«Չեմ կարում նստեմ, որովհետեւ զառացանք ա, ձեռ են առնո՞ւմ». Բաբայանի գործով իրավիճակը լարվեց․ տեսանյութ

«Չեմ կարում նստեմ, որովհետեւ զառացանք ա, ձեռ են առնո՞ւմ». Բաբայանի գործով իրավիճակը լարվեց․ տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրրում շարունակվում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ թավշյա հեղափոխությունից հետո Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ վերաքննության: 

Այսօրվա նիստում ուսումնասիրվում է գործում առկա գրավոր ապացույցները: Նիստին ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը բարկացավ, քանի որ համաձայն չէ մեղադրողի ներկայացրածի հետ: 

«Չեմ կարում նստեմ, որովհետեւ զառացանք ա, ես էլ նստեմ, լսե՞մ, ձեռ են առնո՞ւմ: Իյա չեմ նստում, սիրտս վատ ա»,-նշեց նա:

Դատավորը անընդհատ փորձում էր հանգստացնել Գաբրիելյանին, վերջինս էլ ասում էր, որ իրեն վատ է զգում: Դատավորը ասաց, որ կարող է հետաձգման միջնորդություն ներկայացնել, ինչը սակայն պաշտպանական կողմը չարեց:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: