Վերջին շրջանում այլևս չէի կիսում Արամ Սարգսյանի և կուսակցության տեսակետները

Վերջին շրջանում այլևս չէի կիսում Արամ Սարգսյանի և կուսակցության տեսակետները

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներից Թեհմինա Վարդանյանը, ով քաղաքապետի ու գործող իշխանությունների ամենասուր քննադատներից է, հունիսի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է անդամակցումը նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությանը։ Նա կարծում է, որ այդպես ավելի ազնիվ է իր գործընկերների հանդեպ, որոնք այսօր չեն քննադատում իշխանություններին։ Մեզ հետ զրույցում տիկին Վարդանյանն ասաց, որ ինքը բավականին երկար է մտածել՝ ազնի՞վ կլինի, թե՞ անազնիվ, եթե դուրս գա կուսակցությունից, եւ եկել է այն եզրահանգմանը, որ սա, միանշանակ, ավելի ազնիվ կլինի թե՛ իր, թե՛ Արամ Սարգսյանի, կուսակցության մյուս անդամների եւ թե՛ քաղաքացիների հանդեպ։ «Որովհետեւ վերջին շրջանում մեր տեսակետները, դիրքորոշումներն էապես տարբերվում էին քաղաքական տարբեր հարցերի շուրջ։ Որոշումն իմ անձնական որոշումն էր, պարոն Սարգսյանի հետ հանդիպեցի, զրուցեցինք, եւ երկուսս էլ գտանք, որ սա երեւի թե այս փուլում ամենաճիշտ որոշումն էր»,- ասաց նա։

- Այսինքն՝ վաղո՞ւց էր հասունացել այդ որոշումը։

- Վաղուց էր հասունացել այն առումով, որ վերջին շրջանում ընդհանուր տեսակետներ չէինք կիսում։ Որ ասեմ՝ խորապես ինչ-որ լուրջ խնդիր կար, կամ տարաձայնություններ են եղել՝ ոչ։ Ուղղակի մենք երկուստեք, եւ մասնավորապես՝ ես հասկացել եմ, որ վերջին շրջանում այլեւս չէի կիսում Արամ Սարգսյանի եւ կուսակցության տեսակետները։

- Հատկապես ո՞ր հարցերում՝ Դուք ընդդիմադիր կեցվածք ունեք, իսկ Արամ Սարգսյանն իշխանության կողմն է, թե՞ ավելի արմատական տարաձայնություններ կային։

- Մենք շատ վաղուց տարանջատել ենք քաղաքային իշխանության հետ կապված խնդիրները կենտրոնական իշխանության խնդիրներից, եւ երբեւէ որեւէ կաշկանդվածություն չեմ ունեցել քաղաքային իշխանություններին քննադատելու հարցում, որովհետեւ երբեք չեմ քննադատվել դրա համար։ Բայց եղել է որոշակի ներքին կաշկանդվածություն, զսպվածություն՝ կապված կուսակցության տեսակետների հետ, ինչպես նշեցիք՝ կենտրոնական իշխանության հետ կապված։ Եվ վերջին շրջանում այն բաները, որոնք ժամանակին եղել են աննորմալ «Հանրապետություն» կուսակցության համար, հիմա որոշակիորեն երեւի թե բնական կամ նորմալ են դարձել նախկին գործընկերներիս համար, ինչը ես չեմ կիսում։ Այսինքն, եթե կոնկրետ իրն ինձ համար սեւ է, դա երբեք շագանակագույն կամ սպիտակ չի դառնում։ Ես մնացել եմ իմ սկզբունքներին՝ տարբեր երեւույթների հետ կապված, ինչպես, օրինակ, ոստիկանների կողմից փողոցում մարդ ծեծելը, անկախ նրանից՝ այդ մարդը դիմակ չէ՞ր կրում, թե՞ մարդասպան է։ Դա անթույլատրելի երեւույթ է։

- Արամ Սարգսյանի եւ «Հանրապետության» մյուս անդամների համա՞ր են այդ գույները փոխվել։

- Չեմ կարող ասել, հարցի հասցեատերը ես չեմ, միայն կասեմ, որ ես չեմ կիսում նրանց տեսակետը։

- Իսկ Դուք քննարկումներ ունեցե՞լ եք Ձեր գործընկերների, Արամ Սարգսյանի հետ։

- Մենք փոխադարձ իմացել ենք իրար կարծիքները, եւ ո՛չ պարոն Սարգսյանն է իրեն թույլ տվել երբեւէ ազդել իմ կարծիքի վրա, ո՛չ էլ հակառակն է եղել։ Մենք հարգել ենք միմյանց կարծիքները եւ փորձել ենք այդ թեմայով հնարավորինս քիչ ծավալվել։ Ես շատ փոքր տարիքից՝ 17-18 տարի համակրում եմ այդ կուսակցությանը, բայց ամեն ինչ, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ ավարտ։

- Փաստորեն, հեղափոխությունը բաժանարար գծեր առաջացրեց նաեւ Ձեր եւ Ձեր սիրելի կուսակցության միջեւ։

- Գիտե՞ք, ոչ այնքան հեղափոխությունը, որովհետեւ հեղափոխությունից անցել է շուրջ 2 տարի, այլ հետհեղափոխական հայացքները եւ պատկերացումները, որովհետեւ հեղափոխական ուժի իմ պատկերացումներն էապես տարբերվում են այսօրվա իրավիճակից եւ այն գործելաոճից, որով աչքի են ընկնում գործող իշխանությունները։

- Իսկ «Հանրապետություն» կուսակցությունից Ձեզ առաջարկե՞լ են ավագանու մանդատը վայր դնել։

- Ոչ, նման խոսակցություն երբեւէ չի եղել, նույնիսկ իմ դուրս գալու օրը դա չենք քննարկել, որովհետեւ բազմիցս Արամ Սարգսյանը շեշտել է, որ դա Ձեր մանդատն է, ես եւս կարծում եմ, որ ես այդ մանդատը վաստակել եմ։

- «Լույս» խմբակցության կազմում այսօր 3 գործիչ կա՝ Դուք, Անի Խաչատրյանը, որը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ԼՀԿ-ից։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվելու միասնական դիրքորոշում ունենալ, որ չստացվի «կարապը, խեցգետինը, գայլաձուկը»։

- Նման բան չեմ կարծում, որ լինի, ինչպես աշխատել ենք, նույնկերպ շարունակելու ենք աշխատել։ Խմբակցությունում որեւէ բան չի փոխվել, եւ այնպես չէ, որ իմ՝ կուսակցությունից դուրս գալով էր փոխվելու։ Մենք էլի յուրաքանչյուր հարց քննարկում ենք խմբակցության ներսում, եւ յուրաքանչյուրս մեր դիրքորոշումը հայտնում ենք։ Եվ իմ՝ կուսակցությունից դուրս գալը երեւի Անի Խաչատրյանի հանդեպ եւս ազնիվ որոշում էր, որովհետեւ, այո, մենք ունեինք տարբեր դիրքորոշումներ քաղաքային հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ Հայկ Մարությանի աշխատելու կամ, ավելի հստակ՝ չաշխատելու հետ կապված։