Կիրակի կամավորները գնալու են մաքրելու արագիլներին

Կիրակի կամավորները գնալու են մաքրելու արագիլներին

Կիրակի օրը մի խումբ թռչնասերներ և կենդանասերներ՝ Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ գնալու են և մաքրեն սպիտակ արագիլներին, որոնք հատկապես Արարատի մարզի Հովտաշեն գյուղում  օրեր շարունակ չեն կարողանում թռչել և քայլում են գյուղի փողոցներում՝ յուղոտված փետուրներով։ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը «Հրապարակին» հայտնեց, որ սա արդեն երկրորդ ակցիան կլինի։

«Սա մարդասիրական, հումանիստական արարք է, որը աշխարհում ընդունված է։ Ինչպես գիտեք, որ նման ակցիաներ լինում են, երբ օվկիանոսում տանկերների պատճառով աղտոտվածություններ են արձանագրվում, էդ ժամանակ առաջադեմ մարդիկ, կենդանասերները դուրս են գալիս և սկսում կենդանիներին հավաքել ու մաքրել»,-մեկնաբանեց Սիլվա Ադամյանը։

Հիշեցնենք, որ Արարատյան հարթավայրում գտնվող ջրանցքները՝ մասնավորապես Հովտաշեն համայնքում եղածները, աղտոտված են ինչ-որ յուղային նյութով, և Շրջակա միջավայրի տեսչական մարմինը օրերս հայտարարել են, որ ջրերից փորձաքննության նմուշներ են վերցվում, բայց չեն կարողացել հայտնաբերել աղտոտման աղբյուրը։

Սիլվա Ադամյանը հայտնեց, որ յուղի պարունակության վերաբերյալ հիմնական կասկածը ձկնային տնտեսություններն են։ Այսինքն՝ կասկածն այն է, որ յուղը ձկան յուղ լինի։ ««Բայց դա միայն կասկած է, որևէ հստակ տեղեկատվություն մենք դեռ չունենք»,-ասաց Սիլվա Ադամյանը։ Նրա մանրամասնությամբ՝ խոսքը ձկան փորոտիքի ու ձկների թափոններից ջրանցքներում յուղային շերտի առաջացման հնարավորության մասին է։

Բնապահպանի խոսքով՝ արագիլներ անկումներ, բացի առաջին երկու դեպքերից չեն նկատվել, բայց, միևնույն է, իրավիճակը վտանգավոր է, որովհետև արագիլները մի կողմից չեն կարողանում սնվել և մյուս կողմից, կարող են ենթարկվել գիշատիչ կենդանիներիչ հարձակումներին։

Հարցրեցինք, թե այսպես շարունակվելու դեպքում ուշ աշնանն էլ չեն կարողանա չվե՞լ։ Պարզվում է, որ գլոբալ տաքացման հետևանքով Հայաստանում արդեն 3-4 տարի է՝ արագիլները չեն չվում։