավարությունում թերեւս մոռացել էին, որ մարտ ամիսը 31 օր ունի․ երեւի այս հաշվարկն էլ նախարարներից Հակոբ Արշակյանն էր արել, մարտը 29 կամ 30 օր է ստացվել, քանզի նրա մոտ, ինչպես հիշում ենք, փետրվարն էլ 31 օր ուներ։

Բայց անգամ ընդմիջմանը նախագծի վրա աշխատելուց հետո էլի այն ներկայացվեց բազմաթիվ սխալներով։ Ռուստամ Բադասյանը դարձյալ անպատրաստ աշակերտի նման էր ներկայացել «դասին», այն աստիճան, որ վարչապետը նրա կարդացած ամեն կետի մեջ քերականական եւ իմաստային բազմաթիվ սխալներ գտավ։ Ու խմբագրին հատուկ ոճով սկսեց խմբագրել Բադասյանի նախագիծը, թե այսինչ կետն այսինչ վերնագրի ներքո չի սազում, պետք է տեքստը փոխել, վերնագիրը փոխել, վերնագրի տակի այսինչ տողը հանել, ուրիշ բան գրել, ու այսպես շարունակ։ Կարծես «Հայկական ժամանակի» խմբագրականի քննարկումը լիներ։

Նախարար Բադասյանն էլ ամեն դիտողությունից հետո գլուխը կախ հայտարարում էր, թե տեխնիկական սխալ է, կվերաձեւակերպեն։ Հիմնական խնդիրը սահմանափակումներին էր վերաբերում, թե արդյոք պե՞տք է օդային հաղորդակցությունը փակել, եթե այո, ապա ո՞ւմ համար, միայն օտարերկրյա՞ քաղաքացիների, թե՞ նաեւ ՀՀ քաղաքացիների, եւ միայն ՀՀ տարածք մուտքե՞րն արգելել, թե՞ նաեւ ՀՀ-ից ելքերն ու այսպես շարունակ։ Ի վերջո, որոշվեց ամբողջությամբ չփակել օդային հաղորդակցությունը, մասնավորապես, օտար երկրներից ժամանող ՀՀ քաղաքացիների ու նրանց ընտանիքի անդամների համար մուտքը ՀՀ տարածք թույլատրվում է։ Հայաստանից օտարերկրյա քաղաքացիները եւս կարող են մեկնել այլ երկրներ, եթե ընդունող երկիրը սահմանափակումներ չի սահմանել։

Ի վերջո, մինչեւ ժամը 18։00-ն տեւած քննարկումից հետո նախագիծը բերվեց խորհրդարան, որտեղ նիստը մեկնարկեց երեկոյան ժամը 7-ին, այսինքն՝ ավելի ուշ, քան հայտարարվել էր արտակարգ դրությունը։ Այստեղ էլ քննարկումը տեւեց մի քանի ժամ, քանի որ մեծ թվով պատգամավորներ էին հերթագրվել՝ հարց տալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ իրենք մի քանի օր ուսումնասիրում էին արտակարգ իրավիճակներում բնակչությանն աջակցություն ցուցաբերելու մասին ՀՀ օրենքը եւ պարզել են, որ այդ օրենքը բացարձակապես չի նախատեսել համաճարակային իրավիճակները։ Այնտեղ նախատեսված է, ըստ էության, արտաքին ազդեցության պարագան, երբ տեղի է ունեցել բնածին կամ տեխնածին աղետ։ Այսինքն՝ նախագծի քննարկման ձգձգումն ու խնդիրները թերեւս հենց այդ օրենքի բացով էին պայմանավորված, ինչպես հասկացանք վարչապետի խոսքից։ Այնուհետեւ, ներկայացնելով ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու նախագիծը, Նիկոլ Փաշինյանը դրա հիմնավորումներում նշեց, որ դա արվում է այն դեպքերում, երբ երկրի սահմանադրական կարգին վտանգ է սպառնում։

Արտակարգ դրության նախագիծն ակամա հիշեցրեց 2008-ի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը, որի համար, ըստ էության, հիմա մեղադրում են նրան։ Իհարկե, իրավիճակները նույնը չեն, բայց նպատակը նույնն է՝ մտցնել արտակարգ դրություն, որ հնարավոր լինի ինչ-ինչ վտանգներ կանխել՝ քաղաքական կամ համաճարակային։ Վարչապետը նաեւ նշեց, որ նախագծով այս միջոցառումների իրականացումը համակարգելու համար ձեւավորվել է պարետատուն, եւ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այսինքն՝ Ավինյանն է իրավիճակի տերը, նրա հույսին են թողնված մի ամբողջ երկիր ու ժողովուրդ, որը մեկ ամիս գտնվելու է արտակարգ ռեժիմում։ Ազգային ժողովի նիստի ընթացքում վարչապետը հասցրեց պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անգամ հումորներ ու գյալաջի անել, սակայն որեւէ մեկի մտքով չանցավ հարցնել՝ ի վերջո, կորոնավիրուսն ո՞ւմ շունն էր, որ հանդգնեց այսպես խառնել մեր երկիրը։