ՀՀ նախագահի մրցանակին արժանացել է Լեւոն Ջավախյանի ժողովածուն

ՀՀ նախագահի մրցանակին արժանացել է Լեւոն Ջավախյանի ժողովածուն
Լեւոն Ջավախյան

Մենք արդեն գրել ենք, որ այս տարի ՀՀ նախագահի մրցանակի համար գրականության ոլորտում աննախադեպ մեծ թվով հայտեր էին ներկայացվել՝ 33 գործ, բայց 2-րդ փուլ էր անցել 5 գործ։ Թեեւ հանձնաժողովն արդյունքները պետք է հանրայնացներ հունիսին, բայց արդեն հայտնի է, թե ինչպես է դասավորվել ՀՀ նախագահի մրցանակի ճակատագիրը։ Մենք ուրախությամբ տեղեկացանք, որ  մրցութային հանձնաժողովի 7 անդամները միաձայն ընտրել են արձակագիր Լեւոն Ջավախյանի «Ծնկան ծերին» պատմվածքների ժողովածուն, որտեղ ընդգրկված պատմվածքները տպագրվել են «Հրապարակ» օրաթերթի էջերում։ Ի դեպ, «Հրապարակի» խմբագիրն էլ երաշխավորական նամակով ներկայացրել էր Ջավախյանի ժողովածուն ՀՀ նախագահի մրցանակային հանձնաժողովի ուշադրությանը։

Հանձնաժողովի նախագահ, գրականագետ Ազատ Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ քանի որ ինքը հանձնաժողովի նախագահն է, մինչեւ պաշտոնական հրապարակումը ոչինչ չի կարող ասել՝ ակնարկելով, որ եթե լուրը տարածվել է, իր մեկնաբանությունն արդեն իսկ ավելորդ է։

Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակը շնորհվում է ամեն տարի` լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների համար, իսկ որպես մրցանակ՝ շնորհվում է մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Վերնիսաժում իր հացը վաստակող գրողի համար սա փոքր գումար չէ։

Շնորհավորում ենք Լեւոն Ջավախյանին՝ բարձր մրցանակի արժանանալու համար։