Նա չի հանդուրժում նույնիսկ փոքր համայնքում, բուհում, մշակութային հիմնարկում ոչ ՔՊ-ական ղեկավար

Նա չի հանդուրժում նույնիսկ փոքր համայնքում, բուհում, մշակութային հիմնարկում ոչ ՔՊ-ական ղեկավար

Մեր հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

- Մայրաքաղաք Երևանն ակտիվ նախընտրական քարոզարշավի փուլ է մտել: Կան կարծիքներ, որ այս ընտրությունները բացառիկ են և նման չեն նախորդ բոլոր ընտրություններին: Ի վերջո՝ ի՞նչ ընտրություններ են սպասում առաջիկայում:

-Արձանագրենք, որ Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում, սկսած 1919 թվականից երբևէ արդար ընտրություններ չեն եղել։ Որպես կանոն, իշխող քաղաքական ուժը կիրառելով ողջ պետական համակարգը՝ ինքնավերարտադրվել է։ Միակ բացառությունը, ընտրությունների միջոցով իշխանափոխության տեղի ունեցավ 1990թ․ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններից հետո, երբ իշխող Հայաստանի Կոմկուսը հավաքեց ձայների անհրաժեշտ մեծամասնությունը, բայց զիջեց իշխանությունը։ Այդ ժամանակ արձանագրվեց, ինչպես ասում են, առաջին առնետավազքը, հանձին մի քանի կոմունիստների։ Մյուս երեք դեպքերում. 1920, 1998, 2018 թվականներին Հայաստանում իշխանափոխությունը կատարվել է, կամ Հայաստանի օկուպացիայի, կամ պալատական հեղաշրջման, կամ այսպես կոչված հեղափոխության միջոցով։

Սակայն Հայաստանի ողջ ընտրական պատմության մեջ, ես կառանձնացնեի 2021թ․ հունիսին տեղի ունեցած ընտրությունները։ Ո՞վ կպատկերացներ, որ երկիրը պարտության մատնած, հազարավոր զոհեր, ահռելի տարածքային կորուստներ տված, վարչապետ կոչեցյալն իր ՔՊ-ով կվերարտադրվի։ Այդ ընտրություններն իրենց կեղծիքներով՝ ահաբեկումներ, քրեական գործեր, կալանքներ, վարչական ահռելի ռեսուրսի կիրառում, գերազանցեցին մինչ այդ եղած բոլոր ընտրությունների ժամանակ եղած խախտումները։ Եվ, խիստ պայմանական ասած, եթե նախկինում, նույն վարչական կառույցների ներկայացուցիչները, ծառայելով գործող իշխանությանը, նպաստում էին նրա վերարտադրմանը, ունեին արդարացում, այն է՝ անվտանգ Արցախը։ Եվ այս տեսակետից 2021թ․ընտրություններ կոչվող ֆարսը ցույց տվեց, որ պետական կոչվող կառույցներն` իրենց ղեկավարներով և անձնակազմով, բացարձակապես զուրկ են պետական մտածողությունից և միայն անձնական բարեկեցությունն է նրանց հետաքրքրում։ Արձանագրենք նաև, որ վարչապետ կոչեցյալը, պատրաստ է ցանկացած գնով պահել իշխանությունը, դա կլինի նոր տարածքների, թե հարյուրավոր զոհերի հաշվին։ Ավելին, նա չի հանդուրժում նույնիսկ որևէ փոքր համայնքում, բուհում, մշակութային կամ գիտական հիմնարկում ոչ ՔՊ-ական ղեկավար։ Այնպես որ, չնայած իր և ՔՊ-ի Երևանում զրոյական վարկանիշը, վարչապետ կոչեցյալը դիմելու է ցանկացած անօրինականության։

Այս ամենով հանդերձ, արձանագրենք նաև, որ Երևանի ավագանու ընտրություններն այս տարի իսկապես բացառիկ են։ Նախ, հաշվի առնենք, որ Երևանը Հայաստանի ոչ միայն մայրաքաղաքն է, այլև քաղաքական հիմնական գործընթացների կենտրոնը։ Հայաստանում բոլոր քաղաքական փոփոխություններն, այդ թվում իշխանափոխությունը, կախված է Երևանից։ Այսպես ասած, «հաղթելու» դեպքում, վարչապետ կոչեցյալը կհայտարարի, որ ժողովուրդն իր հետ է, համաձայն է Արցախն Ադրբեջանի տարածք համարելու հետ և հանգիստ խղճով կգնա Ադրբեջանին հերթական զիջումների, այս անգամ Հայաստանի տարածքների հաշվին։ Այնպես որ, ընդդիմությունն այս ամենը գիտակցելով, պետք է ամեն քայլի դիմի, թույլ չտալու վարչապետ կոչեցյալի ինքնավերարտադրումը։

- Բուն քարոզաշավի մասին ի՞նչ կասեք: Ո՞ր ուժերին կառանձնացնեք:

- Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, բացի մեկից, իմ համոզմամբ խաղում են, վարչապետ կոչեցյալի խաղի կանոններով։ Չեմ ցանկանում, առանձին առանձին անդրադառնալ նրանց քարոզարշավներին։ Բերեմ երկու օրինակ․«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար, նախկին լուսավորյալ տիկինը, որը չստորագրեց հակասահմանադրական օրենքի հարցը ՍԴ դիմելու դիմումը, խոսում է Երևանում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու մասին։ Չեմ հավատում, որ նա այդքան միամիտ է, որ չիմանա վարչապետ կոչեցյալի կերպարը։ Հաջորդը, որի մասին կուզենայի խոսել, նախկին գավառական միմոս-քաղաքապետն է։ Պատահական չեմ համարում երեկվանից սկսած ԱԺԲ-ի ակցիաները։ Շուտով նրանք կհայտարարեն, որ միմոսն իրենց թեկնածուն է։ Սա այն նույն ուժերի պահեստային տարբերակն է, որոնք իշխանության բերեցին այսօրվա վարչապետ կոչեցյալին։

Ընտրություններին մասնակցող միակ ուժը, որը դնում է իշխանափոխության նպատակ՝ «Մայր Հայաստան» դաշինքն է։ «Մայր Հայաստան» դաշինքն այպիսով իր վրա վերցնում է ծանր պատասխանատվություն, քանի որ պատրաստվում է ընտրությունները վերածել իշխանափոխության։ Սա ենթադրում է ոչ միայն սուր քարոզարշավ, այլև վճռական գործողություններ հետընտրական գործընթացներում։

-Խորհրդարանական ընդդիմության պասիվության մասին ի՞նչ կասեք:

-Չեմ հասկանում նրանց պահվածքը։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է գնալ աշխատանքի ԱԺ և տեսնել Արցախն ուրացած ՔՊ-ականների դեմքերը, նրանց հետ զրուցել, վիճել, նրանց կողմից հրապարակային հայհոյանքներ լսել իրենց հասցեին, նվաստանալ, նրանց հետ համատեղ մեկնել գործուղումներ, սրճել, լուսանկարվել։

Իսկապես, չեմ հասկանում։